18 09 2020

2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր. խոստացան, եկան, ձախողեցին․ Թադևոս Ավետիսյան

2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր. խոստացան, եկան, ձախողեցին․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ կառավարության 2020թ. հուլիսի 10-ի N 1212-Ն որոշմամբ հաստատվել է 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ): Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

նա, մասնավորապես, նշել է. «2023թ.-ին ավարտվում է նաեւ ՀՀ կառավարության ծրագրի ժամկետը, որի 4.2-րդ բաժինը վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտին:

Պետական այս երկու հիմնական ծրագրերի բովանդակային համադրմամբ առանձնացրել ենք ուշագրավ փաստեր, որոնք վերաբերում են սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված իշխանության ականջահաճո խոստումների փաստացի ձախողումներին: Մասնավորապես.

1. Հաջորդ երեք տարիներին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված միջոցները գրեթե չեն աճելու, տարեկան աճը աննշան՝ շուրջ 1,5 տոկոս: Ավելին, այս միջոցների հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ նվազելու է տարեկան 0,5 տոկոսային կետով՝ չնայած խորացող սոցիալական խնդիրներին:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է՝ սոցիալական պաշտպանության ոլորտի պետական ֆինանսավորման միջնաժամկետ փոփոխությունները համարժեք չեն տրված խոստումներին եւ չեն կարող ապահովել դրանց գոնե նվազագույն կատարումը:

2. ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված է նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում, սակայն ՄԺԾԾ-ով մինչեւ 2023թ. նվազագույն աշխատավարձի չափի բարձրացում նախատեսված չի: Վարձու աշխատողների շուրջ քառորդ մասն էլ շարունակում է աղքատ մնալ: Իսկ պետական բարձրաստիճանների իրական վարձատրությունն արդեն կրկնապատկվել է եւ առնվազն այդ չափով շարունակելու է պահպանվել:

3. «Նպաստից դեպի աշխատանք» հիմնական նպատակադրման ներքո կառավարությունը խոստացել է՝

- մինչեւ 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը,

- բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը, ներդնել նոր ծրագրեր:

Նախ՝ անապահովության նպաստների չափերը չեն ավելացել 2018-2020թթ. եւ չեն ավելանալու նաեւ 2021-2023թթ.: Պետական բյուջեից անապահովության նպաստներին հատկացվող միջոցները 2021-2023թթ. նույնպես մնալու են անփոփոխ՝ պահպանելով 2020թ. ցուցանիշը: Իսկ նպաստի ամսական միջին չափը շուրջ 31000 դրամ է, որը կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքից: Պաշտոնական վիճակագրության վերջին ցուցանիշների համաձայն՝ 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: Իսկ 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսային կետով, որն էապես գերազանցել է 2018թ. ցուցանիշը:

Մյուս կողմից, զբաղվածության պետական աջակցության ծրագրերի համար 2021-2023թթ. նախատեսվում է տարեկան հատկացնել շուրջ 2 միլիարդ դրամ, որը 14,3 տոկոսով կրճատվելու է 2020թ. համեմատ:

Իսկ 2019թ. դեկտեմբերի 5-ին հաստատված «Աշխատի՛ր, Հայաստան» ռազմավարությամբ կառավարությունը թիրախավորել էր զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցների տարեկան աճ՝ առնվազն 5 տոկոսով: 2018թ. հետո զբաղվածության պետական աջակցության որեւէ նոր ծրագիր չի ներդրվել, այն նախատեսված չի նաեւ 2021-2023թթ.: Ընդ որում, այս ծրագրերն ապաշնորհ պետական կառավարման հետեւանքով 2018թ. թերակատարվել են աննախադեպ չափով՝ շուրջ 75 տոկոսով, իսկ 2019թ.՝ շուրջ 50 տոկոսով:

4. Կառավարությունն իր ծրագրով խոստացել է պարբերաբար բարձրացնել պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ:

Իրականում միջին ամսական կենսաթոշակների չափերը միջինը 30-40 տոկոսով ցածր են մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքից: Չնայած սպասվող գնաճին (հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով)՝ միջին ամսական կենսաթոշակների չափերը 2021-2023թթ. չեն ավելանալու:

Կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշները պահպանելու են 2020թ. արժեքները, մասնավորապես`

- աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ,

- աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` մինչեւ 10 տարվա ստաժի համար` 950 դրամ, իսկ 10 տարուց ավելի ստաժի համար` 500 դրամ,

- զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ,

- նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26500 եւ այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ