15 01 2021

«Կարճ ասած»․ Նիկոլ Փաշինյանը կատարեց երկու ընտանիքի երազանք՝ իր և Ալիևների



Շատ է խոսվում այն մասին թե այդ ո՞վ է շահել կամ մեր երկիրը ի՞նչ է ստացել, Նիկոլի իշխանափոխությունից, որ մի հատ էլ դեռ պաշտպանողներ ունի։ Քիչ են այդ պաշտպանողները, բայց կան։ Իսկ որ ոչ ոք ոչինչ չի շահել, այդպես չէ։ Երկու ընտանիք Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց լիովին իրականացրել են իրենց  վաղեմի երազանքները դրանք են՝ մեկը իր, այսինքն Փաշինյան Նիկոլի ընտանիքն է, մյուսը՝ Ալիևների։

Երեկ մենք տեսանյութեր դիտեցինք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի կինը և դուստրերը մեկնեցին Մոսկվա։ Մի կողմ դնեմ նրանց ցուցաբերած ընդունելությունը տեղում՝ հայհոյանք, դավաճան վանկարկումներ և այլն։

Մոսկվա, շքեղ մեգապոլիս, աշխարհի լավագույն մայրաքաղաքներից, այն էլ՝ երեկոյան, ամանորյա լույսերի տակ։ Վայրէջք կատարելուց հետո դիմավորում են դեսպանատան աշխատակիցներ, տասնայկներով անվտանգության աշխատակիցներ պահպանում են, նստեցնում շքեղ մերսեդեսը, ու շարասյունով տանում Մոսկվայի թանկարժեք հյուրանոցներից մեկը։ Այնուհետ նախապես պատվիրված ընթրիք՝ էլի ամենաթանկ ռեստորաններից մեկում՝ խմբի ուղեկցությամբ, կենտրոնում իրենք են։

Հաջորդ օրը շոփինգի է դուրս գալիս, շքեղ խանութներ, ամանորյա զեղչեր, բոլոր տեղերում ժպտում են, ուրախ, ոչ ոք պատերազմից չի խոսում։ Երազանքի է նման, այսպես, մեր գորշ ու սգավոր ամանորից հետո, վայելել շքեղ մոսկովյան հաճույքները։ Վստահ եմ՝ իրենց ընտանիքի երազանքն է եղել հենց այդպես վայելել Մոսկվան, ու իրենք իրականացնում են, խնդիր չունենալով, թե որքան այլ հայ ընտանիքներ դեռևս 18-20 ամյա երեխա են հողին հանձնում։ Անգամ որևէ պարտավորություն չեն զգում բարոյականության տեսանկյունից։ Հին նոր տարին նշել արքայավայել՝ մոռանալով, որ նաև քո պատճառով շատերը նոր տարին նշեցին Եռաբլուրում։ Նրանք, երազանքներ չունեն, մարել է ամենը, իսկ դե մարդիկ էլ կան, որոնք իրենց երազանքները իրականացնում են, չնայած այդ ամենին։

Նույն օրը Իլհամ Ալիևը կնոջ ու դստեր հետ ոտք դրեց մեզ համար Արցախի ու հաղթանակի սիմվոլ, Նիկոլի համար գորշ ու դժգույն, Ալիևի համար՝ իսլամական մշակույթի կենտրոն Շուշի։ Ասում են՝ Արցախում տաք եղանակ է, օդը մաքուր, Ալիևը կնոջն ու դստերը վերցրել-մեքենայով քշել է Շուշին տեսնելու։ 30 տարի չի կարողացել, հիմա կարող է։ Ինչո՞վ երազանք չէ։ Հրապարակեցին լուսանկարներ, տեսանյութ Ալիևը՝ Ղազանչեցող եկեղեցում, Ալիևը՝ զբոսայգում և այլն։ Կնոջ հետ սելֆիներ է անում։ Ալիևը լուսանկար է հրապարակում իր երիտասարդ տարիներից հոր հետ Շուշիում էր նրանց՝ էնտեղից քշելուց առաջ։ Հիմա նույն վայրում է ու ցույց է տալիս, որ կատարել է երևի թե հորը տված խոստումը՝ իր երազանքը ու հիմա նախագահի ու հաղթածի կարգավիճակով նույն Շուշիում է։ Նա, իհարկե, կարող է գլուխ գովել, թե եկել-գրավել է, բայց ինքը շատ լավ գիտի, որ Նիկոլն է, որ կատարեց իր ու իր հոր երազանքը, ազատեց հայկական Շուշին․․․ Հայերից։

Բայց չմոռանանք, որ Նիկոլը Ալիևի երազանքը կատարելուց, այն կատարեց նաև մեր պետության հաշվին, մեր եղբայրների հաշվին, նրանց արյան գնով, կորուստների ու ողբերգության, նվաստացման հաշվին։ Այն վայրում, որտեղ դրված էր Վազգեն Սարգսյանի մեծ ու տիրական հուշարձանը, հիմա Ալիևը փոխել է արձանը՝ Վազգեն Սարգսյանինը պայթեցնելուց ու պղծելուց հետո։ Վազգենի ախպերն էլ Նիկոլի հետ քննարկում է, թե ոնց անի, որ Նիկոլը արտահերթ ընտրություն անի ու ճիշտ կլինի մնա իշխանության, երևի ամեն բան լավ է արել, Արամի սրտով է այս ամենը, Ալիևի Շուշվա տեսանյութերն էլ նայում՝ ուրախանում է։

Հիշու՞մ եք, 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ասուլիսում Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրում էր Արցախ Մուղամ լսելու, թեյ խմելու։ Փաստորեն՝ մեկ տարի անց, Մեհրիբան խանումը, ընդունել է հրավերը և մուղամ է լսում Շուշիում։ Իսկ Աննան իր հերթին է հաճույք վայելում՝ թռել է Մոսկվա, հետտոնական զեղչերը բաց չթողնելու։ Երեկվանից մոսկովյան աղբյուրները հայտնեցին որ տուն է փնտրում, միգուցե տեղափոխվի մշտական բնակության, ասում են՝ անձնագիր են ստանալու, Պուտինը չի մերժել։ Հավատում եմ։ Ամենից հավանական սցենարը կարող է լինել, գնան Պուտինին հուզված ձայներով խնդրեն, թե մեզ Հայաստանում կհոշոտեն, թույլ տվեք գանք Ռուսաստան, երեխաներ ունենք և այլն․․․Դե մարդու սիրտը չի տարել, խոսք է տվել, համաձայնվել է։ Վերջ, այդ երազանքն էլ ունեին, դա էլ եղավ։ Մնում եք մենք՝ մեր դեռ աճուրդի հանված հայրենիքում։

Հարց եմ ուզում տալ քեզ, սովորական քաղաքացի, կամ նույնիս Սփյուռքի հայրենակից։ Քեզանից քանի՞սն են հիմա կարողանում հայրենասիրական խրոխտ երգեր լսել։ Ես չեմ կարողանում, ինձ համար հայրենասիրական երգերն արդեն կորցրած, դավաճանությամբ հանձնած, ծախած հայրենիքի մասին է։ Հզոր ու հաղթական Շուշիի փոխարեն այսօր պետք է նրա մասին մտածեմ ինչպես կորցրած Շահումյանի ու Գետաշենի մասին, մեր նախնիների հայրենիք Արևմտյան Հայաստանի, Կարսի, Վանի, Անիի մասին։ Հավաքեք ձեր հայրենասիրական ճառերը, երգերն ու կենացները, գցեք աղբամանը, Նիկոլն այդ ամենի դիմաց իր և Իլհամի երազանքն է իրականացրել։ Սասրափելի բան է։

Դուք պատկերացնո՞ւմ եք հիմա Արցախի հերոսների վիճակը՝ տեսնելով էս նկարը, տեսնելով, թե ինչպես է Ալիևը Ադրբեջանի հսկայական դրոշը բարձրացնում մեր Շուշիում։ Վիտալի Բալասանյան, ի՞նչ եք զգում, երբ դուք Նիկոլի սենյակում խնդրում էիք թույլ տալ գեթ մեկ օպերացիա իրականացնել ու Ձեզ մերժել է։ Դուք երևի չգիտեիք, որ Նիկոլի համար երբեք Շուշին հայրենիք չի եղել, ձեզ համար էր հայրենիք, ու դուք կորցրեցիք այն, որովհետև «գերագույնը» այլ երազանք ուներ։ Գեներալներ, ռազմական ղեկավարություն, գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյան, որ այդքան հեշտ տարաք ու մարսեցիք դավաճանությունը, պարտությունը, դո՞ւք ինչ եք զգում։ Իմքայլական պատգամավորներ, դուք ի՞նչ եք զգում սրանից, ուրա՞խ եք, որ Նիկոլի ու Աննայի երազանքներն իրականանում են։ Դուք ինչպե՞ս եք զգում ձեզ, երբ Նիկոլը Շուշին տվեց թուրքին, ու Ղազանչեցոց եկեղեցում սելֆիներ են անում Իլհամն ու Մեհրիբանը։ Դուք ի՞նչ ստացաք այսքանից, կասե՞ք։

Իմքայլականնե՛ր, Նիկոլը անգամ ձեր երազանքը չի կատարել, եթե դա անգամ պատգամավոր դառնալու մասին էր։ Որովհետև, վստահ եմ, սա այն կյանքը չէ, որ դուք էիք երազում։ Անգամ դուք։

Հայաստանում բոլորը այս իշխանությանը քշելու պատճառ ունեն։ Երկու ամիս առաջ հրաժարականը պահանջում էին նրանք, ովքեր պատերազմի արդյունքներից էին դժգոհ, հետո միացան մարդիկ, որոնք սկսեցին կասկածել, որ պատերազմը ծախված էր, էսօր հրաժարականը պահանջողներին միացել են նրանք, ովքեր հացի խնդիր ունեն, վաղը միանալու են նրանք, ովքեր ցուրտ ձմեռից ցրտահարված են դուրս գալու, էն մյուս օրը Նիկոլի բոլոր թիմակիցներն են պահանջելու, որովհետև այլևս հնարավոր չի լինելու։ Մի մասը քաղաքական, մի մասը ազգային, մի մասը սոցիալական, բայց բոլորը ունեն ծանրակշիռ պատճառներ։

Կարճ ասած՝ Վերջին հարցումները, երբ քաղաքացիների շրջանում անում էինք, թե՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնում Մոսկվա, մի քանի կարծիք համընկավ գնում է, որ իր հարցերը լուծի։ Լավ էլ հարցերը լուծել է։ Դա թեկուզ իր ընտանիքը երկրից հանելուց է երևում, այլ բան, որ իրենց համար աշխարհում ոչ մի անկյուն հանգիստ չի լինելու։ Քաղաքացիները, ինչպես ընդունված է ասել՝ հասարակ ժողովուրդը, շատ լավ է պատկերացնում, թե ինչ է կատարվում։ Իսկ հետո՞։ Իսկ հետո չկա։ Սա վերջն է։ Կամ դու մահանում-վերանում-գնում ես կամ թափ ես տալիս, որովհետև չես կարող սովորական կյանքով շարունակել, չի լինում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ