Երբ պաշտոնյան, առավել ևս՝ ղեկավարը, անում է քայլեր, որոնք տրամաբանությունից դուրս են, արդյունքը հասկանալի չէ, հանրությունը սկսում է կասկածել, որ դա ծրագիր է՝ այլ տեղերից թելադրված։ Հանրությունը վստահ է, չէ՞, որ հայոց լեզվի, եկեղեցու դեմ արշավը, տարբեր կոնվենցիաները թելադրված են, որովհետև ընկալելի չեն, մեր արժեքների մեջ չեն մտնում։ Ինձ համար ու վստահ եմ՝ շատերիս համար հասկանալի չէ, թե այս ծայրահեղ իրավիճակում, երբ հերթական բանակցությունը պրավալ ես տվել, երբ Արցախում արդեն սով է, ինչու է Նիկոլը գնում ինչ-որ գյուղում գոմ՝ պարզելու, թե այնտեղ կապածը կով է, թե ցլիկ, ձեռքով են կթում, թե ստանոկով ու ասում, որ հաճելի տեղում են կովերն ապրում։ Սկսում ես մտածել՝ լավ որտե՞ղ են գծվել մարդկանց ուշադրությունը շեղելու, սպասվող աղետն անլրջացնելու էս քայլերը։
Ու այդ տարօրինակ, անհասկանալի քայլերն անում է ոչ Միայն Հայաստանի, այլև Արցախի Նիկոլը։ Արցախցի մի կին գրում է, որ տանը հաց չկա, փող կա, բայց հաց չկա, որովհետև լույս չկա, որ հաց թխեն, եթե լույսն էլ գալիս է, բենզին չկա, որ թխած հացը հասցնեն խանութներ։ Արցախում դադարել է գործել տրանսպորտը։ Հիվանդասենյակից փոքրիկ արցախցի աղջնակը բողոքում է, որ ո՛չ սմետան կա, ո՛չ ձու կա, ո՛չ հաց կա, ո՛չ կաթիկ կա, մենակ լոբի է ու գրեչկա։ Այդ երեխային ու նրա նման հազարավոր երեխաների արձագանքում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ասում է՝ ժողովուրդ ջան, մինչև երեկո համբերեք, կարևոր ուղերձ եմ անելու։ Նրան հավատացողներն անհամբեր սպասում են այդ ուղերձին ու երեկոյան ասում է՝ հաշվի առնելով, որ շուտով հումանիտար աղետ է լինելու, ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հենց հիմա, առանց հապաղելու կգնամ կմիանամ Վերածննդի հրապարակում նստացույցին։ Մի շաբաթ նտացույց կանեմ, մի քանի օրից վիճակն էլ ավելի է վատանալու, ավելի ծայրահեղ միջոցի կդիմեմ։ Ես չգիտեմ, թե որն է այդ միջոցը, բայց դատելով Արայիկ Հարությունյանի քայլերից, մտածում եմ, որ ավելի ծայրահեղ միջոցը երևի նստացույցը ոչ թե վրանի մեջ, այլ արևի տակ անելն է։ Հետո Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն է հրատապ հավաքում հանձնաժողովների նախագահներին ու ասում է՝ դե որ տենց ա, ես էլ եմ գնում նստեմ կողքը։ Չի ասում՝ ԱԺ նախագահ եմ, վերջ ի վերջո, մի տուրիստ կա, որ ՀՀ-ում ԱԺ նախագահ է աշխատում, գրեմ-ասեմ, Ֆրանսիայից արի քննարկենք, մի բան անենք։
Արցախի պետնախարարը դեկտեմբերի 12-ին, երբ նոր էր փակվել միջանցքը, նստացույց սկսեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց․ ի՞նչ եղավ արդյունքը։ Եթե մոտացել եք, հիշեցնեմ, մի քանի օր անց ասաց քանի որ ՄԱԿ-ը հայտարարություն ընդունեց, ես բավարարված եմ, դադարեցնում եմ։ Ինչի՞ց էր բավարարված, էդ հայտարարությունը ի՞նչ հարց լուծեց։ Ինչո՞ւ ենք անլուրջ ընդունում Արցախի իշխանության քայլերը, որովհետև չտրամաբանված են։
Պաշտոնը պատասխանատվություն է, ամեն ինչ արել ես, որ ընտրվես Արցախում նախագահ․ ընտրվել ես, կարճ ժամանակում ոտքիդ ես քցել, հանձնել ես, հիմա եկել է ժամանակը, որ պետք է ճգնաժամային որոշումներ ընդունես, նստացույց ես անո՞ւմ։
Այո, Արցախում վիճակը ծայահեղ է, բայց աննախադեպ չէ։ Եկեք մի քիչ հետ գնանք ու հիշենք․ 1992 թվականի առաջին կես․ թշնամին գրավել է Ասկերանի շրջանի գյուղերը և քաղաքին է հասնում, գրավել է Շահումյանը, մարտերն ընթանում են արդեն Մարտակերտում, Սարսանգի ջրամբարի որոշ տեղամասեր գրավել է, Հադրութում բազմաթիվ գյուղեր են գրավել, օդային տարածքը վերցրել են հսկողության տակ, Աղդամից մոտենում են Ստեփանակերտին։ Երկրի ներսում ներքաղաքական ճգնաժամ է, գրեթե չկան պետական ինստիտուտներ, անգամ նորմալ շենքեր, մարդիկ ռիսկ չեն անում մտնել պատասխանատվության տակ ու որևէ ոլորտ առաջնորդել, կա զենքի պակաս, սննդի պակաս կա, անհաջողություններից արդեն հուսահատություն է մտել ժողովրդի մեջ, որը հիասթափվել է։ Հավաքվում են պարտիզանական պայքարի կազմակերպիչներն ու մասնակիցները, օգոստոսի 15-ին ստեղծվում է պաշտպանության պետական կոմիտե։ Ու ղեկավար է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա պատկերացրեք Ռոբերտ Քոչարյանը ներկայացներ էն ծանր իրականությունը, որը թվարկեցի ու ասեր՝ Արցախից արդեն 70 տոկոսը գրավել է թշնամին, սնունդ չկա, զենք չկա, ես որպես պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, որոշեցի գնալ ծայրահեղ քայլի և նստացույց եմ անելու։ Ի՞նչ կլիներ, ժողովուրդ։ Հիմա շատ բաներ նման են՝ Արցախի կեսը չկա, Հայստան հետ կան պրոբլեմներ, սնունդ չկա, զենք չկա։ Մենակ հանրային դժգոհությունը խիստ արտահայտված չէ, բայց դա էլ շուտով կլինի, վիճակը դրան է տանում։
Պետք է լինի որոշումների ընդունման պատասխանատվություն․ դու ի պաշտոնե ստանձնել ես էդ պատասխանատվությունը։ Ասում է՝ նստացույցին միանալն իմ սահմանադրական պարտավորությունների կատարման ուղղված քայլ է։ Լուրջ ե՞ս ասում։ Արցախի Հանրապետության սահմանադրությամբ դու ուրիշ առաքելություն չունե՞ս։ Սահմանադրության մեջ գրված է՝ որ նախագահը պետք է խնդիր լուծի՞, թե՞ նստացույց անի։ Քո սահմանադրական պարտավորությունն էր ապահովել Արցախի տարածքային ամբողջականությունը, դա խախտել ես, դու ինքդ քեզ պետք է պատժեիր այդ երդումդ տապալելու համար էլ չասեմ ոնց։ Եթե էդքանից հետո մնացել ես, ուրեմն էնպես անեիր, որ ժողովրդին էլ ավելի ծանր փորձության մեջ չգցեիր։ Դու պետք է աշխատես, իսկ նստացույց անողը պետք է տեսնի, որ նախագահի սենյակի լույսը գիշեր ցերեկ միացած է, ու ասի՝ լավ, ուրեմն էնտեղ աշխատում ա, չի քնում, գլուխը էս պատից էն պատն է տալիս, որ մի հարց լուծի, իսկ եթե տեսնի, որ արդյունք չկա, արդեն քո դեմ նստացույց անի, պահանջի, կոկորդիցդ բռնի՝ ասի խոստացել ես, տեր կանգնի։ Բայց դու երբ գնում-նտում ես անճարությունից նստացույց անողների մոտ, հետդ էլ տանում ես այլ կառույցների ղեկավարներին, ասում ես՝ նախագահի ինստիտուտ չկա, իշխանությունը փողոցում գցած է ժողովուրդ, սպասելիք մի ունեցեք։ Ես ձեզանից մեկն եմ, ես կարող եմ անել այն, ինչ դուք, ավել բան մի պահանջեք։
Լավ, եթե անգամ որոշել ես էդքան խայտառակել ինստիտուտը ու նստացույց անել, գոնե ձևակերպի հստակ ասելիքդ ճիշտ հասցեով։ Արայիկ Հարությունյանի նստացույցը տեղի է ունենում Բրյուսելում հանդիպումից հետո։ Բրյուսելում Նիկոլը, Միշելն ու Ալիևը պայմանավորվել են, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Արցախին։ Ուրեմն ճիշտ հասցեն գիտես ումից պետք է պահանջել, ով է քեզ հանձնում թշնամուն։
Իրավիճակը անելանելի նրանց համար, ովքեր ոչինչ չեն անում։ Թող Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ամեն մեկը իրենց ծառայողական ավտոմեքենաները նստեն, ֆուռերը սնունդով բարձած՝ գնան Արցախ, քայլ անեն։ Թող Արայիկ Հարությանյանը իր ամենագնացը նստի ու քշի Լաչինի միջանցք՝ այդ սնունդն ընդունելու։ Ո՞վ կարգելի։ Նախագահը կարող է դիմել ինչ-որ ծայրահեղ քայլի, եթե անելիք չունի․ դա, կրկնում եմ, կամ իր կյանքին վերջ տալն է, կամ հրաժարականը։ Նիկոլը Հայաստանում ա իշխանությունը կյանքի գնով պահում, Արայիկը Արցախում, բայց ասում են՝ կա՛մ մենք պետք է լինենք իշխանության, կա՛մ էդ պաշտոնները չեն լինի։ Սրանց համար երևի ավելի լավ է հանձնել պաշտոնը թուրքին։
Արայիկ Հարությունյանը ամեն ինչ արել ա էնպես, ինչպես ուզեցել ա Նիկոլը, ամեն ինչ արել է իր սրտով, անգամ հիմա քաղաքական հետապնդումներ է անում Նիկոլի սրտով։ Իսկ հիմա, Նիկոլն Արայիկից ստացել է ուզածը, էլ նա իրեն պետք չէ։ Հիմա, երբ Արայիկ Հարությունյանը մենակ նստած է, Նիկոլը գնացել է կովերին տեսության, նրան դրանք ավելի շատ են հետաքրքրում։
Կարճ ասած՝ դիմում եմ Արցախի իշխանությանը․ եթե որոշել եք Արցախը պահել, լրիվ ուրիշ ուղղությամբ պետք է գնաք․ եթե որոշել եք հանձնել, ապա ճիշտ ուղու վրա եք։ Ուղղակի ունեցեք ազնվություն, կամք, վճռականություն ասել այն, ինչ մտածում եք։ Արդյո՞ք թշնամու ծրագիրը չէր, որ Հայաստանում ու Արցախում լինի այսպիսի իշխանություն։ Արդյո՞ք էս վիճակը պատճառն այն չէ, որ սրանք դեռևս մարսում են իրենց բերած պատերազմը։ Արդյո՞ք արդարացված է այն, որ պետք է ժողովուրդը նստած հետևի, թե ոնց են երկու հոգի մեր հազարամյա հայրենիքի անունը ջնջում քարտեզից։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը