27 03 2020

Առաջնահերթ թիրախը պետք է լինեն գործազուրկ դարձած քաղաքացիները․ Փաշինյան

Առաջնահերթ թիրախը պետք է լինեն գործազուրկ դարձած քաղաքացիները․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Ամփոփվել են նախորդ քննարկման ժամանակ հնչած գաղափարները, ներկայացվել են կառավարության կողմից երեկ ընդունված սոցիալական աջակցության փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնմանը միտված մի շարք առաջարկություններ:

Վարչապետն անդրադարձել է այսօր քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին և արձանագրել, որ հիմա հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, որոնք էլ պետք է լինեն առաջնահերթ թիրախը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գեներացված գաղափարների լրամշակման ուղղությամբ և դրանց հիման վրա կիրակի օրը քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև կառավարության կողմից երեկ հաստատված տնտեսական և գյուղատնտեսական աջակցության ծրագրերի իրականացման կարգին վերաբերող հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ