04 12 2020

«Կարճ ասած»․ Գերիների, անհայտ կորածերի, զոհվածների ծնողների և մտավորականների ամենամեծ սխալը



Հայաստանում հիմա անիշխանություն է, ու քանի որ անիշխանություն է, տարերային գործընթացներ են գնում։ Բայց անիշխանություն է, որովհետև մեր երկրում 2,5 տարի ոչ թե պետություն է աշխատել, այլ հանրությունն է ինքնակազմակերպվել։

Այսօր Հայաստանում բողոքի ակցիաներ են անում քաղաքական ուժերը, հասկանալի է նրանց պահանջը՝ մարդիկ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ասում են՝ պարտության սիմվոլը, հանրության մեծամասնության մոտ դավաճանի համբավ ունեցողը չի կարող մնալ իշխանության, պետք է հեռանա։ Վարչապետ կդառնա փորձառու և նեյտրալ Վազգեն Մանուկյանը, որը պետք է փորձի միահամուռ ջանքերով մինչև կոկորդը ցեխի մեջ խրված երկիրը ոտքի հանել։ Անկեղծ՝ չեմ նախանձում։ Բայց զուգահեռ, ակցիաներ կան, որոնց պահանջներն օր առաջվա են, սակայն իրենց ուղղվածությամբ ու բովանդակությամբ անհասկանալի են։

Մտավորականները միտինգ են անում, պահանջում են գերիների վերադարձ։ Ասում են, որ քանի որ Հայաստանում իշխանություն չկա, պետք է ինքնակազմակերպվել ու հավելում են՝ մեր ակցիան չքաղաքականացնեք, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Մարդիկ, արդարացիորեն ուզում են որևէ կերպ օգնել, բեմ են դրել, միտինգ են անում, ճիշտ բաներ են ասում, սակայն դեսպնատներին են պահանջներ ներկայացնում ու պարտադիր նշում, որ իրենց ակցիան քաղաքական չէ։ Ամենայն հարգանքով, բայց, ձեր արածը ուղնուծուծով քաղաքական է, որովհետև ընդհանրապես, էդ տեսակ հարցերը լուծվում են բացառապես քաղաքական ճանապարհով։ Նորություն չեմ ասում, կարծում եմ։ Դրանք քաղաքացիական անձանցով լուծելու հնարավորություն չունեն։

Մարդիկ, գնում են դեսպանատների մոտ ու պահանջում են գերիների վերադարձ, նամակ են հանձնում դեսպանին, դիմում են աշխարհասփյուռ հայերին, որ իրենց երկրների կառավարություններին նակամակներ գրեն։ Մտահո՞գ ենք, անկասկած, բոլորս։ Բայց արդյո՞ք մենք ժամանակ ունենք ի սկզբանե անարդյունք գործով զբաղվելու, երբ մեր եղբայրներն այս պահին գերության մեջ տանջվում են։ Չէ՞ որ դա դեսպանի գործը չէ, նա ուղղակի դրանով չի կարող զբաղվել, որևէ լիազորություն չունի։ Ամերիկայի կամ Ֆրանսիայի դեսպանը եթե Հրանտ Թոխատյանին ու մյուսներին հարցնի՝ եղբայր, ինձանից ի՞նչ եք ուզում, ես գերիների վերադարձի հետ ի՞նչ կապ ունեմ, ի՞նչ ենք պատասխանելու։ Ամերիկայի դեսպա՞նն է ստորագրել կապիտուլյացիան, նա՞ է 8-րդ կետ սահմանել գերիների վերադարձի մասին։ Հիմա յուրաքանչյուրը մտածում է, դուք իշխանություն չունե՞ք, չէ՞ որ, ձեր վարչապետն է ստորագրել, գնացեք իրենից պահանջեք։ Ա՜, չե՞ս կարող, որովհետև իշխանություն չունե՞ս։

Իմ կարծիքով, այսօր բոլորս, ու ոչ միայն մտավորականը, ոչ թե պետք է ոչ մի օգուտ բերող շարժում անի ու գերիների հարազատների մոտ անիրատեսական հույս արթնացնի, պարտավոր է վերացնել գերիների վերադարձի գործով չզբաղվող և առավելապես խոչընդոտող հիմնական պատճառը։ Գերիներով մեկ մարմին է ի պաշտոնե պարտավոր զբաղվել՝ ՀՀ կառավարությունը՝ իդեմս վարչապետի։ Հիմա նա անկարող է, ուրեմն պետք է պահանջել նրա հրաժարականը, օր առաջ, օր առաջ բերել մարդու, որը կարող է բանակցել, որին լուրջ կընդունեն։ Պետք է մարդ գա, որը հեղինակություն ունի, որից չես ամաչի քեզ ներկայացնելիս։ Սա՛ է, լուծումը։ Այն քաղաքական է, քաղաքացիական է, բոլորիս անելիքն է։

Մենք մեղավոր ենք, էս օրին ենք, որովհետև 2,5 տարի ոչ մեկն իր գործով չի զբաղվել, էքսպերիմենտներ ենք արել, բոլորը ամեն ինչի մասնագետ են։ Ճանապարհային ոստիկանը դառնում է պատգամավոր ու էս օրն ենք ընկնում, լավ դերասանը դառնում է վատ քաղաքապետ, ու քաղաքը քայքայվում է, քաղաքական շոումենը դառնում է վարչապետ, ունենում ենք զոհեր։ Սա՛ է։ Հիմա բոլորը հասկանում են, որ պետք է մի բան անեն, բայց այդ ամենը պետք է անել մասնագետների հետ խորհրդակցելով, չկոմպլեքսավորվելով, որպեսզի արածիցդ օգուգ դուրս գա։ Չէ՞ որ, թե ես վաղը ֆիլմի միտք, սյուժե ունենամ, կդիմեմ Մհեր Մկրտչյանին՝ որպես ռեժիսոր, Հրանտ Թոխատյանին, որպես դերասան, Արմեն Գրիգորյանին, որպես պրոդյուսեր, Արամոյին որպես երգահան։ Հիվանդանոցի բժշկին չեմ խնդրի, չէ՞, որ գա կինո նկարի։ Ուզում եք քաղաքացիական ակտիվությո՞ւն դրսևորել, փառք աստծու, քաղաքական ուժերը, բոլորը միացել են, իրենց ամբիցիաները, նախասիրությունները դրել են մի կողմ, դուք նույն պես գնացեք հրապարակ ու բոլորի հետ պահանջեք հրաժարական։

Ասացի արդեն, սա էլ մաքուր քաղաքական գործընթաց է, պահանջ է, այդպիսով ակցիաները պետք է ուղորդվեն քաղաքական մասնագետների կողմից։ Պե՞տք է, որ բոլորը, անկախ մասնագիտությունից, մասնակցեն ակցիաներին, անշուշտ։ Բայց քաղաքականությունը պետք է վարեն քաղաքական գործիչները, ինչպես ֆիլմ արտադրության մեջ, կինոյի մասնագետները։ Մի՛ դրանից վատ զգացեք, կամ խուսափեք։ Լավն են, վատն են, իրենք են մասնագետը, ինչպես դուք՝ ձեր բնագավառում։

Խորին հարգանքս գերիների, անհետ կորածների ու զոհերի հարազատներին, բայց արդյո՞ք նրանք իրենց այդ ակցիաներով օգնում են իրենց զավակներին վերադարձնելուն, վստահ եմ՝ ոչ։ Հարգելի ծնողներ, հանդիպել եք Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ արեց․ ոչինչ, հիմա էլի հանդիպեք որ ի՞նչ անեք։ Պարզ չէ՞, որ այն մարդը, որը մեզ բոլորիս առանց կարմրելու խաբել է, ձեզ ճշմարտությունը չի ասի, ձեր հարցով չի զբաղվի։ Աննա Հակոբյանի շքեղ պալատում գնում-խեղճուկրակ նստում եք, որ ի՞նչ։ Նա ո՞վ է, Կարմիր խա՞չն է։ Ինչի՞ եք ժամանակ կորցնում։ Գո՞հ եք հանդիպման արդյունքից։ Պարզ է՝ ոչ։

Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար ձեր երեխեքին վերադարձնել, մեր եղբայրներին վերադարձնել, դա կաներ նոյեմբերի 10-ին, երբ դեռ չտված հայրենիքի մասը տալիս էր թշնամուն։ Վստահ եմ՝ Փաշինյանն անուն առ անուն գիտի, թե քանի գերի ունենք, ովքեր են, երբ են գերի ընկել և այլն։ Բոլոր ինֆորմացիաներն ունի։ Դե թող վերադարձնի։ Ժողովուրդ, ինքը չի կարող բերել, ինքը կոմպետենտ չէ, անգամ չի պատկերացնում՝ ինչ անել։ Եթե մարդը 44 օր, + երկուսուկես տարի խաբել է, հիմա ինչի՞ պետք է այլևս չֆռռացնի։ Ալիևը Նիկոլի հետ չի բանակցում, ավելին, օր ու մեջ հեռուստատեսությամբ ծաղրում է, հիմա էլ թե՝ Ես Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հաղթեցի Նիկոլի օգնությամբ, որովհետև նրանց ձեռք բերածը տարա, կեսը՝ առանց մեկ կրակոցի, ու սա՝ վարչապետ կոչեցյալը, անգամ չի արձագանքում։ Երևի պատճառ ունի լռելու։ Դուք հասկանում ե՞ք։ Էսօր քննարկում են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, այսինքն՝ ձեր անմեղ երեխեքին վերադարձնելու համար տալու ենք ադրբեջանցի ռազմական հանցագործներին, դիվերսանտներին։ Սա դիվանագիտական կատաստրոֆա է։

Փաշինյանը կապիտուլյացիան ստորագրել է նոյեմբերի 9-ին, 24 օր մենք անկապ բաներով ենք զբաղվել ու թողել, որ Փաշինյանը 24 օր ավելորդ կրի հանրապետության ղեկավարի կոստյում։ Դու՛ք, ծնողներ և հարազատներ, կորցրել եք թանկարժեք 24 օր, այն դեպքում, երբ անգամ միջազգային կառույցներն են ասում, որ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է Ադրբեջանում։ Կորցրել եք, քանի որ դեռ հույս ունեք, գնում-հանդիպում եք Փաշինյանի հետ, որը ֆռռացնելով, իրականում գործարք է առաջարկում, թե՝ իմ դեմ բողոքի ցույց չանեք, որ հանգիստ մթնոլորտում զբաղվեմ։ Ոչ բոլորը, իհարկե, բայց գալիս-ընդդիմադիրների հետ վիճում են, թե մեր գերիների հարցերով ինչի՞ չեք թղնում զբաղվի Նիկոլը։ Նիկոլը չի կարող զբաղվել, հասկացեք վերջապես։ Ձեր երեխաները իրականում գերի են Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին։ Նրանք Նիկոլի՝ էլի մի քանի օր իշխանության ղեկին մնալու հնարավորությունն են։ Թե բա՝ թողեք, գերիների վերադարձով եմ զբաղվում, ու՞ր հեռանամ։

Կարճ ասած՝ Գերիների ծնողները, զոհերի հարազատները, տուն կորցրածները, հայրենիք կորցրածները, քաղաքական ուժերը, դպրոցականները, մտավորականները, աշխարհասփյուռ հայությունը հիմա ընդամենը մեկ պահանջ պետք է ունենա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, անհապաղ հրաժարական, վայրկյան առաջ հրաժարական․ նրա գնալը կարող է փրկել մեր գերիներին մահից, մեր պետությունը կործանումից։ Պետք է ով Հայաստանում է ապրում, դեկտեմբերի 5-ին լինի Ազատության հրապարակում, պետք է միանա փողոց փակող մեր քույրերին ու եղբայրներին։ Մեր տղաների արյունով ներկված հողը Նիկոլը հանձնել է, ու մենք հանդուրժում ենք նրան։ Ազգային թասիբի հարց է։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ