Մինչ այսօրվա թեման, ուզում եմ անդրադառնալ օրվա աբսուրդային լուրին․ երկրիս ԱԱԾ-ն հայտարարեց, որ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել հայ զինծառայողների նկատմամբ, որոնք մոլորվելու պատճառով ադրբեջանական կողմն անցած հայ հովիվին ու նրա հոտը փրկելու համար անցել են հայ-ադրբեջանական սահմանը։ Նույն ԱԱԾ-ն 2024թ․ փետրվարի 28-ին բռնել էր հայկական կողմն անցած ադրբեջանցի զինվորի, բայց օրեր անց շտապ բաց թողեց-հետ ուղարկեց իր տուն։ Նույն իշխանությունն ասում է՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում չկա, բայց հիմա ասում է՝ հայ զինվորն անցել է ադրբեջանական սահմանը։ Ի՞նչ ասեմ՝ հայկական շահ, սահման, զինվոր․․․ չկա իրենց համար, դա արժեք չէ այս իշխանության համար։ Ադրբեջանականը, ի զարման մեզ՝ կա։ Անցնեմ թեմայիս։
Երեկ Ազգային ժողովում ելույթներ էին ամբողջ օրը։ Ընդդիմադիրները, տարբեր ձևերով, բայց մեկ բան էին ասում՝ ձեր խոստումները տապալել եք, հողերը հանձնել եք, հանձնում եք, գնացեք։ Շատ տեղին կոչ էր ու հորդոր։ Ի միջի այլոց, փողոցում որ սովորական ժողովրդից հարցում ենք անում, գրեթե նույնը քաղաքացիներն են ասում։ Ի՞նչ էին ասում նիկոլենք․ ընդունելով, որ տապալել են, մեղադրում էին բոլորին՝ աշխարհին, պատմությանը, եկեղեցուն, ռուսներին, նախկիններին, ապագաներին, ընդդիմությանը, գլուխները տմբտմբացնում, մատ թափ տալիս, գնում պատմության խորքերը, փիլիսոփայում։
Ընդդիմությունն ասում է, այ ընկեր, դուք երկիր եք հանձնում, Նիկոլն արձագանքում է՝ որոշ հոգևորականներ, որ հիմա Ոսկեպարի եկեղեցում շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այնտեղ եղել։ Քե՞զ ինչ, թե քանի անգամ են եղել․ ասենք՝ 10 անգամ կամ ոչ մի անգամ․ որ դու հանձնում ես, ի՞նչ կապ ունի նրա հետ, թե քահանան կամ սրբազանը քանի անգամ եկեղեցի գնաց․ այս պետության և նրա անվտանգության ու սահմանների պահպանության երաշխավորը դո՛ւ ես, որպես իշխանություն։
Ընդդիմությունն ասում է՝ խոստացել ես Արցախի ինքնորոշում, Արցախը հանձնել ես․ Նիկոլն ասում է՝ 1996 թվականին Լիսաբոնի գագաթնաժողովում սենց ռեզալյուցիա է եղել։ Նիկոլ, դա ի՞նչ կապ ունի․ Լիսաբոնի գագաթնաժողովը եղել է 1996 թվականին, դրանից հետո 27 տարի Արցախը զարգացել է, ապրել է, մի եքա սերունդ է ծնվել, հասունացել, երեխեք ունեցել անկախ իր երկրում, դու եկել-Արցախը հանձնել ես, հլը խոսու՞մ ես ։ Թե ով որ թղթով ինչ է բանակցել, կապ չունի, դրանք բոլորը պահել են, դու հանձնել ես։ Ասում է՝ դե լուծեիք․․․ արա լուծած-պրծած էր, ինքնորոշված իր համար ապրում էր, էկած-չեկած՝ սկսեցիր առևտուրներ անել, էն ղումաբազի պես, մի օր էլ կրվար, մենակով, թաքուն ճանաչեցիր Ադրբեջանի կազմում։ Նշեմ, ճանաչեցիր՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը որպես Արցախ պետության երաշխավոր, մենակով նվեր տվեցիր մի եքա Հայրենիք ու դեռ խոսու՞մ ես։ Հրաժարական տայիր, հեռանայիր, ասեիր, որ տենց հանձնառություն քեզ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի ժողովուրդը չի տվել։ Լիսաբո՞ն, Մադրի՞դ, դու առհասարակ ի՞նչ ես խոսում, ո՞նց կարելի է համեմատել այն, ինչ եղել է, ու այն, ինչ դու արեցիր։
Բոլոր երկրներում, մենակ Հայաստանում չէ, լսու՞մ եք, բոլոր պետություններում, իշխանության թիվ 1 պարտականությունը պետության անվտագության ապահովումն է․ այն քվեն, մանդատը, պաշտոնը, փողը դրա համար եք ստացել։ Դու ստացել ես քվե, 45 հազար քառակուսի կիլոմետրից թողել ես 29 հազար ու էլի, էսքանից հետո մարզերով ֆռում-ասում ես՝ պտի հողեր տամ, որ երաշխավորված պատերազմը գուցե չլինի․ քեզ հիշեցնում են, որ դու նախընտրական ծրագրում գրել ես հա՛մ անվտանգություն կապահովես, հա՛մ էլ կորցրածը հետ կբերես։ Դու մունաթ ես գալիս, թե՝ սաղ սխալ ա, իրական Հայաստան, պատմական Հայաստան, Խոր Վիրապից էն կողմ Թուրքիա է, քեռիս շոկոլադ չի տվել փոքր վախտ, իմ տան անդամը բանտ ա նստել, Ալմա-Աթայի հռչկագիր։ Դա ի՞նչ կապ ունի, իշխանությունը լոլոներ ասել չի, մեծ պատասխանատվություն ա, պարտավոր ես ապահովել անվտանգությունը քաղաքացիների, իրենց սեփականության և այլնի, քեզ դրա համար ընտրել և վճարում է այդ քաղաքացին, որ ապահովես, ոչ թե իրեն վրա մունաթներ գաս, փիլիսոփայես, թե ինչի չես կարողանում քո պարտականությունները կատարել։
Ասում են Արցախը խի՞ ես տվել, ասում ես՝ թե մեզ 30 տարի մեշոքի նման էս կողմից էն կողմ են շպրտել։ Է ձեզ կարող ա հիմա էլ են շպրտում, բայց դա ի՞նչ կապ ունի նրա հետ, որ հայկական հողերը կար, հազարամյակով ապրել ու արարել ենք, դու եկել՝ տվել ես։ Քեզ ասում են հողերը ինչի՞ ես տվել, պատասխանում ես՝ մեզ չեն թողել մեր պատմության դասագիրքը մենք գրենք։ Արա ի՞նչ ես դու խոսում ու քեզ թվում ա էս ամենից հետո, քեզ դեռ լուրջ լսող կա՞։ Քո կարծիքով էդքանը ժողովուրդը չի՞ հասկանում։ Անուններդ էլ չեն ուզում լսեն, ոչ միայն ձեր ելույթները։
Ընդդիմությունն ասում է՝ դարձյալ հողեր եք հանձնում ու տեղն էլ բան չեք ստանում, էն մի ՔՊ-ականն ասում է՝ մենք ակադեմիական քաղաք ենք սարքում, նախկինները մանկապարտեզները սարքել են ռեստորան։ Նախ ինչքան Շուռնուխի 13 տունը սարքեցիք, էնքան ակադեմիական քաղաք կսարքեք․ բայց հարցը դա չէ․ ի՞նչ կապ ունեն մանկապարտեզները նրա հետ, Վաղարշակ, որ դուք հող եք հանձնել, հանձնում թշնամուն՝ տեղը ստանալով երեք մատի վարժությունը։ Ալենն ասում է՝ ընդդիմությանը մանդատները դրեք, օրակարգ չունեք, ֆլան-ֆստան․ ասենք դրեցին կամ ոչ, ասենք չունեն օրակարգ, բայց դա ինչ կապ ունի նրա հետ, որ դուք Արցախ եք հանձնել, հիմա էլ էլի հանձնումներից եք խոսում, միայն ու ձեր ուղիղ պարտականությունը չեք կատարում ՀՀ քաղաքացիների մոտ, այն է՝ ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը, սահմանները և այլ։ Բա էն, հազար ու մի կուսակցություն փոխած Կոնջորյանն ասում է՝ մեզ ասում են ժողովրդի հարկերն անիմաստ եք ծախսում, այ ընդդիմության վրա ծախսածը անիմաստ է, միջոցների վատնում է։ Այսինքն, որևէ տեղ գրված է եղել, որ ձեզ վճարում են հողեր հանձնելու, երկիրը իրար խառնելու ու թշնամուն հանձնվելու համա՞ր, դրա համա՞ր եք տենց գոհ, ձեր արածից։ Ձեզ էլ է հարկատու ընտրել, ընդդիմությայնն էլ։ Ընդդիմդիր հարկատուն էլ ընդդիմությանն է ձեն տվել․ եթե ձերը արդարացված է, էդ ո՞նց վարկանիշն իջավ 8 տոկոս։
Մեկ օրինակ բերեմ․ կառավարության շենքին շատ մոտիկ ճաշարան կա․ ընդմիջում են անում լիքը ՔՊ-ականներ, նախարարութունների աշխատողներ, կառավարության մոտ պահակություն անող, ցույցերը ցրող լիքը ոստիկաններ ու բերետներ։ Էդ ճաշարանի տնօրինությունը հերոս հարկատու է։ Հիմա ամիսը, ասենք, վճարել է 1 մլն դրամ հարկ, օրինակ։ 1 մլն դրամի 500 հազար դրամին աշխատավարձ է ստացել Նիկոլ Փաշինյանը, մյուս 500 հազար դրամը ստացել է ընդդիմադիր պատգամավոր, ասենք՝ Թադևոս Ավետիսյանը։ Նիկոլ Փաշինյանը ճաշարանի հարկից ստացել է աշխատավարձ, պատերազմ է բերել մեր գլխին, ասել է գնացեք մեր նոր Սարդարապատում կռվեք, ու ճաշարանի մենեջերի տղային բերել է Եռաբլուր։ Իրական բան եմ պատմում։ Ընդդիմադիր Թադևոս Ավետիսյանը նույն ճաշարանի գործնեությունից ստացած հարկերից աշխատավարձ է ստացել ու պայքարել է Նիկոլի դեմ, բերման է ենթարկվել, չնայած պատգամավոր էր։ Հիմա ո՞վ է հարկը մսխում։ Դու քաղաքացու աշխատածից հարկ ես վերցրել, պարգևավճար ես բաժանել ձեզ ու նույն քաղաքացու երեխուն զոհ ես տվել, որ քեզ չասեն դավաճան ու դու շարունակես մսխել էտ փողերը։ Այ դա է ճշմարտությունը։
Նայեք էլի, ասում ա՝ Ալիևը առիթ է փնտրում լայնամասշտաբ պատերազմի․ այ որ չեք թողնում հանձնեմ, որ պատերազմ չլինի, ուրեմն դուք մեղավոր եք լինելու պատերազմի համար։ Է՞ս ինչ նորություն էր։ Դու 2020 թվականին զորքերը հետ ես քաշել Սյունիքից, որ պատերազմ չլինի, Շուռնուխ ես տվել, որ պատերազմ չլինի, 2022թ․ Պրահայում Արցախ ես հանձնել, որ պատերազմ չլինի, իրենց դիվերսանտներին առոք-փառք հանել տվել ես դրանց, մինապատ հողերի քարտեզները սաղ ինչ ունեինք-չունեինք, արել էինք, որ թշնամին մեր հող չկարողանա մտնի, հանիր տվեցիր, եսիմինչի համար, հիմա ասում ե՝ս Ալիևը առիթ ա ման գալիս, որ պատերազմ սկսի՞։ Բա էն սաղ ինչի՞ ես հանձնել։ Բա քո ՔՊ-ական խմբակների գլուխները լցրել էիր, որ Արցախը մերը չի, նրանցն ա, չնայելով որ 100 հազար հայ այնտեղ ապրում ա հազարամյակով․ դրանց դատարկ գլուխները լցրեցիր, որ Արցախից ավելի կարևոր է մեր 29,800-ը, այ դա մերն է։ Հիմա ասում ես՝ պետք է էլի հանձնեմ, թե չէ պատերազմ կսկսի։ Բա էդ քո քպական դատարկագլուխները քեզ չեն ասու՞մ՝ եթե վստահ չէիր, երաշխիք չունեիր, բա ինչի՞ վռազ հանձնիր, հիմա էլ շանտաժ ես անում նոր պատերազմո՞վ։ Չգիտեմ, տպավորություն ունեմ, որ էս պարզագույն հարցը իրեն իրենց ժողովներին, ուսապարկերը չեն տալիս։
Կրկնում եմ՝ ձեր ու ցանկացած իշխանության առաջնահերթ պարտականությունը անվտանգությունն ապահովելն է, հասկանու՞մ եք, ապահովելը, սրա նրա տունը հանձնելով չեն անում, ապահովում են՝ բանակով, դիվանագիտությամբ, գործընկերների հետ համագործակցությամբ․ այո՛ դա բարդ, թանկ, խելք ու ջանք պահանջող պրոցես է, իսկ ուրիշի տունը թշնամուն նվիրելը ոչինչ էլ չի պահանջում․ դուք էլ հենց դա եք անում։ Էն որ դուք բարձր աշխատավարձ եք ստանում, պարգևրավճար եք ստանում, տարին մի 10 անգամ արտասահման եք գնում՝ ման գալու, գործուղում, տներ ու դաչաներ եք առնում, բանկային հաշիվներդ հարյուրապատկվել է, որոշներինը հազարապատկվել, դրա դիմաց դուք պետք է ապահովեք նվազագույնը՝ անվտանգություն։ Դա էլ չեք անում, ավելին հակառակն եք անում։ Ու հիմա ԱԺ-ից չգիտեմ ոնց, մատ եք թափ տալիս, մեղադրում եք սրան-նրան, ինչ-որ խալաստոյ կրակում եք աջ ու ձախ, փիլիսոփայում եք, գնում դարերի խորքը, եսիմինչեր եք հիշեցնում, իրականում ժողովրդին շեղում եք, որովհետև այդ հարցերի պատասխանները չունեք։ Ձեզ թվում ՝ քաղաքացին չի՞ հասկանում, որ չես կարողանում, հանձնում ես ու ասում ես՝ մերը չէր։ Ղարաբաղն էլ էր մերը, Ոսկեպարն էլ էր մերը, Արարատն էլ է մերը․ այ դու մերը չես։ Էն օրը նյութ եմ կարդում՝ դատախազությունը գործ է հարուցել, որ սպան զենքերը վայր է դրել, հանձնել է, պարտվողական տրամադրություն է սերմանել․ դե բա գերագույն գլխավոր հռչակվածը նույնը չի՞ անում։ Եթե էդ սպայի արածը հանցագործություն է, բա քո՞նը ինչ է։
Խոստացել ես անվտանգություն պահովել, հիմա մի՛ արի մեզ ասա՝ պտի հանձնեմ, թե չէ չեմ կարում ապահովեմ․ ոնց ուզում ես ապահովի, բա ինչ մտքովդ անցնում էր՝ խոստանում էիր։ Բա պողպատե մանդատ էիր ստացել, որ դառնաս «Ցռան Վերգո՞»։ Մարդկանց մոտ մի՛ արդարացի, չե՞ս կարողանում, գնա։ Ձեզ ոչ մեկ չի ասել, չէ՞, եկեք իմ պարտականությունները կատարեք։ Քեզ Իշխանը չի ասել արի իմ փոխարեն միտինգ արա, Սերոբը չի ասում արի իմ փոխարեն ոչխար պահի, ես չեմ ասում արի իմ փոխարեն «Կարճ ասած»-ի տեքստը գրի, բժշկուհի Մարգոն չի ասում արի իմ փոխարեն ծնունդ ընդունի․ ասում ենք կատարի քո՛ պարտականությունները։ Չե՞ս կարողանում, գնա։ Դու սաղ հանձնում ես, ու բացի հանձնելուց ուրիշ առաջարկելու բան չունես, ու դեռ խոսում ես, որ պետք է մտածողություն փոխենք, որ քեզ հասկանա՞նք։ Լրիվ գժանոց, լուրջ եմ ասում։
Կարճ ասած՝ ՔՊ-ականների ու Նիկոլի՝ խորհրդարանում ելույթի միակ ասելիքը հետևյալն էր՝ ժողովուրդ, չենք կարողանում ապահովել ձեր անվտանգությունը։ Էս ա։ Ու տրամաբանական հարցն է առաջանում՝ բա ի՞նչ գործ ունեք էդ աթոռներին։ Կլինի՞ մեր երկրի գործերով էլ չզբաղվեք, կլինի՞ պտասխանատվություն վերցնեք ձեզ վրա կյանքում մեկ անգամ, խոստովանեք, որ ոտքներիդ եք գցել ու գնաք՝ հնարավորություն տալով մարդիկ գան ու փորձեն փրկել այն, ինչ մնացել ա տակը։ Թե չէ մնացած ձեր սաղ ասածնրը անկապ լոլոներ են։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը