06 12 2024

Հայրենի՞ք ենք կորցրել, «զաթո» բանանը էժանացել ա․ «Կարճ ասած»



 

Երեկ նամակ է գրել Երևանի բնակիչ, 51-ամյա Նաիրան ու հարցնում է՝ Սևակ ջան, էսօր Ազգային ժողովի ամբիոնից ինձ համոզում էին, որ ես հիմա ավելի լավ եմ ապրում։ Ես մինչ Նիկոլի գալը ուսուցչուհի էի, երկու տարի է՝ կարի արհեստանոցում եմ աշխատում, կրթական համակարգի քանդման արդյունքում, իր ձևակերպումն է, դուրս եմ բերվել գործից, հիմա ապրում եմ ավելի վատ, քան առաջ էր․ բա ո՞նց է իմ կյանքը փոխվել դեպի լավը։ Ասում եմ՝ բայց Ալեքսանյան Վահագնին, Կոնջորյանին, Ալենին լսելու նպատակը ո՞րն է, եթե ուզում եք ճիշտ բաներ լսել․ նրանց խոսքերով սովորաբար սուտն են չափում, ոչ թե ճիշտը։ Ես լրագրող եմ, պարտավոր եմ լսել-իմանալ ով ինչ բլթացրեց․ բա դուք անելու ուրիշ բան չունեի՞ք։

Արշակյան Հակոբը քիչ մարդ չէ (պաշտոնը նկատի ունեմ), ԱԺ ամբիոնից սուտ է ասում էնպիսի թեմայի շուրջ, որին առնչվում են բոլորը։ Չկա մարդ, որ հաց չի ուտում, Հակոբ Արշակյանը սուտ է ասում հաց ուտողների վերաբերյալ, անկախ նրանից՝ մսակեր ես, բուսակեր, թե մարդամեկի նման ամենակեր։ Ասում է՝ «Ի՞նչ ենք արել մենք, հեղափոխությունից հետո, ներմուծման-արտահանման արգելքները վերացրել ենք, ապօրինի մոնոպոլիաների դեմն առել ենք, մարդիկ ինչ ուզում՝ արտահանում են, դրա արդյունքում, որոշ ապրանքների գինը մի քանի անգամ իջավ, օրինակ՝ բանանինը, շաքարավազինը, տարբեր այլ բաներինը»։

ԱԺ ամբիոնից մարդկանց համոզում են, թե դու, ժողովուրդ, սկսել ես լավ ապրել, ինչ կար՝ էժանացրել ենք, հատկապես՝ շաքարավազը, այն էլ՝ անգամներով։ Բացում եմ պաշտոնական թվերը․ այ մարդ՝ հակառակն է՝ շաքարավազը եղել է 330 դրամ, հեղափոխությունից հետո դարձել է 403 դրամ, 22 տոկոս թանկ։ Ասում ա՝  մոնոպոլիան վերացրել ենք, շաքարավազը անգամներով էժանացել ա, պարզվում է՝ լրիվ հակառակն է, հա՛մ մոնոպոլիան է մնացել, գինն էլ թանկացել է։

Արա, մեռել ենք ասելով՝ սուտ խոսող պաշտոնյան պարտադիր պետք է դատապարտվի, որ չդառնա սովորություն։ Պետք է խոսքին հաշիվ տալ։ Ելույթ եք ունենում, նախապես պատրաստվեք։

«Կարճ ասած» հաղորդմանը պատարստվում եմ մի քանի ժամ․ թողարկումներ կան, որ պատրաստում եմ մի քանի օրում․ փաստեր եմ հավաքում, համադրում, վերլուծում, արխիվ եմ քրքրում, ուսումնասիրում, որպեսզի ձեռքիս տակ ունենամ 10 րոպեանոց փաստարկված, մշակված, հասկանալի նյութ․ կարող եմ ոչ մի փաստ չհանել ու ամեն օր եթերում 10 րոպե նիկոլություն, ալենություն, կոնջորյանություն անեմ․ բայց դա կլինի անարգանք իմ հեռուստադիտողին։ Էն որ դու ուղիղ եթերով սաղ ժողովրդին ասում ես ամեն ինչ էժանացել ա, դու դրանով նրան ուղղակի անարգում ես։ Հա կարող ես ասել՝ եթե իմ թիմից սաղ խաբում են, ե՞ս ինչու չխաբեմ։ Բայց դրանից չի դառնում որ ճշմարտությունն ես ասում, չէ՞։ Սուտը, ոնց ուզեք արդարացնել, մեկ է, վերջում մնում է սուտ։

Տիգրանը գնացել է բժշկի մոտ, կոկորդը բուժելու 15-օրյա կուրս անցել, վերջում բժիշկը հարցնում է լավ ես չէ՞, պատասխանում է՝ ոնց կար, էնպես է։ Ասում է՝ չէ, նախկինի տպավորության տակ ես, դզվել ես, դեռ չես զգում։ Անցել է 5 տարի, մինչև հիմա նույն վիճակն է Տիգրանի մոտ, բայց դե բժիշկն ասում է նորմալ է։ Հիմա սրանք են․ չէ, ասում են, էժանացել է։ Արշակյան Հակոբը մենակ շաքարավազի մասով չի ստել․ էն որ ասում էր շաքարավազը և որոշ բաներինը, հիմնական սննդամթերքը թանկացել է, կտրուկ․ հացը․ 2017 թվականին եղել է 440 դրամ, հիմա 583 դրամ է։ Գնաճը կազմել է 32,5 տոկոս։ Էն ձեր Գրիգորյան Արմենն ասում է՝ հացից անցնելու ենք բրնձի։ Վիճակագրությունը բացում եմ՝ Նիկոլի օրոք 26,5 տոկոսով էլ դա է թանկացել՝ 786 դրամից դառնալով 995 դրամ։ Մեկը փողոցում հանդիպել ասում է՝ Նիկոլը ոնց եկել է, մակարոնն ենք ամենաշատը առնում, միսը փոխել ենք կարտոշկայով ու մակարոնով։ Ասում եմ կարող ա՞ Արշակյանը որ ասում էր էժանացել ա, մակարոնը նկատի ուներ, շաքարավազի հետ շփոթել ա․ նայում եմ՝ մակարոնեղենի դիմաց 2017 թվականին 500 դրամ է գրած 2024-ին՝ 776, աճը՝ 55,2 տոկոս։ Հակոբ ջան, բա ի՞նչն եք անգամներով էժանացրել, զուգարանի թո՞ւղթը։ Սննդակարգում կարևորագույն բան է կաթը․ 26 տոկոսով թանկացել է ՔՊ-ի ասած էժանացման ժամանակ։ Եթե 2017 թվականին 412 դրամ էր, հիմա 522 դրամ է։ Բայց զավեշտը էն է, որ կաթը թանկացել է, բայց չի թանկացել գյուղացուց մթերվող կաթի գինը։ Բա դուք ի՞նչ մոնոպոլիաների դեմ եք առել, ի՞նչ արտահանում-ներմուծման արգելքներ եք հանել։ Իսկ կարող ա՞ դուք ավելի եք խոչընդոտում։ ԵԱՏՄ պետությունների շարքում գրեթե բոլոր տեսակի սննդամթերքի, նաև բենզինի և դիզվառելիքի ամենաբարձր գները մեր երկրում են։

Որ ասում ես անգամներով էժանացել են, ի՞նչը նկատի ունես, հեռախոսի ոչ օրիգինալ զարյադչնիկը՞։ Հա, բանանը էժանացել է, մի քանի տոկոսով էլ էժանացել է մարգարինն ու էն փոքր տուփերով 10 հատանոց անձեռոցիկները, 45 դրամը դարձել է 40 դրամ։ Ժողովուրդ ջան, ՔՊ-ն առաջարկում է բանանը մարգարինի մեջ տապակեք, անձեռոցիկով փաթափեք ուտեք։  

Ու աբսուրդ է, որ Հակոբ Արշակյանը իբր էժանացման մասին խոսելիս նայում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմը ու մատ թափ տալիս։ «Հայաստան» դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, 10 տարի երկիր է կառավարել, բացի որ խաղաղ է եղել, քիչ զոհ, ստաբիլ կյանք, գնաճը ընդհամենը 5 տոկոսի սահմաններում է եղել։ Էդ պեսոքը, որ իբր էժանացրել եք, բայց պարզվեց կտրուկ թանկացել է, Քոչարյանի իշխանության գալու ժամանակ եղել է 277 դրամ, իջել է 266 դրամի ու երկար տարիներ մնացել նույն գնի սահմաններում։ Եկել է իշխանության, էժանացել է կաթնամթերքը, մսամթերքը։ Գնային կայունությունը էդ է։ Նիկոլն ասում էր՝ 5 տարի գնաճ չի լինելու, եղավ գնային երկրաշարժ։

Ռոբերտ Քոչարյանը աղքատությունը 56 տոկոսից իջեցրեց 24 տոկոսի։ Ծայրահեղ աղքատությունը 28 տոկոսից իջեցրեց 3,1 տոկոսի։ Ձեր օրոք աղքատությունը որքա՞ն է․ նույն 24 տոկոսը․ այսինքն Քոչարյանի՝ պաշտոնաթողությունից անցել է 17 տարի, նրա թողած ցուցանիշն է մնացել։ Երբ որ թիվ եք ասում, ախար մենք էլ ենք կարողանում բացել-կարդալ․ տավարի միսը թանկացրել եք 50 տոկոսով, ոչխարինը՝ 43 տոկոսով, թռչնի միսը՝ 10 տոկոսով, ձուկը՝ 27 տոկոսով, պանիրը 18 տոկոսով, ձուն 19 տոկոսով, յուղը 32 տոկոսով։ Թանկացել ա ամեն ինչ։ Եթե էս ավելորդ տոկոսները չկարդամ, սիրելի քաղաքացիներ, դուք ինձնից լավ գիտեք, ամեն օր խանութ մտնելիս տեսնում եք։ Առաջ 10 հազար դրամով մտնում էիք խանութ ինչ էիք առնում, հիմա ինչ եք առնում, ես չասեմ, ինձանից լավ գիտեք։ Հիմա էդ ՔՊ-ականին, որ ասում է՝ էժանացել է, բան ունե՞ք ասելու։ Կարող եք դա լսելիս՝ հեռուստացույցի դիմաց ասել, գրառումներում ասել, իր նյութերի տակ գրել․ ի՞նչ ասեմ, եթե ամեն ինչ լավ ա, կարող եք սրտիկ ուղարկել ՔՊ-ական երեսփոխանին։

Ձեզ համար, ՔՊ-ական նախարար-դեպուտատ-մարզպետ և այլնի համար, այո էժան է թվում, որովհետև էն նախկինում գարեջուրը խմում էիք պարտքով, իսկ հիմա կանխիկ գնում եք գարեջրատունը, մեր հաշվին։ Եթե դուք էն ժամանակ ինչ-որ բան չէիք կարողանում գնել, իսկ հիմա կարողանում եք, դա չի նշանակում, որ էժանացել է։ Իրականում եթե խանութներում էն ժամանակ նիսյայի տետրեր էին, հիմա հատորներ են։ Կարծեմ էն Կոնջորյանն էր երեկ ասում՝ ժողովրդին հարցրեք ոնց է ապրել։ Չգիտեմ, նա ո՞ր ժողովրդի մասին է խոսում, ես որ ժողովրդի հետ շփվում էլ եմ, հարցնում էլ եմ, բայց չեն էլ թողնում հարցնեմ, միանգամից ասում են ոնց են ապրում, բայց ձեր մասին հայհոյանքներով ու պարտադիր նշում են ժամանակ որքան էր հեշտ, հիմա որքան դժվար։ Լկտիություն էլ պետք է չափ ու սահման ունենա, Հակոբ։

Ու ինչպես որ քանդել եք տնտեսությունը, էնպես էլ քանդել եք բանակն ու մյուս բաները։ Դուք գիտեք ոնց անեք, որ ժողովուրդը աղքատության գծից դուրս չգա, բայց, օրինակ, չգիտեք ոնց անեք, որ բանակում բարեփոխում անեք, հզորացնեք։ Արտագաղթը ինչի՞ է խորացել, որովհետև Նիկոլը չգիտի ինչպես կառավարել, որ մեր ժողովուրդը գա Հայաստան, ոչ թե գնա երկրից։ Բանակը ուզում է կրճատել, որովհետև չգիտի ինչ անի, որ Ալիևը չկատաղի վրան։ Չնայած շեղվում եմ իմ էսօրվա թեմայից, բայց դա էլ է հանցագործ կառավարման ամենափայլուն ապացույցներից։ Ասում է՝ բանակը չենք հզորացնում, որովհետև չգիտեմ ումից հզոր պետք է լինի ու ինչքան։ Որ երեխա ես ունենում, դաստիարակում ես, չէ՞, ուզում ես որ լինի պատրաստված, կազմակերպված, դաստիարակված, ուժեղ․ ոնցոր երեխայիդ չդաստիարակես, թողնես բառադի մեծանա ու ասես՝ դե աշխարհում 7 միլիարդ մարդ կա, ես չգիտեմ որ մեկից ուժեղ պետք է լինի։ Առավոտ որ զարթնել ես, լողացել ես չէ՞, որ գոնե մաքուր լինես․ չես որոշել, չէ՞, քանի հոգուց մաքուր պետք է լինես։ Չես ասել չգիտեմ՝ ումից պետք է մաքուր լինեմ, դրա համար չեմ լվացվում։ Բայց այ ուտելիքի առումով լրիվ հակառակն է, Նիկոլը գիտի ինչքան պետք է ուտի, ումից կուշտ պետք է լինի և պետք է լինի բոլորից ամենակուշտը, 7 միլիարդից ամենակուշտը։ Թիմակիցներդ փող աշխատելուց գիտեն ումից են ուզում շատ աշխատել, լինել բոլոր նախկիններից ամենահարուստը, բիզնեսներում փայ մտնելուց գիտեն ումից շատ փայ մտնել, ումից ինչ քերեն։ Խլելուց էլ գիտեն ումից խել, ինչքան խլել, ոնց խլել։ Այ դա գիտեն, որովհետև, փոխարենը ժամանակին կրթվեին, մի բան սովորեին, ձեռքներից մի բան գոնե գար, նստած ուրիշի փողերն են հաշվել։ Ախր դա էլ են սխալ հաշվել, որովհետև դրա համար էլ է, չէ՞, գիտելիք, կրթություն պետք։

Կարճ ասած՝ փորձագետ ունենք, որ պարբերաբար զգուշացնում է ժողովրդին որևէ տարբերակով խաբեության մասին և կոչ անում զգուշանալ՝ թակարդը չընկնելու համար։ Դե մեր ժողովուրդը սովոր է թակարդն ընկնել, 2018-ից ի վեր նման արդեն 3 փորձով վարժվել է։ Այ սենց խաբելով, մուտիլովկայով, երկիր են վարի տալիս, սուտ խոսելով ման են գալիս ու դրա համար էլ էս օրին ենք։

Այո, էժանացման մասին խոսելիս, պետք է արձանագրենք, որ էժանացել է պաշտոնյայի կշիռը, ձեր խոսքն է էժանացել, խոսքի արժեքն է էժանացել ու գնալով էժանանում են, «սև» ուրբաթի գներն են արդեն։ Քանի որ չեք կարողանում ձեր խոստումները կատարել, ուրեմն մարդկանց եք փորձում համոզել, թե ամեն ինչ շատ էլ լավ է։ Բայց խնդիրն այն է, որ համոզելով չի լինում, համոզելով սառնարան չես լցնում, ոնցոր կլուբնիկով բանակ էիք բարեփոխում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ