«Այլընտրանքային նախագծեր» խումբը հոդված է հրապարակել «Պետության բացակայությունը՝ «Արտավազդի» քովիդի օրինակով» վերտառությամբ հոդվածը:
Համաճարակային վիճակը երկրում տագնապային է՝ ամենօրյա չդադարող մահեր։ Հիվանդանոցներում տեղ չկա։
Պետությունը չի կարողանում պատվաստանյութ ձեռք բերել։ Պաշտոնապես արվել է 600 պատվաստում, ինչը մի փոքր գյուղի ծավալ է, և ավելի շատ փաստում է իշխանության տապալումն այդ գործում։
Պետությունը չունի միասնական քաղաքականություն՝ ստեղծված իրավիճակում, երբ իր քաղաքացիներն ամեն օր հիվանդանում են, մարդիկ մնացել են միայնակ՝ վարակի դեմ։
Պետությունը չունի սահմանափակումների և կանխարգելման որևէ քաղաքականություն, և պետական ենթակայության կառույցներն ու համակարգերը՝ մշակութային օջախները, քաղաքային տրանսպորտը, պետական հաստատությունները, դպրոցները և այլն, վարակի տարածման անսպառ աղբյուր են։ Պետությունը դարձյալ մի կողմ է քաշվել։
Երեկ տեղի ունեցավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը՝ պետական մակարդակով, Օպերայի և բալետի ազգային թատրոնում։
Դահլիճում հակահամաճարակային վիճակը զրոյական մակարդակի էր՝ դահլիճի 90 տոկոսը առանց դիմակ, առանց սոցիալական հեռավորության, գրկախառնություններ, համբույրներ, և այս ամենը հեռարձակվում է համապետական ալիքով։
Այս միջոցառումով արձանագրվում է պետության անգործությունը։ Սա նշանակում է, որ միասնական իշխանություն Հայաստանում չկա։
Երեկվա միջոցառմանը օթյակում բոլորից մեկուսի նստած էին ԿԳՍՄ նախարարը և Երևանի քաղաքապետը։ Նրանք դիմակով էին և սոցիալական հեռավորություն էին պահպանում։ Իրենք՝ իրենց համար։ Սա նույնպես խոսում է երկրում միասնական իշխանության բացակայության մասին։
Պետությունը չի մտածում իր քաղաքացիների մասին, պետությունը չունի քաղաքականություն, պետությունը տվյալ պահին ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն ապրում են իրենց համար՝ իրենց ամառանոցներում, իրենց օթյակներում, միայն իրենց համար հասանելի պատվաստանյութերով։
Պետության բացակայությունը պայմանավորված է իշխանության լեգիտիմության զրոյական աստիճանով, ինչն իշխանությունը շատ լավ զգում է. վարչապետն իրեն շրջափակել է ոստիկանական զորքերով ու մտածում է բացառապես իր անվտանգության մասին, նախարարների ճնշող մեծամասնությանը ոչ ոք չի ճանաչում, ու նրանց խոսքը արժեք չունի, քաղաքապետ Հայկոն էլ արդեն 2 տարի է՝ չկա։
Իսկ առայժմ, շատ կարճ ժամանակ հետո, մենք կլսենք երեկվա «Արտավազդ» մրցանակաբաշխության տխուր հետևանքների մասին՝ նոր հիվանդներ և, ցավոք, մահեր։
Երեկվա միջոցառումից հետո պետք է լինեն հրաժարականներ, որովհետև իշխանությունն արել է հերթական անթույլատրելի արարքը։ Իսկ քանի որ հրաժարականներ չեն լինի, ապա մեզ մնում է հրապարակային երկու հարց ուղղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին.
Հարց 1.
Նույնիսկ չլինելով բժիշկ, Դուք հասկանու՞մ եք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ չի պահպանվել հակահամաճարակային որևէ նորմ, Դուք գիտակցու՞մ եք, որ դա հանցագործություն է, որը կարող է բերել մահերի։ Դուք հասկանու՞մ եք, որ այս վարքագծով Հայաստանը տարանջատվում է քաղաքակիրթ աշխարհի նորմերից։
Հարց 2
Դուք հայտարարել եք, որ առ այս պահը 600 քաղաքացի ստացել է պատվաստանյութ։ Խնդրում ենք ասել՝ ի՞նչ հրապարակային մեխանիզմով է հայտարարվել պատվաստանյութ ստանալու հնարավորության մասին, ինչպե՞ս են ընտրվել մարդիկ, և խնդրում ենք հրապարակել ստացողների անունները։ Ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն՝ դրանց մեջ մեծ թիվ են կազմում գործող իշխանության ներկայացուցիչներն ու նրանց մերձավոր բարեկամները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը