Տարիներ առաջ, երբ Հայաստանի վարչապետ էր Հովիկ Աբրահամյանը, հեռուստատեսություններից մեկը վարչապետի ուղիղ խոսքը դնելիս տիտրերում սխալ էր թույլ լտվել անվան մեջ: Հեռուստաընկերության տնօրինությունը, պատասխանատվություն զգալով, այդ աշխառակցին հեռացրեց աշխատանքից: Որոշումը չեղարկվեց վարչապետ Աբրահամյանի միջամտության արդյունքում: Ամենայն հավանականությամբ, նստել-խոսել, վերլուծել են, միջադեպի գնահատման արդյունքում որոշումն այդպիսին են կայացրել: Ամենքի հետ պատահում է: Չես կարող երկար տարվա աշխատողին պարզապես գործից դուրս շպրտել, որովհետև նրա միջոցով կամ առանց նրա գիտության որևէ սխալ է եղել: Ընդ որում, երբ այդ սխալը շատ լուրջ հետևանքների չի բերել: Նման թերացումներ աշխատավայրում ունենում ենք բոլորս:
Վերադառնանք մեր հպարտ օրեր: Վարչապետ Փաշինյանի դեպքում եթերում հազալը կամ որևե բան ծամելը սովորական բան է: Երբ, օրինակ, որևէ ցուցահանդեսի մասին ռեպորտռաժ է, ներդրումային համաժողով է և այլն, որտեղ փռված են տարբեր ապրանքներով սեղաններ, մենք անպայման ուշադիր նայում ենք, թե այդտեղ ինչպես է, իրեն բնորոշ կերպով, ուտելիքի սեղանին մոտենալու Փաշինյանը և սպասվածից ավելի՝ մեզ՝ բոլորիս ցուցադրում վարչապետի կողմից հերթական սննդի ընդունումը: Փորձեցի քաղաքավարի նկարագրեմ այն տեսարանները որը, վստահ եմ, բոլորս տեսել և ամեն անգամ զարմացել ենք: Ի դեպ, չենք զարմացել, որ վարչապետը հաց է ուտում կամ գինի խմում: Զարմացել ենք, որ դա մշտապես է, մի տեսակ անզուսպ է, ամեն դեպքում: Դա Նիկոլ Փաշինյանը հաճույքով է անում, և անպայման հեռարձակում իր ֆեյսբուքյան եթերում: Նույն ֆեյսբուքյան էջը մեզ տեղեկացնում էր, որ Փաշինյանը գինու շշի և գավաթի կողքը պառկել և ըստ ամենայնի՝ քնել է: Մեկ այլ տեսանյութում Փաշինյանը մեզ ներկայացնում է իր տան սանհանգույցը: Ու զանազան այլ տեսանյութեր կան, որոնք մենք կհամարենք, որ եթերի բան չէ, բայց վարչաետն ինքն է մեզ ցույց տալիս, չհրապարակված կադրեր չէն: Ուստի և այդ հայտնի տեսանյութը, որտեղ եթերից առաջ վարչապետը հազում է, շշով ջուր խմում կամ դեղանման ինչ-որ բան ծամում, սովորական բան պետք է դիտվեր, այլ ոչ թե արտահոսք: Երևի այս անգամ ոչ թե իր ֆեյսբուքյան էջում է հրապարակվել, այլ՝ հեռուստատեսությամբ, դրա համար էր այդ ամբողջ աղմուկը:
Բայց այստեղ հարցն այլ է: Սա միգուցե առիթ էր ճգնաժամային այս օրերում, երբ շատերը կորցնում են աշխատանքը, իր կադրերով թիվ մեկ քարոզչամեքենան լցնելու: Կարող ենք ասել՝ թքած, ինչ անում են՝ անեն, մեկ է՝ Հ1-ը իշխանության բիրտ քարոզչամեքենան է մնալու, նրանից լավ բան սպասել պետք չէ: Բայց ինձ հետաքրքրում է սառնասրտությունը, այն էլ՝ այսօրվա պայմաններում, երբ չափազանց դժվար վիճակում է իշխանությունը. ու միայն սպասվող տևական ճգնաժամը նկատի չունեմ:
Ինչո՞ւ են մարդիկ թողնում աշխատանքը, դիմում գրում ազատման, ինչի՞ համար: Որովհետև վարչապետը կոմպլեքսնե՞ր ունի, որովհետև նա չգիտի՞ ինչ է թեթև տանելը, հումորով վերաբերվելը:
Այս փոքրիկ դետալը մի կարևոր բան ցույց տվեց՝ վարչապետի համար չկա մարդկային արժեք, չկան մարդիկ, որոնք նրա համար աշխատել են, մի գուցէ լավ ծառայել են իր իշխանության համար ու գոնե դրա խաթեր պետք է մնան: Չկա թիմ: Նա պատրաստ է վաղը զոհել թիմից ցանկացածին, ստից մի բանի համար:
Չէ՞ որ, իշխանափոխությունից հետո կան մի քանի կարևոր կառույցներ, որոնք ամենասեղմ ժամկետում և ամբողջությամբ ադապտացվեցին նոր իշխանություններին, և ղեկավար համակարգը չփոխվեց՝ Գլխավոր դատախազությունը, Ազգային վիճակագրկան ծառայությունը, Հ1-ն և ևես երկու երեք կառույց: Կային նաև հիմնարկներ, որոնք ձևավորեցին նոր ղեկավարություն, որը չնայած այսպես ասած՝ նախորդ իշխանության կադր էր, բայց ամբողջությամբ հարմարվեցին նոր պայմաններին, որոնցից էր օրինակ՝ ԲԴԽ-ն, և դարձան նորերի երդվյալ թիմակիցներ:
Հիշումե՞ք, բոլորիս համար զարմանալի էր, թե ինչպե՞ս կարող է դատախազությունը ընդամենը կարճ ժամանակում նույն բաների վերաբերյալ դիրքորոշման կտրուկ տատանում ունենալ, բոլորիս զարմանալի էր, թե ինչպե՞ս կարող է ԱՎԾ-ն, որի տվյալները համարվում էին սուտ «Հայկական Ժամանակ»-ի խմբագրի և լրագրողների համար, բոլորովին նույն ոճով շարունակեց աշխատել: Եվ բոլորիս հետաքրքրում էր, թե Հ1-ի կազմի մի մեծ մասը, մեծ սիրով որ աշխատել է նախկին իշխանության հետ ու աչքի ընկել նրա պաշտպանությամբ ու հների նկատմամբ նվիրվածությամբ, ինչպե՞ս կարող է մնալ աշխատանքի ու էլ ավելի ուժգին թափով քննադատել նույն այդ իշխանությանը՝ հեռանալուց հետո: Բայց դա, ստացվում է, չգնահատեց վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի մոտ տրամաբանությունը և սկզբունքները կախված էն եղանակից. Նա մի օր կարող է հայտարարել, որ իրենք հավատարիմ մնացին իրենց խոստումներին և կադրային ջարդ չարեցին, հենց հաջորդ օրն ասել, որ Սերժ Սարգսյանի բոլոր կադրերին պետք է հեռացնել: Այնինչ երկու տարի անց արդեն պետք է գոյություն չունենար «Սերժի ժամանակվա կադր» հասկացությունը:
Նիկոլ Փաշինյանը հեշտությամբ կարող է իրեն հլու-հնազանդ ծառայող կադրին հանել գործից առանց վայրկյան անգամ կշռադատելու, ծանրութեթև անելու, նրա անցյալը և արված անձնազոհաբար ծառայությունները հաշվի առնելու:
Տեղին է մի քանի օրինակ բերել, որոնք խոսում են արդեն օրինաչափության մասին.
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին բերեցին ԱՄՆ-ից, մարդը եկավ աշխատելու, լավ թե վատ, չդատենք, մանավանդ որ կարճ ժամանակ աշխատեց: Եվ ինչի՞ համար պաշտոնանկ արվեց. Ըստ օդում կախված լուրերի՝ որոշել էր ընտանիքի հետ ամանորը նշել ու գնացել էր ԱՄՆ, որտեղ որ ընտանիքն էր: Իսկ Փաշինյանն ասել էր, որ քանի որ ինքը Հայաստանում է մնալու, ուրեմն Հայաստանից անգամ թռչունները պետք է տաք երկրներ չչվեն:
Հովհաննես Քոչարյանն ազատվեց փոխոստիկանապետի պաշտոնից, որովհետև կառավարության որոշմանը հակառակ տեսակետ էր հայտնել: Պրոֆեսիոնալ կադր լինելու հանգամանքի վրա աչք փակեցին, չնայած որ հարմարվել էր հեղափոխական իշխանությունների հետ, վստահ եմ՝ շատ գլուխ չէր դրել, սկսնակների անծրագիր մտքերի հետ, իր գործն էր անում, և մտածում, որ երկրի համար կարևոր գործ է անում: Ավիաընկերոթյան հիմնադիր և բավականին փորձ ունեցող մարդուն հանգիստ ազատեցին վարչապետի խորհրդականի պաշտոնից, ինչ է, թե, ասում են, ծրագիր էր ներկայացրել, որը քաղաքվիացիայի նորելուկ ղեկավարի խելքի բանը չէր: Իսկ օրինակ, քաղավիացիայի սկսնակ ղեկավարին, չնայած ոլորտը վարի տալուն, ձեռք չտվեցին: Բրազիլիայի դեսպանի օրինակը. կադրային դիվանագետ: Բայց ողջ ծառայությունների վրա աչք փակեցին և հեռացրին միմիայն նրա համար, որ նա չէր զգուշացրել տիկին Աննային, որ կարող է Բրազիլիայի նախագահի կինը վարակված լինի կորոնավիւրուսով, չնայած նրա որ մարդը կարող էր, և ամենայն հավանականությամ, չի իմացել: Պատկերացնե՞ւմ եք, իրենց անձնական կարիքի համար կտրում են իրենց նվիրված աշխատող մասնագետների աշխատանքային էջը: «Տենց եմ ուզում»-ը դարձել է աշխատաոճ:
Օրինակները շատ են:
Մեր հեղափոխական երկրում աշխատանքից ազատման պատճառը կարող է բոլորովին կապ չունենալ մասնագիտական պրոֆեսիոնալիզմի պակասի հետ, հանգիստ կարող է անգնահատելի ծառայություն մատուցելու հենց հաջորդ օրը զրկվել աշխատանքից, որովհետև մեկը ավելի զորեղ լուր է շշնջացել վարչապետի ականջին և «տենց է ուզել» վարչապետը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը:
Ընդ որում, թող որևէ մեկը չմտածի, թե ինքն այնպիսի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին անձամբ, որ պետք եկած տեղն իրեն չի հանելու գործից, այսպես ասած՝ «փուռը չի տալու», ստորացուցիչ ձևով: Նա կազատի բոլոր նրանց, որոնք թե՛ նախկինում էին ծառայություն մատուցում, թե՛ հիմա, բայց միանգամից ընդունեցին խաղի նոր կանոնները, այսինքն՝ առանց կանոնների խաղը: Բոլորին է փուռը տալու, ժամանակի հարց է ընդամենը:
Սա ձեռագիր է: Այսօր վարչապետը բոլորին հանել է անձամբ իր դեմ՝ նախկին գործընկեր խմբագիրներին և լրագրողներին, հոգևորականներին, քաղաքական դեմքերին, հասարակականներին, նախկիններին, այսօրվաններին, գործարարներին… Այլևս իր դեմ են արդեն թիմի անդամները, որովհետև բոլորը հասկանում են, որ նրանց երբեք չի էլ համարել թիմի անդամներ: Այլ ընդամենը նեղ եկած ժամանակ «փուռը տալու» զոհեր են: Ժամանակի հարց է:
Կարճ ասած՝ այսօր Հ1-ի տնօրենն էր, հաջորդը փոխվարչապետն է, որովհետև վատ պարետ էր, առողջապահության նախարարը որովհետև մահերը շատ եղան, Դատախազության հերթն է, ԲԴԽ-ի հերթն է, ԱՎԾ-ի, ԿԸՀ-ի, ՀՔԾ-ի և այլն:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը