16 09 2024

Իսկ դուք պատրա՞ստ եք ներել Նիկոլ Փաշինյանին․ «Կարճ ասած»



2020 թվականին մի քննարկում էր տեղի ունենում Երևանում ոչ հրապարակային, հետևյալ բովանդակությամբ․ հաջորդ իշխանությունը արդյո՞ք պետք է ների այս իշխանությանը՝ սխալների համար, թե՞ պետք է ընկնի հետևներից, կոպիտ ասած։ Ու մեծ մասը համարում էր, որ Նիկոլ Փաշինյանի գործունեության մեթոդները անմարդկային են, ձախողումներն ակնհայտ են և նրան ներելը կլինի հանցագործություն։ Դեռ պատերազմ չէր եղել, հանձնումներ չէին եղել, կար կորոնավիրուս ու իշխանության վատ գործունեության հետևանքով՝ այլ պետություններից անհամեմատ շատ մահեր։ Մի քննարկում էլ 2021 թվականին էր՝ պատերազմից հետո, էլի նույն թեման էր ու արդեն 100 տոկոսը նույն մտքին էր, որ նրան ներելը կլինի հանցանք։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ներողությունից հետո հիշեցի այդ քննարկումը։

Գրառում է անում իր, իմ կարծիքով՝ մաքուր ադրբեջանա-թուրքական նարատիվով, այն է՝  պատմական և իրական Հայաստանների մասին ու ասում, որ պատմական Հայաստանը մեծ Հայաստանն է, Արցախով, մեր կորցրած տարածքներով, իրական Հայաստանը՝ փոքր Հայաստան, լավ ապրուստ, ազատություն, արդարություն, անվտանգություն: Ու ասում է՝ ժողովուրդը ընտրել է իրական Հայաստան, բայց մենք պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ: Այսինքն՝ թարգմանաբար՝ ժողովուրդը ուզում է Հայաստան առանց Արցախի, մենք Արցախ ենք պարտադրել, բայց Արցախով լավ չէին կարող ապրել (չնայած որ մինչ իրեն՝ ապրել են)։ Ու ներողություն է խնդրում, որ ի սկզբանե չի հանձնել, չի թողել քիփլիկ Հայաստան։ Իմաստը սա էր։

Նիկոլ Փաշինյանի առաջին ներողությունը, եթե չեմ սխալվում, կորոնավիրուսի ժամանակ էր, 10 հազարից ավելի զոհերի հիշատակին։ Կորոնավիրուսի վատ կառավարման, թալանի վերաբերյալ քրգործ կա, երբ հիվանդանոցների վրա ավել մարդ էին գրում, որ փող դուրս գրեն, բայց պացիենտը տանը մահանում էր՝ չստանալով բուժօգնություն։ Այ այդքան զոհ տալուց հետո ասաց՝ դե կներեք։ Ու հիմա՝ հերթականը։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը իշխանություն է վերցրել, որից հետո երկու անգամ արտահերթ ընտրություններով պահել իշխանությունը ու այդ բոլորը եղել է իր հիմիկվա ասած՝ «պատմական Հայաստանի» խոստումներով։ Դու մեղադրում էիր քո նախորդին, որ փոխզիջումներից է խոսում, ասում էիր ի՞նչ փոխզիջում, եթե Ալիևը Սևանն ու Երևանն է ուզում, դու խոստանում էիր ինքնորոշման միջազգային ճանաչում, դու երկրի ներսում լիքը բարեփոխումներ էիր խոստանում։ Ժողովուրդը հենց քո էդ ներկայացրած Հայաստանին ձայն է տվել։ Դու 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթել ես Շուշին ու Հադրութը հետ կբերեմ, Արցախի անվտանգությունը կերաշխավորեմ կարգախոսով։ Բոլոր հարցումները նայեք, որոնք Արցախը հանձնելու, հայ-թուրքական հարաբերությունների, քո ուզած քիրվայությունն անելու մասին է, հանրության 90 տոկոս և ավելին դեմ է քո ծրագրերին։ Այսինքն՝ ժողովուրդը դա չի ընտրել, ստում ես, թե՝ ժողովուրդը վաղուց կատարել է իր ընտրությունը հանձնումների օգտին։ Հա, ինձ մոտել է շուտվանից տպավորություն, որ էս մարդն իր ուրույն իրականության մեջ է ապրում։

Հանուն քո աթոռի պահպանման, ի սկզբանե բաներ ես պայմանավորվել Ալիևի հետ, բանակցությւոնները ձախողել ես, բերել ես պատերազմ, դիտմամբ չես կանգնեցրել, Երկրորդ հայկական պետությունը՝ Արցախը հանձնել ես, Հայաստանից հանձնել ես տարածքներ, թույլ ես տվել, որ թշնամին օկուպացնի, մեծացրել ես Եռաբլուրը, 5 հազար զավակի հանձնել ես հողին, այսօր հանձնում ես, երեկ էլ էիր հանձնում, ներքին կյանքում քաոս է, կներեք արտահայտությանս՝ շունը տիրոջը չի ճանաչում, մարդկանց մոտ անհանդուրժողականությունը պիկին է, տնտեսությունը կառավարում եք միայն պարտքերով, թոշակները չեն բարձրանում, զուգահետ կոռուպցիա է ու թալան, հուսահատությունը, աղքատությունը, անպաշտպանությունը եռում է, ամենուր ագրեսիա է ու հանցագործություններ են, ասում ես կներե՞ք։

Տվել ես 1000-ից ավելի խոստումներ, որոնք չես կատարել, ի՞նչ կներեք։ Կարող ենք ներել նրա համար, որ գյուղում մանկական խաղահրապարակ ես խոստացել, բայց չես սարքել, բայց երկիրը ձախողելու համար ո՞նց ներենք։ Դու էիր չէ՞ ասում կգամ դրանցից սաղից լավ կանեմ․ ու քաղաքացին, որ քեզ բերել է, հետո ընտրել է, ակնկալում է, որ կատարես խոստումներդ, ոչ թե պրավալ տաս ու ոտքերն ընկնես, թե կներեք։ Թե՞ մտածել ես՝ կստացվի՝ կստացվի, չէ՞ կասեմ կներեք։

Հրամանատարը, որ իր զորամիավորումով գնում է պատերազմի կամ ինչ-որ առաջադրանք կատարելու, հաղթեց՝ դառնում է հերոս, նոր կոչում են տալիս, որովհետև արժանի է, մտածել է, ծրագրել է, հաղթել է, մանավանդ՝ քիչ կորուստներով։ Բայց եթե հրամանատարը ամբողջ զորքը տանի կոտորածի, ինքն ու իր ընտանիքը սաղ-սալամաթ, կերած-խմած, ուրախ կանգնեն, ասի՝ ներողություն, դե չստացվե՞ց։ Օրինակ, ըստ ձեզ, նորմալ մարդը, հրամանատարը, ղեկավարը, էդքանից հետո ի՞նչ պիտի անի։

Հլը պատկերացրեք Հիտլերը ինքնասպան չլիներ․ կապիտուլացվելուց հետո մնար իր գահին, հելնելու էր ասեր՝ դե իմ հպարտ Գերմանիայի ժողովուրդ՝ կներե՞ք։

Մինչև Նիկոլին հասնելը մենք էլի ժվար ժամանակներ ենք տեսել, տեսել ենք 1992 թվական, երբ Արցախի կեսից շատը Ադրբեջանի վերահսկողության տակ էր։ Ծանրագույն ժամանակներ էին, Սովետի փլուզումից հետո Ադրբեջանին շատ ավելի շատ զենք էր մնացել, բնակչությունը ավելի շատ էր, Հայաստանն ու Արցախը թույլ վիճակում էին, երբ ձևավորվեց Արցախն ազատագրելու վերջին շանս համարվող պաշտպանության պետական կոմիտեն․ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց պատասխանատվություն․ ասաց՝ գիտեմ ինչ պետք է անել ու արեց․ հաղթեցինք մեզանից մեծ, հարուստ, շատ զենք ունեցող Ադրբեջանին։ Բայց ես չեմ պատկերացնում, որ Քոչարյանի ղեկավարածով չստացվեր, Արցախը թողնվեր թշնամուն, հազարավոր զոհեր լինեին, բայց նա գար մի քանի տարի հետո ասեր՝ դե լավ, դե կներեք, չստացվեց։ Առհասարակ չեմ պատկերացնում։

Դու ասում ես պատրաստ եմ կանգնել գնդակահարության պատի տակ, հետո քո թիկնազորն ավելի ես ամրապնդում ու ֆեյսբուքում գրում ես՝ իմ բաժին ներողությունն ե՞մ խնդրում։ Իսկ ո՞վ ասաց, որ դու ներվելու տեղ ունես։ Կարծեմ՝ 2016 թվականին ԱՄՆ Օկլահոմա նահանգում դատարանը մահապատիժ նշանակեց մեկին, որը երեք հոգու սպանել էր դաժան ձևով ու թալանել 6 տուն։ Վերջին խոսքի ժամանակ նա խնդրեց իրեն ներել, ասաց՝ փոշմանել եմ ի սրտե զղջում եմ։ Դատավորն ասաց՝ այ էն քաղաքացին, որի տունը ամբողջությամբ թալանել ես ու մսխել, քեզ ներել է, բայց երեք զոհի հարազատներին դու դիմելու երես ունե՞ս։ Դատապարտվեց մահվան։ Քնար տատին կարող է քեզ ներել, որ իր թոշակը չես բարձրացրել ու ստիպված, 76 տարեկան լինելով, շոգ արևին կանաչի է ծախում, որ թոշակին գումարի ու ապրի․ դու նրան խոստացել ես արժանապատիվ ծերություն, չես տվել, կարող ա ների․ բայց զավակ կորցրած ծնողը ո՞նց ների․ ինքը իրեն կների՞, եթե քեզ ներեց։ Կստացվի, կարելի է գալ, մեծ-մեծ խոսել, մի ամբողջ սերունդ դնել հողի տակ, վերջում էլ ներողություն խնդրելով, բացառապես ախրանիկների պաշտպանության տակ ապրել։ Էդպես հաջորդն էլ կանի, նրա հաջորդն էլ։ Կարող ես ներողություն խնդրել, երբ կարմիր լույսի տակով շարասյունդ սլանում է, բայց որ դրա պատճառով կնոջ ես սպանել՝ դեռ չծնված երեխայի հետ, դու ներողամտության տեղ ունե՞ս։  

Կարճ ասած՝ դու ասելու բան այլևս չունես, դու ունես անելու բան․ քո անելիք միակ բանը, կարծում եմ, քո գործունեությանը քո ձեռքով վերջ տալն է։ Գործունեությունը՝ բոլոր իմաստներով, թե՛ որպես պաշտոնյա, թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ որպես մարդ։ Որովհետև դու վերջ ես տվել արդեն հայկական մի պետությանը, երկրորդն էլ հասցնում ես անդառնալիության կետին։ Ղեկավարը հարց լուծելու համար է, ոչ թե հարցերն ավելացնելու, էլ չեմ ասում, որ էդքանից հետո էլ մնում ու հավակնում ես շարունակել մնալ։

Բացիր, ինքդ քո հոդվածը կարդա, որ գրել էիր Սահակաշվիլուն, էն ժամանակ որ, քո առաջարկի փոխարեն, կանգներ պատմական ու իրական Վրաստանից խոսեր, կարծում ես համոզիչ կլինե՞ր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ