05 03 2022

Նոր օլիգարխ՝ ՔՊ հովանու ներքո․ Hraparak.am

Նոր օլիգարխ՝ ՔՊ հովանու ներքո․ Hraparak.am

hraparak.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նարեկ Նալբանդյանի դեմքով իր սրտի օլիգարխն է կերտում՝ ասում են վերջինիս ճանաչողները: Եթե Նարեկ Նալբանդյան անունը ոչինչ չի ասում, հիշեցնենք, որ նա վերջերս 5 միլիարդ դրամով ձեռք է բերել «Գոլդեն փելես» հյուրանոցը: Ընդ որում, ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին, այսինքն՝ բանկերն են աջակցել, որ նա նման թանկ գնում անի՝ պարզերես անելով իշխանություններին եւ հասարակությանն ապացուցելով, որ ապօրինի գույքի բռնագանձում ասվածը միֆ չէ՝ դա իրականացվում է, գույքը ոչ միայն բռնագանձում են, այլեւ վաճառում, եւ պետական բյուջեն դրանից շահում է։ 

Մինչեւ գործարար ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների երեւելի դեմքերի հետ: 2018 թվականից հետո Նարեկի տերերը փոխվեցին. հիմա նա «պրիզնատ է գալիս» միայն իշխող ՔՊ-ին ու հատկապես Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբորը: «Իրար պաչ ու պռոշտիով են բարեւում»,- ասաց կողմերին լավ ճանաչող զրուցակիցս, ըստ որի՝ Նարեկի նոր տերերն ուզում են «փոքր քննիչից մեծ օլիգարխ ստանալ»:

Հիշեցնենք, որ ձվի շուկայում դեմպինգի իրականացումը եւս կապվում է նորահայտ օլիգարխի՝ Նարեկ Նալբանդյանի անվան ու նրա տնօրինության տակ անցած «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ: «Ձվի գինն իջեցրել է ընդհուպ մինչեւ 25 դրամ: Ճիշտ է՝ խանութներ կան, որ իրենց հեղինակությունը պահելու համար չեն էժանացնում, բայց, մեծ հաշվով, այն նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում: Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե ձվի ինքնարժեքը 30-35 դրամ է, կերն էլ՝ ներմուծվող»,- հարցնում է զրուցակիցս: Հիշեցնենք, որ այս դեմպինգի պատճառով մի քանի օր առաջ «Լուսակերտ» թռչնաբուծարանի աշխատողները բողոքի ակցիա էին անում, եւ հավերն էլ նվիրեցին գյուղացիներին, քանի որ այլեւս չեն կարողանում կերակրել եւ առհասարակ՝ գոյատեւել։

Բայց ամենազարմանալին այն է, որ թռչնակերն ամենաթանկ գնով հենց Նարեկ Նալբանդյանն է ձեռք բերում: Ըստ զրուցակցիս՝ նա այն գնում է Երեւանում գտնվող «Արդանե» կոչվող ընկերությունից: «Այսինքն՝ ինքնարժեքն իր վրա ավելի թանկ է նստում, բայց ձուն ամենաէժանն է վաճառում: Գիտեմ, որ օրական 100-150 հազար դոլար տակ է տալիս ու չի տրտնջում, որովհետեւ տերերը լուսավոր ապագա են խոստացել: Հիմա մինուսով կաշխատի, որ հետո ֆաբրիկաներն արհեստականորեն սնանկացման գնան, ու ինքն աճուրդով դրանք ձեռք բերի: Սկսել է խոշորներից: Երբ թռչնաշուկան ամբողջությամբ իր վերահսկողությանն անցնի, ձվի գինը կբարձրացնի, մեկ տարի էլ որ ձուն 100 դրամով ծախի, կորցրածը հետ կբերի»:

Զրուցակցիս փոխանցմամբ՝ Նարեկ Նալբանդյանին անխոցելի օլիգարխ են դարձնում կառավարության թողտվությամբ․ «Բացի «Գոլդեն փելեսից», նրան են պատկանում նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, երկու ալրաղաց, տրանսպորտային մեկ ընկերություն, որոնք այս պահին աշխատում են մինուսով: Ինքն էլ հարկերից ազատված է»: 

Իսկ Նալբանդյանները երեք եղբայր են՝ Նարեկը փոքրն է։ Նրանք տարիներ առաջ ստեղծել են «ՄԱՆ հոլդինգը», որը զբաղվել է ոչ միայն թռչնաբուծությամբ, այլեւ անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ («Նալբանդյան ալյուր»), կազմակերպել է սպիրտի արտադրություն, տնտեսական ապրանքների ներմուծում եւ մանրամեծածախ առեւտուր, բեռնատար մեքենաների վերանորոգում: «Գյումրի հավկիթ»-ը եւ «Նոր Լուսակերտ հավկիթ»-ը նույնպես «ՄԱՆ հոլդինգին» են պատկանել: Եղբայրներն անգամ մի փորձ են արել քաղաքականությամբ զբաղվելու՝ 2016թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցել է եղբայրներից մեկը՝ Աշոտ Նալբանդյանը։ Ապա, չնայած իրենք վստահ են, որ Նալբանդյանը հաղթել է, սակայն հաղթանակը շնորհվել է ՀՀԿ-ական թեկնածուին: Եղբայրներից ավագը՝ Միհրանը, բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Բայց նաեւ լուրեր կան, որ եղբայրների հարաբերություններն ինչ-որ պահից դադարել են ջերմ լինելուց, եւ նրանց ճանապարհները բաժանվել են։ Այժմ ասպարեզում է կրտսեր եղբայրը, որն իր ՔՊ-ական կապերի շնորհիվ կամաց համալրում է Հայաստանի խոշոր բիզնեսմենների շարքերը։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ