ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին օրերին հանրակրթական ուսումնական տարբեր հաստատություններից և քաղաքացիներից ստանում է ահազանգեր և հարցումներ` հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու նպատակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այս առնչությամբ նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են ԿԳՄՍ նախարարության կողմից: Այդ նպատակով նախապես` ընտրության անցկացման օրվանից ոչ շուտ, քան 30 օր առաջ նախարարության կայքում հրապարակվում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մասին հայտարարություն, որի մասին իրազեկումը տարածվում է նաև զանգվածային լրատվության միջոցներով:
Այնուհետև ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում է վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորված կազմակերպությունների ցանկը, որը ևս հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում: Այնուհետև ընտրված կազմակերպությունները իրականացնում են հավակնորդների վեապատրաստում` ըստ նախարարի հրամանով հաստատված հարցաշարի:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ և համապատասխան հայտերի ընդունելություն դեռևս չի հայտարարել:
Հետևաբար, որևէ կազմակերպություն այս պահին նախարարության կողմից երաշխավորված չէ իրականացնելու հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման վերապատրաստում: Ուստի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց հորդորում ենք լինել զգոն և սպասել նախարարության պաշտոնական հայտարարությանը և նախարարի հրամանով հաստատված կազմակերպությունների ցանկի հրապարակմանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այժմ մշակվում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների նոր հարցաշարը` պայմանավորված նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով: Նոր հարցաշարի մշակումն այժմ ավարտական փուլում է գտնվում: Առաջիկայում՝ հարցաշարի հաստատումից հետո, կհայտարարվի վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման մրցույթ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը