05 12 2019

Գործադիրը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը

Գործադիրը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը եւ ֆինանսական գնահատականը: Նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նշեց, որ ռազմավարությունը սահմանում է զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները:

Ավինյանի խոսքով, պաշտոնական տվյալներով 2018 թվականին աշխատանքային ռեսուրսները կազմում են բնակչության 68 տոկոսը, որից տնտեսապես ակտիվ է 57 տոկոսը: Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ գործազուրկ է 20,4 տոկոսը: Գործազուրկների մեջ 15-34 տարեկանները կազմում են 45 տոկոս:

Նա նշեց, որ գործազրկության եւ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության բարձր տեսակարար կշիռները վեր են հանում մի շարք մտահոգություններ: Հայաստանում 2013 թ. սկսած արձանագրվել է տնտեսական աճի ոչ շատ ցածր ցուցանիշ, այդուհանդերձ աճը անբավարար չափով է զուգակցվել նոր աշխատատեղերի ստեղծմամբ, առկա է զբաղվածության ոլորտը բնութագրող ցուցանիշների բաց կամ ցուցանիշներ, որոնք ամբողջական չեն, ինչպես օրինակ` աշխատուժի պահանջարկի մասին տեղեկատվությունը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում պետական քաղաքականություն մշակելիս: Միաժամանակ զբաղվածության պետական ծրագրերը կա¢մ գրավիչ չեն, կա¢մ դրանց մասին իրազեկվածության մակարդակը ցածր է:

Գործազրկության նվազեցման գործում կարեւոր դերակատարություն ունի հատկապես կրթության ոլորտը։ Ներկայումս խզված է կրթություն-աշխատաշուկա կապը, մինչդեռ որակյալ կրթությունն ունակ է ոչ միայն լավ աշխատող, այլեւ լավ գործատու պատրաստելու, ինչպես օրինակ` ձեռներեցության հմտությունների խթանման միջոցով ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելը եւ այլն:

Ռազմավարությամբ սահմանվում են նշված խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները:

«Աշխատի¢ր, Հայաստան» ռազմավարությունը միտված է մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության խթանման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում՝ աշխատանքի եւ մասնագիտական ինքնիրացման ճանապարհով:

Ռազմավարությամբ նախատեսվում է գործատուների արդյունավետ ներգրավվածություն մասնագիտական կրթության եւ ուսուցման գործընթացներում, շրջանավարտների մրցունակության բարձրացում եւ իրացման հնարավորությունների ընդլայնում, զբաղվածության արդյունավետ եւ հասցեական ծրագրերի մշակում, զբաղվածության ծառայություն մատուցողների կարողությունների զարգացում, նպաստների համակարգի առաջացրած շահադրդման փոփոխություն, արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացում, զբաղվածության փաստահենք քաղաքականության մշակման համար պահանջվող տվյալների հավաքագրում եւ վերլուծություն եւ այլն:

Նախագծի ընդունման արդյունքում  կունենանք հստակ սահմանված զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթություններ, ինչը հնարավորություն կտա համակարգված եւ ներդաշնակ կերպով իրականացնել ոլորտին առնչվող ծրագրերը:

Ռամավարության երեք ուղղություններն են մարդկային կապիտալի զարգացումը, զբաղվածության խթանումը եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Այս ռազմավարությամբ նաեւ նախատեսվում է առաջնագծում մարտական հերթապահության մեջ չընդգրկված զորամասերի ժամկետային զինծառայողների համար պիլոտային վերապատրաստումներ իրականացնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ