19 01 2021

«Կարճ ասած»․ Շուշին հանձնողների ու Շուշին ազատագրողների մասին



 

Կապիտուլյացիոն խայտառակ համաձայնագրի ստորագրումից անցել է 70 օր։ Ի՞նչ ունենք մենք համազգային խայտառակությունից 70 օր անց։ Ասեմ, ավելի ճիշտ՝ հիշեցնեմ․ 5 հազար տղերք հողի տակ են, ունենք դեռևս բազմաթիվ գերիներ՝ թշնամու մոտ, ունենք բազմաթիվ անհետ կորածներ, ունենք հանձնած Արցախի չորս հինգերրորդ մաս, տասնյակ հազարավոր Արցացիներ այլևս չունեն տուն, Արդբեջանի նախագահի ընտանիքը Շուշին է վայելում, մեր վարչապետի տիկինն ու երեխաները Մսկվայւմ կյանքն են վայելում, Նիկոլ Փաշինյանն էլ շարունակում է մնալ իր պոստին։ Ժողովուրդ, հեղափոխությունից ստացար սա՛։ Հիմա ո՞վ ինչ ասի, իմքայլական պատգամավորներն ինչ ասեն, Փաշինյանը որքան ցանկանա նույն կադրերով կառավարչություն ռեսթարթ անել, նախարարին բերել այնտեղ, էն մի նախարարին տանել այնտեղ և այլն, մեկ է՝ իրավիճակը սա՛ է, ու չի էլ փոխվելու։ Արձանագրենք՝ ձեզանից ոչ ոք չի կարող ասել գոնե 3 դրական բան, որ Փաշինյանը արել է մեր երկրում, իսկ բացասական՝ շատ։

Իմքայլական պատգամավորն ասում է, որ այս պահին լավագույն բանակցողը Նիկոլ Փաշինյանն է։ Թքած որ նա ոչ մի գերու չի բերել, թքած, որ նա չի կարողացել մեկ հաջողության հասնել Մոսկվայում ու միակ օգուտը եղել է Պուտինի հետ սեղան նստելը ու դրա շրջանակներում Ալիևի հետ կենաց ասելը, թքած, թե այս պարտությունը ուղիղ նրա մեղքով է, ու մասնավորապես՝ նրա վատ, սխալ ու դավաճանական բանակցելու արդյունք է, մեկ է՝ իրենց կարծիքով ամենից լավ բանակցողը Նիկոլն է։ Մենք տեսնում ենք, որ կապիտուլյացիայից հետո մեր պարտությունները չեն ավարտվում, դադար չունեն, շարունակում ենք տալ։ Մենք ասում ենք, որ քանի Նիկոլը կա, մենք հա տալու ենք մեր սահմաններից։ Բայց նա էլ չի գնում, վախենում է, նրա համար ավելի հեշտ է բոլորը տալ, միայն թե, մի փոքր էլ կարողանա օգտվել անվտանգության աշխատակիցներից։ Նա չի դատվում, բայց նրա անմիջական ցուցումով բացված ամենաայլանդակ քրեական գործը շարունակում է մեզանից ջանքեր, նյարդեր ու արժանապատվություն մաշեցնել։

Այսօր Հայաստանի հերթական խայտառակության օրն էր։ Վստահ եմ, հանրությունն այսօր կուզենար տեսնել մեր երկիրը թուրքին ծախածների դատապարտվելը, հանցագործության բացահայտումները․ բայց չէ, մենք տեսնում ենք, որ դեռևս երկիրը ծախածներն են դատողի դերում։ Սահմանադրական կարգը հազար անգամ տապալած իշխանության ցուցումով այսօր կրկին սահմանադրական կարգի իբր տապալման գործն էր քննվում։

Սա այն իշխանությունն է, որ Շուշիի ազատագրման օրը դատում էր ազատագրողներին, սա այն իշխանությունն է, որ պատերազմի օրերին հերոսներին դատելու համար նիստ էր նշանակել, սա այն դատախազությունն էր, որ հարցնում էր, թե ինչու պատերազմին մասնակից Սեյրան Օհանյանը դատական նիստին ներկա չէ։ Այսօր դատական հերթական նիստն էր։ Այս իշխանությունը, հողերը տվեց, երկիրը տվեց ու էլի վերադարձավ բնականոն հուն՝ սարքած գործը, էժան շոուն շարունակելու։

Հիմա Նիկոլին հնչեղություն է պետք, այս համատարած տգիտության ու դավաճանության մեջ նրան երևի թե պետք է շոուն շարունակել, մոռացնել տալ հայրենիքի վաճառքը։ Բայց չի ստացվում։ Էս գործը սահմանադրական կարգի տապալման հետ որևէ կապ չունի, առավել ևս որևէ կապ չունի մարտի 1-ի հետ։ Սա ընդամենը բացվել էր նրա համար, որպեսզի Արցախն ազատագրողներին վարկաբեկեն, մեկուսացնեն, որպեսզի նրանց ուշադրոթւյունը շեղեն, մաշեցնեն նրանց նյարդերը, ջանքերը, հնարավորությունները, որպեսզի նրանք չկարողանան այլևս հաջորդ պատերազմում դերակատար լինել։ Այո, ճիշտ են նշում, սա Շուշին հանձնողների դատն է Շուշին ազատագրածների դեմ։ Առանց կրակոցի Շուշին նվիրողները դատում են Շուշին ազատագրողներին։ Լա՞վ տեսարան էր Ալիևի՝ Շուշիում չայ խմելը։ Դուրներդ եկա՞վ։ Դատարանում նստածներն էին արյան գնով ազատագրել, նվազագույն կորուստներով, բայց սոցիալական ու տնտեսական մեծ զրկանքներով, համազգային ջանքերով վերականգնել։ Սրանք էլ մեծ զոհ տվեցին, բայց՝ այն հանձնելու համար, երկիրը հանձնելու համար, կարծես այդ զոհերը Նիկոլը որպես փոխհատուցում տվեց Ադրբեջանին նրա 30 տարվա նվաստացման դիմաց։ Մի իշխանավորի անուն տվեք, որ այս կապիտուլյացիայից հետո Շուշին համարել է օկուպացված, Հադրութը համարել է օկուպացված կամ Շուռնուխը։ Ոչ, ընդհակառակը, սրանք ասում են, թե մենք էինք օկուպացրել։ Այո, սա Ալիևի վրեժն էր ընդդեմ Քոչարյանի։ Վրեժ է, որ հողը չտվեցին թուրքին։

Հիմա ո՞վ է հավատում էդ սարքած գործին․ հանրությունը արդյո՞ք հիմա հետաքրքրված է դրանով, արդյո՞ք հավատում է։ Եթե 2018 թվականին շատերը կային, որ մտածում էին, թե Նիկոլն արդարադատություն է անում, ամիսներ անց, սակայն, հասկացան ու արդեն ասում էին, որ սա Նիկոլի սարքածն է։ Բայց հիմա, արդեն, վստահ են, որ սա Ալիևն է սարքել՝ Նիկոլի միջոցով, Հայաստանի թշնամիները, որոնք այստեղ իրենց ագենտներն ու դեսանտներն ունեն։

Էս գործը ավարտված էր ի սկզբանե։ Էս սարքած գործը ևս հայրենիք ծախելու մի օղակն էր։ Նախ թուլացրին ՀԱՊԿ-ում մեր դիրքերը, հետո ինչ անուն ասես կպցրին գեներալներին, հետո պաշտոնավարման օրոք ամենամեծ հաջողություններ երկրին բերած նախագահին փորձեցին ներկայացնել մարդասպան։ Ի սկզբանե, շատերը ասում էին, որ դա կապված է Արցախում գործընթացների հետ։ Բայց նաև էս գործի շրջանակներում մարդիկ կան պաշտոնի բարձրացում ունեցան, մեդալ ստացան։ Օգնեցին Հայրենիք տալ ու ունեցան առաջխաղացում։ Ինչո՞վ են օգնել տալ, որովհետև սուտ մեղադրանքն են պաշտպանել, ժամանակ են մեռցրել, ազատագրողներին կալանքի տակ են պահել, որ Նիկոլը հանգիստ իր դավադրությունն անի։ Մարտի 1-ի գործը շահարկելով քանի՞ հոգու վրա են քար նետել, քանի՞ հոգու են նվաստացրել, քանի՞ հոգի են իրենց ճակագիրը դզել, քանի՞ հոգի են բիզնես արել, քանի հոգի են դրա ֆոնին տապալել սահմանադրական կարգը։ Կապիտուլյացիայից հետո նախագահը Մխիթար Գոշ Մեդալ է տալիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, որն այս շինծու գործի քավորն է։ Էդ ո՞ր ծառայության դիմաց, միգուցե ծառայությունն ավարտելու՞ համար։

Ուզում եք մարտի 1-ի զոհերի՞ց խոսել․ դե ասում եմ՝ որտեղ կա Նիկոլ Փաշինյանը, էնտեղ կան զոհեր՝ 10 հոգի 2008 թվականի մարտի 1-ին, 3741-ը՝ կորոնավիրուսից, 5 հազարը՝ պատերազմում։ Մարտի 1-ին զոհերը քիչ եղան, որովհետև երկրորդ նախագահը կանխեց, դա ավելի մեծ ծրագիր էր վստահաբար, իսկ մյուս երկուսում Նիկոլի ձեռքից բռնող չեղավ, ու տեսանք ինչ եղավ։ 10 զոհերի մահվան հանգամանքները պարզված չեն, բայց կան Կորոնավիրուսից զոհերի մահվան հանգամանքները․ ինքը՝ Նիկոլն անգամ ասում էր, որ մենք չկարողացանք բժշկական օգնություն ցույց տալ և մարդ մահացավ։ Պատերազմի 5 հազար զոհի մահվան հանգամանքը կա․ Նիկոլ Փաշինյանն ինքը ասաց՝ ես գնացի պատերազմի ճանապարհով, որ չասեն դավաճան։ Նիկոլ Փաշինյանը մեզ 44 օր ասում էր գնացեք կենաց ու մահու կռվի, հաղթում ենք, հետո հողերը տվեց։ Ու վերջում էլ էդ դիակների ֆոնին խրախճանք էր անում Ալիևի հետ։ Սրանք կորուստ էին տալիս, որովհետև Նիկոլի համար կյանքն արժեք չունի, Հայրենիքը նույնպես։

Նիկոլ Փաշինյանի ցուցումով քրեական գործեր բացվեցին 3 գեներալ-գնդապետների վրա։ Մինչև այժմ նրանց դեմ մեկ բան չեն բացահայտել։ Միայն վարկաբեկել են՝ տակը չունենալով ոչ մի փաստ․ կարո՞ղ եք ասել, թե Փաշինյանը կարո՞ղ է երբևէ իր էս թիմով անել գեներալների արածների 10 տոկոսը, նրանք հաղթանակ բերեցին, որ դարերով չէր եղել։ Կարո՞ղ եք ասել, թե Փաշինյանը քանի դար հետո Հայաստանը կբերի էն վիճակին, ինչ վիճակի էր Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Նայեք որևէ տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքական, անվտանգության և այլ ցուցանիշ ու համեմատեք։

Ժողովուրդը, որ անտարբեր է երկիրը հանձնելու նկատմամբ, անտարբեր է քաղաքական հետապնդումների նկատմամբ, անտարբեր է հերոսներին դավաճան սարքելու նկատմամբ, իսկ դավաճանին՝ հերոսացնելու, անտարբեր է գործակալների առկայության նկատմամբ, անտարբեր է էն հարցի շուրջ, որ իրեն ամեն օր թալանում են ու ստում, ու հավատում է այդ ստերին, տեսնո՞ւմ է, արդյոք, թե իր լռությամբ, անտարբերությամբ ինչ եղավ, ինչի հասանք։ Բոլորովին կարևոր չէ, թե քաղաքական որ ուժին ես աջակցում, կարևոր է՝ էս մանր բաները հասկանո՞ւմ է, թե ոչ։ Ադրբեջանն ու Թուրքիան ցուցադրաբար պատրաստվում էին պատերազմին, Փաշինյանի իշխանությունը քրգործեր էր հարուցում, ու մարդիկ հրճվում էին։ Այն դատախազները որ մինչ հիմա այդ նույն գործով մտնում են դատարան, արդյոք հասկանո՞ւմ են իրենց մասնակցությունը այս ամենի մեջ։ Դատավոր Դանիբեկյանը արդյոք հասկանո՞ւմ է, թե ինչ է արժեցել մեր պետության ու Արցախի համար, այն կալանքները, որը թողնում էր անփոփոխ։ Երկուսուկես տարի առաջ, երբ Քոչարյանի դեմ գործ էին սարքում, խոսացողները քիչ էին, հետո գործ սարքելը հասավ շատերին, հետո դրան հաջորդեցին Նիկոլի բերած շատ աղետներ, ու մենք տեսանք, որ ամեն ինչ սկսեց մի քրեական գործից, ու հիմա բոլորս կորուստ ունենք։

Կարճ ասած՝ իշխանությունը ձեռքից բաց չի թողնում խայտառակելու և ոչ մի հնարավորություն։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ էդ կապիտուլյացիոն պայմանագրի թաքնված հավելվածներից մեկն էլ այս՝ Քոչարյանի դեմ գործի շարունակման պահանջն է։ Այս գործի ապագան կարճելն է, բայց արդյո՞ք պետք է այդպես անցնի գնա, արդյո՞ք պետք է պատասխան տվողներ չլինեն։ Արդյո՞ք պետք է մարդիկ, որոնք սարքեցին սա ու նպաստեցին մեր հաղթանակները թոզմիշ անելուն, շարունակեն ապրել այնպես, ասես ոչինչ չի եղել։ Այնպես, ինչպես Աննա Հակոբյանը Մոսկվայում՝ շոփինգի է գնում, կամ երեկոյան ընթրիքներ անում։ Ոչ մեկս չենք կարողանում ապրել ինչպես նախկինում, իսկ իրենք կարողանում են։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ