17 03 2022

ԲԴԽ-ն հերքում է․ Մակագրման համակարգի բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել

ԲԴԽ-ն հերքում է․ Մակագրման համակարգի բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել

Բարձրագույն դատական խորհուրդ է հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մակագրման համակարգի շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել։ Գրառման մեջ ասվում է․

«Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը. որ «… քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել » մինչդեռ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել էր, որ «հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունը արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։

Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։

Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ