Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել, այսօր երկուսի ջերմությունն էլ նորմայի սահմանում է։ Ես, Մարիամը եւ պարոն Փաշինյանը ջերմություն չունենք։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում, տեսակապով հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա պատմել է, որ այսօր մանկաբույժ եւ մեծահասակների բժիշկներ են եկել, բուժզննման ենթարկել, խոհուրդներ տվել։
Աննա Հակոբյանի խոսքով՝ իրենց ընտանիքի անդամների վարակված լինելն անակնկալ է եղել․
«Վարչապետ Փաշինյանը, որն ամեն օր աշխատում է, եւ Մարիամը, որը հանրային վայրերում հաճախ է լինում, թեեւ տնից է աշխատում, միշտ հետեւել են կանոններին»։
Ըստ Աննա Հակոբյանի՝ մեր հանրության շրջանում թերահավատությունը, որ կորոնավիրուս կա եւ վտանգավոր է, մեր ազգային առանձնահատկություններից է, ազգային հոգեբանություն, որ մենք շատ դժվարին վիճակներից ենք դուրս եկել, հետեւաբար սա էլ հեշտությամբ կհաղթահարենք։
«Բայց ես ունեմ ծանոթներ, որոնցից մեկը հազիվ է շնչում, նույնիսկ չի կարողանում խոսել, մեկ ուրիշը ծանր է տանում հիվանդությունը։ Շատ տհաճ ընթացք ունի բուժումը։ Սա այն դեպքն է, որ շատ վիրավորական է, որ այլ երկրներում, որոնց մասին կարող ենք ասել, որ սառը ժողովուրդներ են իրենք, չեն սիրում գրկախառնվել, իրարից հեռու են մնում, վիճակն այդքան վատ չէ։ Մենք էլ համավարակի հաղթահարումից հետո կվերադառնանք նույն՝ ջերմ հարաբերությունների վիճակին, բայց մինչեւ այդ պետք է զգույշ լինենք։ Այս վիրուսի առանձնահատկությունն այն է, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր ձեւով է ընթանում»։
Ինչո՞ւ շատ այլ երկրների համեմատ Հայաստանում այդքան մեծ է վարակվածների թիվը՝ հարցին, Ա․Հակոբյանը պատասխանել է․
«Որքան ես եմ տեղյակ, բոլոր երկրներում կատարվում են նույն գործողությունները, չկա տեղեկություն, որ մեզ մոտ չօգտագործեն։ Հայտնի միջոցառումները՝ դիմակներ կրելը, ախտահանելը, նույն կանոններն այստեղ էլ են սահմանված։ Ամեն ինչ կախված է մեկ մարդուց, եւ յուրաքանչյուրը պետք է պահպանի սահմանված, ու նաեւ հիգիենայի կանոնները։ Իմ խորհուրդն է՝ ամեն ինչ անել չվարակվելու համար։ Ոչ ոք չգիտի՝ ինչպես կհաղթահարի հիվանդությունը, հնարավոր է՝ նույնիսկ ջերմություն չունենա, հնարավոր է՝ ամենավատ ավարտը լինի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը