22 01 2024

Իշխանությունների խորամանկ քայլերը․ 168․am

Իշխանությունների խորամանկ քայլերը․ 168․am

168․am-ը գրում է․ Հայաստանի տնտեսության աճերը, որոնցով իշխանությունները հայտարարում են համաշխարհային մակարդակի առաջընթացների գրանցման մասին, մեծամասամբ կեղծ են, հիմնված են խորամանկությունների ու խաբեությունների վրա։ Դրանք իրական տնտեսական աճեր չեն, ավելացված արժեք հիմնականում չեն ստեղծում, ու շատ դեպքերում ստացվում են, կոպիտ ասած, մախինացիաների միջոցով։

Այստեղից-այնտեղից ապրանքներ ներկրելով, հայկականացնելով և հայկականի անվան տակ արտահանելով, որքան էլ վիճակագրորեն բարձր աճեր ենք ստանում, դրանից մեր տնտեսության վիճակը բոլորովին էլ չի լավանում։

Այն, ինչ անում են տնտեսական ցուցանիշների հետ, պարզապես ապշեցնում է։

Տնտեսության մեջ տեղի ունեցած ամենամեծ զավեշտներից մեկին ականատես եղանք անցած տարվա վերջին, երբ մի քանի ամսվա անընդմեջ անկումից հետո, նոյեմբերին արդյունաբերության, մասնավորապես՝ մշակող արդյունաբերության մեջ կտրուկ աճ արձանագրվեց։

Շատերին դա գուցե ուրախացրեց, բայց շատերին էլ զարմացրեց։ Նման թռիչքը տարօրինակ էր։

Հիշեցնենք, այդ ամսին մշակող արդյունաբերության մեջ արտադրության ծավալների ավելի քան 33 տոկոսով աճ արձանագրվեց։ Բայց այդ աճը գերազանցապես մեկ ոլորտի հաշվին էր։ Խոսքը ոսկերչական արտադրության մասին է, որը նախորդ տարվա համեմատ՝ 13,7 անգամով ավելացրել էր։

Թվում է, թե հրաշք էր կատարվել։ Միայն նոյեմբերին տնտեսության այս ճյուղում ավելի շատ ապրանք էր արտադրվել, քան արտադրվել էր տարվա մնացած բոլոր ամիսներին միասին վերցրած։

Պաշտոնական վիճակագրությամբ, նոյեմբերին Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը կազմել էր ավելի քան 82,3 մլրդ դրամ։

Այն դեպքում, երբ նախորդ տասն ամիսների ընթացքում միասին վերցրած արտադրվել էր ընդամենը 66,3 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ։

Ստացվում է, որ միայն նոյեմբերին նույնիսկ 16 միլիարդով ավելի շատ ոսկերչական ապրանքներ են արտադրվել, քան տարվա մյուս բոլոր ամիսներին միասին, գրեթե կրկնակի ավելի շատ, քան 2022թ. ամբողջ տարվա ընթացքում։

Մինչ այդ, ոսկերչական արտադրատեսակների ամսական արտադրությունը հիմնականում 8-9 մլրդ դրամի շրջանակներում էր։ Տարեսկզբին նույնիսկ ավելի քիչ՝ 3-4 միլիարդ։

Նոյեմբերին տնտեսության այս ճյուղում 5,1 անգամ ավելի շատ ապրանք է արտադրվել, քան հոկետմբերին։

Հոկտեմբերին արտադրվել էր՝ 16,1 միլիարդի, արդեն նոյեմբերին՝ 82,3 միլիարդի ոսկերչական արտադրանք։

Պարզ է, որ ինչպես մեկ տարվա կտրվածքով արձանագրված՝ 13,7, այնպես էլ՝ մեկ ամսվա կտրվածքով արձանագրված 5,1 անգամով աճերը արհեստական աճեր են։ Դրանք չէին կարող կապված լինել ոլորտում տեղի ունեցող զարգացումների հետ։ Առավել ևս՝ հայտնի չէ, որ այս ընթացքում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ներքին կարողությունները մեծապես համալրվել են, արտադրության հզորությունները՝ ընդլայնվել։

Հասկանալի է, որ հերթական մեխանիզմն են խաղարկել՝ տնտեսության, մասնավորապես՝ արդյունաբերության աճեր ցույց տալու համար։

Բոլորին էլ պարզ է, որ նման կարճ ժամանակում անհնարին է արտադրության ծավալների նման հսկայական փոփոխություններ ապահովել։

Ուստի մնում է այն տարբերակը, որ դրսից այդ ապրանքները ներկրել են Հայաստան, գուցե նաև՝ հումքի անվան տակ, իսկ հետո, որպես պատրաստի արտադրանք, որն արտադրվել է իբր թե հայկական ձեռնարկություններում, տեղափոխել են այլ երկրներ ու դրա հիման վրա արտադրության ծավալների հսկայական աճեր են գրանցել։

Սա ըստ էության, առանց իշխանությունների իմացության ու թույլտվության չէր կարող լինել։

Հետաքրքիր է, որ նման հսկայական աճերի պայմաններում, մշակող արդյունաբերության մեջ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աշխատատեղեր նույնիսկ չեն ավելացել, անգամ մի քանի հարյուրով կրճատվել են։

Այնինչ՝ թվում է, թե հակառակը պիտի լիներ, հատկապես ոսկեգործության ոլորտում արտադրության ծավալների անգամներով ավելացման պայմաններում։

Հազիվ թե կարելի է կարծել, որ կարճ ժամանակահատվածում ոլորտում արտադրողականության բարձրացման սարսափելի մեծ թռիչք է կատարվել։

Այդ «թռիչքն» առայժմ տեսնում ենք մեկ ամսվա արդյունքներով, բայց չի բացառվում, որ ոսկերչության ոլորտում տեղի ունեցած «հրաշքը» շարունակվի նաև առաջիկա ամիսներին։ Ու դրա արդյունքում արդյունաբերությունը ոչ միայն դուրս գա անկումից, այլև հայտնվի բարձր աճերի տիրույթում։

Նման խորամանկ քայլերով, անշուշտ, կարող ենք բարձր աճեր գրանցել, բայց ոչ երբեք հասնել զարգացումների։ Այն, ինչ տեսնում ենք վերջին երկու տարիների ընթացքում, երբ արձանագրվող բարձր աճերի պայմաններում մեր տնտեսության իրական վիճակը գնալով վատանում է։

Եթե հավատայինք իշխանությունների ասածներին, ու արձանագրվող վիճակագրական աճերն իսկապես իրական աճեր լինեին, ապա հիմա, ինչպես մեր տնտեսությունը, այնպես էլ՝ մարդկանց կյանքը, ապրելու պայմանները պիտի հեղափոխական փոփոխությունների ենթարկված լինեին։ Բայց ունենք այն, որ տնտեսության մեջ, անգամ այսպիսի աճերից հետո, հետընթաց է գրանցվել, իսկ սոցիալական պայմանները, հասարակության հիմնական մասի մոտ, ավելի են վատացել ու շարունակում են վատանալ։

Այդպես է, որովհետև տնտեսական աճերն իրական աճեր չեն։ Ոսկերչության ոլորտում այն, ինչ տեսնում ենք, ընդամենը մեկ օրինակ է։ Բայց այդպիսի օրինակները, որոնց արդյունքում հասել ենք նման «բարձունքների», բազմաթիվ են։

Կասկած չկա, որ իշխանությունները ձգտելու են ոսկերչական ոլորտի այդ «հաջողված փորձն» առաջիկայում տարածել ու տեղայնացնել նաև տնտեսության այլ ճյուղերում։ Երբ իրական զարգացումներ չկան, այսպիսի քայլերի նպատակը ցանկացած գնով աճերի տպավորություն ստեղծելն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ