20 01 2021

«Կարճ ասած»․ Հրահանգ ունեն գերիների հարցը գցել Պուտինի գրպանը



 

Պատերազմի օրերին բազմաթիվ սարսափեցնող բաների մասին էինք իմանում, բայց չէինք կարող հրապարակել, քանի որ տուգանքի ու քրեական գործերի սպառնալիքի տակ էինք։ Հանրության մեջ տարբեր լուրեր էին շրջանառվում․ օրինակ՝ որ մեր եղբայրների դիերը գտնվում են Սպայկայի ֆուռերում։ Մի մասը ասում էին, թե պահել են, որովհետև հնարավոր չէ ինդենտիֆիկացնել, մի մասն ասում էին՝ պահել են, որ զոհերի թիվը հայտնեն մաս-մաս։ Փաստը մնում է փաստ, որ զոհերի անունները ամբողջական չեն հայտնում մինչև հիմա, պատերազմի ավարտից ավելի քան 2 ամիս հետո։ Կեսինը տվեցին, մյուս կեսինը չեն տալիս, վերջում էլ համարեցին գաղտնիք։

Երկու պատերազմի մասնակից քաղաքացիներից մեկը օրերս նշում էր, որ կորոնավիրուսից մահերի թիվը վարակվածների թվին չի համադրվում, ամենայն հավանականությամբ՝ պատերազմի զոհերին հաշվում են որպես կորոնավիրուսից մահացած, որ փոխհատուցում չտան։ Գուցե սուտ է, ժողովուրդ, բայց բանն այն է, որ արդեն ամեն ինչի հավատում ենք սրանցից, մանավանդ որ իրականությունը թաքցնում են ու անընդհատ ստում։ Պետք է, պետք չի՝ ստում են։

«Ռազմինֆո» կայքը արդեն 50 զոհի անուն է հրապարակել, որոնք պաշտպանության նախարարության ցանկերում չկան։ Մարդիկ հուղարկավորության են մասնակցում, հետո ցուցակում չեն գտնում զոհվածի անունը։ Սա առնվազն անարգանք է այդ մարդկանց նկատմամբ, իրական հերոսների, որոնք դարձան անհայտ հերոս։ Նիկոլ Փաշինյանն պատերազմի ավարտից հետո ասում էր, որ խաղաղություն է մեր երկրին բերել։ Բայց ռազմական փորձագետը հրապարակեց տվյալ, որ այսպես կոչված խաղաղությունից հետո առնվազն 15 զինվորական է զոհվել։ ՊՆ-ն մինչ օրս չի հայտնել այդ մասին։ Պատերազմից հետո, պատկերացնո՞ւմ եք, 100-ից ավելի գերի ենք տվել։ Պատասխան տվող չկա։ Հարցեր ես տալիս, ասում են գաղտնիք է, մի քիչ էլ պնդում ես, ասում են՝ գնացեք Պուտինից ուզեք։ Որ ասում ես, բա դու՞ք ինչի համար եք, էլի պատասխան չունեն։ Երևի դա էլ է, գաղտնիք, մտածում են։ Մտածում թն, մտածում են, չեն հասկանում։ Մենք էլ չենք հասկանում։

Հարցնում ես, այ ընգեր, եթե մենք ունենք գերիներ այդ երկրում, իր հետ ո՞նց եք տնտեսական հարաբերություն հաստատելու։ Կարող է, չէ՞ այդ երկիր մտած ցանկացած հայ դառնա գերի։ Մեղավորի դեմքով նայում են դենքիդ, թե ի՞նչ ես ուզում մեզանից։

Չկարողանալով գերիների հարցերով պատասխաններ տալ, սկսել են անկապ թեզեր մեջտեղ բերել։ Քոչարյան Անդոնն, Իգիթյան Հովհաննեսն ու մի քանի իշխանական պատգամավոր ասում են, թե գերիների մասին երբ այստեղ շատեք խոսում, ուրեմն շահարկում եք, բերելն էլ դժվարանում է։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է հրավիրում նրանց հարազատներին ու ասում՝ ընդդիմությունը ցույցեր է անում ու խանգարում է, դուրս եկեք ասեք՝ չանեն։ Ազգային ժողովի պատգամավորներն էլ հանդիպում են ու երկար-բարակ քննարկում գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները։ Հիմա ո՞նց արդեն սրանց բացատրենք, որ հասկանան՝ գերիների վերադարձի հարցով մեկ խոչընդոտ կա՝ Նիկոլ Փաշինյան։ Զարմանում եմ միայն, ինչպե՞ս այդ ամենը դեռ չեն հասկացել, այդ գերի ընկածների հարազատները, որ մինչ օրս դեռ գնում-նստում են հետը բան են քննարկում։ Չնայած, դե ճար էլ չունեն, հիմա հրավիրում են, հնարավոր է մի բան ասի։ Բայց չի ասում ու ցավոք ոչինչ չի անում։ Երևի սա էլ է գցում Պուտինի վրա։ Վաղն էլ կասի, դե Թրամփը կարար լուծեր, էն էլ արդեն պաշտոնաթող է։

Մարդը հայտարարում է՝ ամենաշատ գերին իմ կառավարությունն է բերել։ Նախ սուտ է։ Իր կառավարությունը ոչինչ չի բերել, բերել է Ռուսաստանի Դաշնությունը։ Բայց անգամ եթե քո կառավարությունը բերած լիներ, ստացվում է Նիկոլը մեղադրում է նախկիններին, որ նրանց ժամանակ գերի չե՞ն ընկել, որ վերադարձնեին, որ չստացվեր, թե ամենաշատ գերին Նիկոլն է բերել։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը լուրջ դեմքով ասում է՝ գերիների հարցը մեկ օրվա լուծելու հարց չէ։ Պատերազմից 70 օր հետո ասում է՝ մեկ օրվա լուծելու հարց չէ։ Եղբայր, ի՞նչ մեկ օր, դու 70 օրում չես լուծել։ Ռուսաստանի արտաքին գործոց նախարարն էլ արձագանքում է նրան՝ ասելով, որ եթե ամբողջական ցուցակը տային, պատճառ բերելով Հայաստանի կողմից ցուցակների թերի լինելը, մեկ օրում կբերեինք։ Հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ։ Մարդիկ, որ 44 գերի բերեցին, կկարողանային բերել 144 գերի, բայց չեն բերել, որովհետև Նիկոլը ցուցակը երևի թե պահել է սեյֆում։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե գերիներին բերեր-վերջացներ, կասեին՝ դու մնացել ես էլ ում ես պետք, վեր-կաց գնա։

Նիկոլ Փաշինյանին իրականում պետք չէ, որ էդ գերիները շուտ վերադարձվեն, նրան պետք է, որ գերիները այնտեղ մնան, որ շահարկի հարցը, թե՝ ժողովուրդ ջան, թողեք զբաղվում եմ։ Այդ ամենն ասելուց հետո, իր քայլականներին ցուցում է տալիս բոլոր սլաքներն ուղղել Ռուսաստանի ու Պուտինի կողմը։ Հովհաննես Իգիթյանն ասում է, թե գերիների հարցը Պուտինի մի զանգի հարց է, ուրեմն պետք է Ռուսաստանը լուծի։ Լուրջ ես ասո՞ւմ։ Եթե գերիների հարցը պետք է լուծի Ռուսաստանը, անհետ կորածներինը, անվտանգության հարցերը, անգամ Արցախի քաղաքացիներին Ռուսաստանը պետք է պատվաստի կորոնավուիրուսի դեմ, էլ դուք ձեր ձրիակերների խմբակուվ ու առաջնորդով ժողովրդի մարմնի ո՞ր մասին եք պետք, կասե՞ք։

Ասում են գերիների հարցը միայն Ռուսաստանը կարող է լուծել․ իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանին հարցնում են բա ինչի՞ ցուցակը չեք տվել Ռուսաստանին, ասում է՝ որովհետև գաղտնիք է։ Ասում են՝ եթե մենք մեր գերների թիվն ասենք, նրանց կյանքը կվտանգենք։ Հիմարության գագաթնակետն է։ Ուզում եք ասել, որ Ադրբեջանը չգիտի՞ որ մեզնից գերի ունի։ Ո՞նց ենք վտանգելու։ Եթե ասեք, որ ունենք 100 գերի, նրանց կյանքը ինչո՞վ է ավելի վտանգվում, քան հիմա է։ Էս ո՞ւմ եք էշի տեղ դնում, այ անուղեղներ, ձեր տխմար հալով։ Բա որ ասելով կվտանգեք, բերելը կդժվարացնեք, բա չասելով ինչո՞ւ չեք բերել մինչև հիմա։ Մարդ չգիտի ինչ ասի՝ հայհոյի, թե ինչ անի։

Ինչ հիմարություն ուզում եք՝ ասեք, գերիները Նիկոլի ձեռքին են պատանդ, նա չի բերելու, բայց գերիների ֆոնին իր հարցերն է լուծելու։ Երբ Ադրբեջանը բարձրացրեց բոլորը բոլորի դիմաց թեզը, մենք դեմ էինք, ասում էինք՝ ո՞նց կարող է մեր ռազմագերիներին իրենց դիվերսանտների հետ փոխեն։ Բայց պարզվում է՝ բոլորը բոլորին դիմաց սկզբունքով Ադրբեջանը բոլորին ստացավ ու մերոնց չի տալիս, ասում է՝ դիվերասնտ են։ Նիկոլը չկարողացավ մի կոզր պահել ձեռքում, առաջին իսկ հանդիպմանը տվեց էն ամենը, ինչը դեռ չէր տվել Ալիևին։ Հիմա Նիկոլը էլ տալու բան չունի, բացի նոր տարածքներից։

Կարճ ասած՝ ժողովուրդ, ո՞ր մեկիս համար ինչն է կարևոր ու առաջնահերթ․ ձեզ համար ձեր երեխեքն են կարևոր, որ ուզում եք ամեն գնով հետ բերել, թեկուզ՝ տարածքի։ Էն մարդուն, որի հողն ու տունը Նիկոլը տալիս է թշնամուն, հետաքրքրում է իր տունը, որը սարքել է քրտնաջան աշխատանքով, իր հողը, որը ապրուստի միջոցն է, իր ծնողների գերեզմանը, որը իր գյուղում է, էդ մարդու համար ոչ թե գերին է կարևոր, այլ իր հողը։ Նիկոլի համար էլ ո՛չ հողն է կարևոր, ո՛չ, հողատերը, ո՛չ գերին․ նրա համար էլ կարևոր է իր պաշտոնն ու բիզնեսը, գործարքները, փողը։ Էս երեք բանը իրար հետ չեն համատեղվում։ Վստահ եմ՝ անուն առ անուն իշխանությունը գիտի բոլոր գերիների անունները։ Բայց նա եթե պետք լինի, մի հարյուրին կամ հազարին էլ գերի կտա, միայն թե իր իշխանությունը երկարաձգի։ Սա՛ է իրականությունը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ