Երբ թշնամին Տեղ գյուղի մոտից մեր երկիր մտավ շուրջ 400 հեկտար, ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, թե իրենք կարձագանքեն այնպես, որ էսկալացիա չլինի։ Հաջորդ օրը նույն ԱԱԾ-ն հայտարարեց, թե բանակցությունների արդյունքում էականորեն բարելավվել է ինչ-որ բանի վիճակը և շարունակում են ինչ-որ բան բանակցել։ Թե ինչ է նշանակում վիճակը բարելավվել է, չհասկացանք։ Հիմա մենք այդ հատվածում ունենք, միջադեպ, փոխհրաձգություն, նոր զոհեր, վիրավորներ։ Պարտավոր էին դուրս շպրտել, չարեցին, ասացին՝ չանենք, որ կռիվ չլինի։ Արդյունքում ինչ-որ բան բանակեցին, բայց կռիվ, միևնույնն է եղավ։ Արթուր Սահակյանի, Մկրտիչ Հարությունյանի, Հենրիկ Քոչարյանի, Նարեկ Սարգսյանի զոհվելու պատճառը հենց այն է, որ թշնամին անարգել խորացավ մեր տարածք ու կանխելու փոխարեն ասացին՝ բանակցենք, կհամոզենք, որ հետ գնան։ Ես չգիտեմ՝ ում վրա են մեղքը գցելու՝ նախկինների, դասալիքների, ռուսների, ՀԱՊԿ-ի․ խաղաղապահների, 5-րդ կամ 8-րդ շարասյան, թե էլի ցրելու համար խոսելու են կոռուպցիայից, ապօրինի գույքից, բայց փաստ է՝ կոնկրետ ձեր պատճառով է, որ զոհեր ունենք ու տարածքային կորուստ։ Հիշում եք, մի անգամ հաշվարկ էինք արել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն օրը 3 զոհ է մեզ արժենում։ Սա հիշեք, մի մոռացեք, բան չի փոխվել, նույն վիճակագրությունը շարունակվում է։ Երեկվա զոհերը վկա։
ՊՆ-ն տեսանյութ է տարածել, թե ինչպես են ադրբեջանցիները մոտենում մեր զինվորներին, հանգիստ, առանց խոչընդոտի, առանց կանխելու։ Հետո լինում են արդեն կրակոցներ։ Ու հարցեր են առաջանում՝ ո՞վ է տվել չկրակելու հրաման, ինչո՞ւ են էդքան խիզախ մոտենում մեր դիրքերին, եթե դա կարելի է դիրք ասել։ Ո՛չ ճանապարհին են դիրքավորվել, որ չկարողանան մոտենալ, ոչ էլ կանխում են։ Հարց ես տալիս, ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ տենց հարցեր որ տալիս եք, կոտրում եք բանակի մեջքը։ Էն, որ իրենց կառավարման արդյունքում օրը 3-4 զինվորի զոհ են տալիս, էն, որ իրենք ամեն օր Եռաբլուրում նախօրոք պատրաստ փորված փոս են ապահովում, դրանով բանակի մեջքը չի կոտրում, լրագրողը որ արդարացիորեն հարցնում է՝ ինչի սահմանը պաշտպանված չէ, դրանով կոտրում ենք։
Էն մյուսը՝ էլի սյունեցի, էն որ ասում էր՝ եթե արոտավայրերը մնացել են թշնամուն, թող նենց կով պահեն, որ խոտ չի ուտում, հիմա էլ ասում է՝ դե որ թշնամին մոտեցել է, մերոնք երևի մտածել են ուրիշ բանի համար է մոտեցել, չեն կրակել։ Օրինակ թշնամին ինչի՞ համար պետք է մոտենա․ երևի մոտեցել էր ասեր եկեք Շուշին հետ վերցրե՞ք։ Չնայած, հնարավոր է մոտենում էր շնորհակալություն հայտներ, որ դեռ այսքանից հետո Փաշինյան վարչապետին են պահում- պահպանում։ Եթե դա նկատի ուներ ՔՊ-ականը, համաձայնվեցի՝ հնարավոր է։
Ովքե՞ր են բանակցել ադրբեջանցիների հետ, որ ասում էին՝ բարելավվել է վիճակը, ի՞նչ են բանակցել։ Կամ ո՞նց եք բանակցել, Ադրբեջանի ղեկավարությունը քանի անգամ հայտարարել է, այսօր ևս, որ հայ արբեջանական ուղիղ բանակցությունները դադարձեցված են, չկան, տեղի չեն ունենում, ինչ-որ օնլայն ինչ-որ դիվանագիտություն է։
Պաշտոնական հաղորդագրությունն ասում է՝ ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին։ Խրամատ փորողը պետք է սահմանը ճշտե՞ր, ո՞ւմ հետ են սահմանները ճշգրտվել մինչ այս։ Մեզ բոլորովին չի մխիթարում, որ էն կողմից զոհեր կան, մեզ անհանգստացնում է, որ մենք ունենք զոհեր։
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում ու կոչ է անում միջազգային հանրությանը հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել Ադրբեջանի կողմից իրավիճակի հետագա էսկալացիան։ Ասենք միջազգայն հանրությունը հարց ուղղի, ասի Արարատ ջան, իսկ դուք ի՞նչ եք անում կանխելու համար, դուք ընդհանրապես ի՞նչ եք արել, ինչ ես ասելու․ շատ-շատ՝ պետք է ասես թողել եմ մտել են մեր հողերի մեջ, 400 հեկտար խորացել են, հետո եմ իմացել՝ մամուլից, որ արդեն դիրքավորվել են, հետո թողել եմ մոտենան մեր զինվորներին, կրակեն, պատասխան կրակել ենք ու էդքանը։ Դու բան չես անում, ասում ես՝ միջազգային հանրություն արձագանքի։ Միջազգային հանրությունը արձագանքեց պատերազմին, Լաչինի միջանցքի փակմանը, սեպտեմբերի 13-ին, ի՞նչ օգուտ ստացար։
Ի՞նչ է տեղի ուենում սահմանին․ ըստ իս, տեղի է ունենում հետևյալը․ Ադրբեջանը անում է սահմանագծում իր ուզած ձևով՝ Հայաստանի վարչապետի համաձայնությամբ։ Այս պահին Ադրբեջանը սահմանագծում է անում, որ կողմից ինչքան ուզում է, ինչքան կարողանում է՝ գալիս է։ Հայկական կողմը ոչինչ չի ձեռնարկում, որ էսկալացիա չլինի, թողնում է վերցնեն, նրանք էլ քանի մետր առաջ եկան՝ ամրանում են։ Մարտական գործողությունները, զոհերը նրա համար են, որպեսզի կարողանա Ադրբեջանը այն ամենը ստանալ, ինչի շուրջ, շատերի կարծիքով, պայմանավորվածություններ ունի Փաշինյանի հետ։ Բա ձեր կարծիքով ինչո՞ւ են ամեն անգամ առաջ գալիս, էս կողմից ասում են՝ չենք արձագանքի, որ էսկալացիա չլինի։ Եթե Նիկոլ Փաշինյանը միանգամից ստորագրի ու տա այն ամեը, ինչ իրենից ուզում են, իրադրությունը վերահսկողությունից դուրս կգա, դրա համար էլ դա տեղի է ունենում էսպիսի քայլերով։ Դե, կասեն, ժողովուրդ, մտան վերցրին, խեղճ հարիֆն ի՞նչ անի։ Իսկ հետո, արդեն, երբ բանը հասնի արդեն թղթով դելիմիտացիային, ընդամենը կարձանագրեն այն սահմանները, որտեղ կանգնած է ադրբեջանական զորքը։ Դա կարձանագրեն, որից հետո արդեն Ադրբեջանը կսկսի իրագործել իր՝ Արևմտյան Ադրբեջան օպերացիան։
Հիմա Նիկոլը հողերը հանձնում է, ծախում է, նվիրում է, թե ինչ է անում, ենթադրում ենք, բայց այդ բոլորի արդյունքը մեկն է՝ մենք զրկվում ենք տարածքից, մեր զինվորները զոհվում ու վիրավորվում են, մեր սահմանամերձ շրջաններում ապրողները չեն կարողանում ապրել ու հեռանում են իրենց տներից։
Կրկնում եմ՝ այս պահին, իմ խորին համոզմամբ, Ադրբեջանը իրականացնում է դեմարկացիա, այսինքն՝ սահմանագծի անցկացում։ Իսկ դելիմիտացիան՝ այսինքն՝ քարտեզի վրա անցկացումը, գուցե արել է Նիկոլ Փաշինյանի հետ միասին՝ Պրահայում, Մյունխենում կամ այլ վայրերում, օպերատիվ կապի միջոցներով։
Հիմա հայ զինվորը, Տեղ գյուղի բնակիչները, վարդենիսցիները իրենց մաշկի վրա զգում են Նիկոլ-Ալիև խաղի ծանրությունը։ Վաղը դա կզգան նաև Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզի բակիչները։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ դե էդ կարգի միջադեպեր հա էլ եղել են։ Հա եղել են ու էլի ձեր վախտ։ Ու լինելու են, քանի դեռ հենց դուք եք այստեղ իշխանության։ Սա պատերազմ է ու այն լինելու է հատկապես նրա համար, որ դու անընդհատ ասում ես տամ, հանձնեմ, թող չլինի, հանգիստ ապրեմ։ Ոչ, չի լինում այդպես, չեղավ այդպես, վերջին 30 տարին հա լսել ենք, էն վիգենխաչատրյանանմաններից՝ Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք․ բա տվել եք, խի՞ հանգիստ չենք ապրում, հիմա էլ Սյունիքը տա՞նք՝ հանգիստ ապրենք։ Չէ՞ որ, ձեզ համար կարևոր են ՔՊ իշխանության սահմանները, դրանք միայն Երևանում են, մնացածը մյուսների գործն է։ Կարևորը՝ իշխանությունն անառիկ լինի, Ալենը կարողանա ախրաննիկներին ասի՝ սրա ձեռքերը ոլորեք, էն մյուսը բռնել տա սխալ պահելու համար իր բերնին տվածին, վրեն զոնտիկ նետողին և այդպես։
Երեկ երեկոյան Երևան կենտրոնի բոլոր փողոցներում, խաչմերուկներում կանգնած էին լիքը ոստիկաններ, իրենց մեքենաներով, հրապարակներում կանգնած էին ավտոբուսներ, մեջը լիքը ոստիկաններ, կառավարության, ԱԺ շենքերի դիմաց ոստիկանական բազմաթիվ ու տարբեր ջկատներ էին, հատուկ միջոցներ։ Կմտածեիք, թե ոստիկաններին տանում են սահմանը պահելու․ ո՛չ, իհարկե, այս իշխանությունը հո լավ գիտի, որ իր ապաշնորհության պատճառով է, որ էլի զոհեր ունենք, տարածքային կորուստներ ունենք ու վախենում է նույն բանից, որ մարդիկ կհավաքվեն հերներն անիծելու։ Ոստիկաններին բերում ու դեմ են տալիս որդեկորույս ծնողին, տեղահանվածին, խաբվածին, տուն-տեղ, գերեզման կորցրածին։
Կարճ ասած՝ ասա ովքեր են ղեկավարում, ասեմ ինչ կլինի քեզ հետ։ Շատ օրինաչափ է, որ մեր վիճակը սա է։ Իշխանական քարոզչությունը Նիկոլի անունը դրել է խեղճ հարիֆ, Նիկոլին ընտրած ժողովուրդն էլ բավարարվել է դրանով։ Ուր նստում, ասում են՝ Բա խեղճ հարիֆով ուզում ես Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցե՞լ, չստացվելու դեպքում պատերազմել ու հաղթե՞լ, ուզում ես Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Չինաստանի հետ հարաբերություն զարգացնե՞լ։ Բայց ես էլ ասում եմ՝ այ միամիտ մարդ, էդ խեղճ հարիֆով խաղաղությո՞ւն ես ուզում լինի, լու՞րջ։ Հարիֆը ինքը չի, հարիֆը դուք եք, որ անգիր արած կրկնում եք, առանց հասկանալու, որ ոչ միայն խաղաղություն չի լինելու, եթե նա է բանակցողը, այլ շատ շուտով ձեր տուն են գալու, ձեր երեխային էլ չեմ ասում, եթե արդեն չեն տարել զոհասեղանին, անպայման տանելու են, որովհետև դա է գինը, որը վճարում ենք ազգովի՝ այս խայտառակ որակի իշխանության համար։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը