Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Գյումրի, Գորիս, Դիլիջան, Մեղրի քաղաքներում և Տաթև, Տեղ համայնքներում։ Եվս երեք համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում քաղաքացիներն ընտրել են և ավագանի, և համայնքի ղեկավար, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ։
ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 հազար 753 քաղաքացիներից 55 հազար 410-ը կամ 33,23 տոկոսը։
Գորիսում հաղթել է «Առուշ Առուշանյան» դաշինքը, որը ստացել է 6256 ձայն կամ 60,28 տոկոսը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին քվեարկել է 3590 մարդ, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Կարեն Լազարյանի օգտին՝ 243 ձայն։
ՔՊ-ն պարտվել է նաև Գյումրիի ընտրություններում։ «Բալասանյան դաշինքը» ստացել է 36,31 տոկոս ձայն, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 29,36 տոկոս: Երրորդ տեղում է «Զարթոնք» կուսակցությունը՝ 10,42% – ով ։
Մեղրիում հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 42,8 տոկոսով։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 32,8 տոկոսը, «Ազատական» կուսակցությունը` 14,4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը։
Դիլիջանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Իշխող կուսակցության թեկնածու Դավիթ Սարգսյանը ստացել է ձայների 57% - ը։
Սյունիքի մարզի Տեղ համայնքում հաղթել է իշխող ուժի թեկնածու Դավիթ Գուլունցը՝ հավաքելով 1530 ձայն։
Սյունիքի Տաթև համայնքում ևս հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արթուր Մաթևոսյանը՝ հավաքելով 1281 ձայն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը