Tert.am-ը գրում է․ «Միանալով «Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի» ստորագրահավաքն իրականացնողներին՝ ես ստորագրել եմ մի գաղափարի տակ, որպեսզի փոխվի մեր ազգային հերոս, Արցախն ազատագրող նախագահի խափանման միջոցը: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը։
Նրա խոսքով՝ եթե կլինի դատ, որի արդյունքում կապացուցվի Ռոբերտ Քոչարյանի մեղքը, ապա թող նա կրի իր պատիժը, բայց քանի դեռ վճիռ չկա, իր համար անհասկանալի է Քոչարյանին կալանքի տակ պահելը։
Ըստ նրա՝ այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, այսօր այնպիսի մարդիկ են վիրավորում, որոնց մազերի չափ մշակույթի այդ գործիչները վաստակ ունեն։
Նա կոչով դիմեց այն արտիստներին, ովքեր մտահոգվել ու վախեցել են և չեն միացել ստորագրահավաքին «Մենք միասին ենք, իրար կողքի։ Որևէ հայտարարությունից կամ էլ զգուշացումից պետք չէ վախենալ։ Ումի՞ց պետք է վախենալ, չի կարելի ենթարկվել պրովոկացիային։ Այն մարդիկ, ովքեր մեզ սիրում ու հարգում են, շարունակելու են մեզ սիրել»։
Դիտարկմանը՝ չե՞ք զղջում, որ միացել եք նախաձեռնությանը, Նունե Եսայանը պատասխանել է, որ դա իր իրավունքն է՝ ում կողքին լինել «Էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ բաժանումներ եք անում։ Ժամանակին թուրքը մորթեց հային, դրան հերոսացրին, էսօր Դուք Ձեր հերոսներին թուրք ե՞ք անվանում, էլ չեմ խոսում՝ իմ ու իմ կոլեգաների հասցեին ինչեր են ասում»։
Հարցին՝ ինչու՞ հեղափոխության օրերին ժողովրդին չմիացաք, Նունե Եսայանն ասել է, որ քաղաքական հարցերի երբևէ չի խառնվել ու չի խառնվում. «Ժողովրդի հետ լինելն ինձ համար ուրիշ հասկացություն է. երբ ես բարեգործական համերգներ եմ իրականացնում, դա է ինձ համար նշանակում լինել ժողովրդի հետ»։
Խոսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերի մասին՝ Նունե Եսայանը նշեց, որ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն առաջին հերթին հարգում է Սերժ Սարգսյան մարդուն. «Եթե ինձ տեսնեիք հեղափոխության օրերին դրսում, չէի՞ք ասի՝ էս ի՞նչ ես անում։ Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, որի հետ շփումն անգամ մեծագույն հաճույք է»»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը