22։45
Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ։ Այս մասին ասուլիսին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի․ հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր ԶՈւ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։
«Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն նաև տեսանյութով հրապարակեց, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր։
Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Ուղղությունը հատկապես թեքվել է դեպի ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։ Մի քանի օջախային առանձին տեղերում հակառակորդի՝ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ։
Օդուժ շատ չի կիրառվել, չնայած առավոտյան մեր ԶՈւ-ի ՀՕՊ-ի կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ, որի մասին պաշտոնապես հաղորդում եղել է։
Մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն՝ նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած, բայց պահպանում են իրենց աստիճանը։ Կիրառվում են հիմնականում հրետանի, շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
22:30
Հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետևանքով․ Մանե Գևորգյան
21:45
Հանեք մեզ այս ճահճից․ Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա
20:55
Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները՝ ըստ օրերի
19:45
Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
19:00
Հակառակորդը կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․ ՊԲ
10:45
Հյուսիսային և հարավային ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը, հաղորդում են Պաշտպանության բանակից։
Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում:
ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
10:35
Հինգ զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» շքանշանով, 4-ը՝ հետմահու
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգեւներով պարգեւատրելու մասին հրամանագիր է ստորագրել.
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության եւ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգեւատրել.
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Վյաչեսլավ Վալերեւիչ ՈՍԿՈՎՍԿԻԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ (հետմահու)
Վահագն Արամի ԹՈւՄԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ (հետմահու)
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Տիգրան Արծվիի ԱՇՈՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
Զոհրաբ Հրաչիկի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու)
Ցոլակ Սամվելի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու):
10:07
Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում․ ԱԻՊԾ
Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նշվում է, որ երեկ էլ նույն ուղղությամբ կիրառվել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:
09:59
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի ինքնաթիռ
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։
Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նախորդ օրվա ամփոփումը՝ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը