29 03 2019

ԳՇ պետը՝ զինվորների՝ «գողական» բարքերով ընդդիմության մասին․ Shantnews.am



«Չասեմ՝ շարքային դեպք է, բայց, իհարկե, դա ոչ ցանկալի դեպք էր, որ տեղի ունեցավ՝ խորքային արմատներ ունենալով հանդերձ։ Միջոցներ ենք ձեռնարկում, որ ամբողջությամբ վերահսկվեն նման դեպքերը»,- այս խոսքերով Մեղրիի զորամասի միջադեպին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` անդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Նա պատմել է, որ խնդիրը ծագել է նրանից, որ զինծառայողները փորձել են ըմբոստանալ և չկատարել զորամասի հրամանատարության պահանջները, քանի որ 1-2 զինծառայող «գողական» բարքերով փորձել են ընդդիմանալ գործող կարգին, ու կազմակեպել են այդ ամենը, մյուսներն էլ զինվորական «համերաշխությունից» դրդված կամ ստիպված գնացել են նրանց հետևից։

Դավթյանը պատմել է, որ միջադեպի մասնակից զինծառայողների քանակը մեծ չի եղել զորամասի ամբողջ կազմի համեմատությամբ, իսկ նրանց մեծ մասը հիմա զղջում է արածի համար, և նրանց արարքները դատապարտել են նաև նրանց ծնողները։

«Կա պրոբլեմ, ընդունում ենք մենք։ Եվ նորից եմ ասում՝ շարքային դեպք չէ, բայց, միևնույն ժամանակ, դեպքով մենք զբաղվում ենք շատ ուշադիր և լուծումներ անպայման կգտնվեն»,- ասել է շտաբի պետը։

Ճշտող հարցին՝ ի՞նչ պատիժ են ստանալու կազմակերպիչները, Դավթյանը պատասխանել է, որ դա լինելու է երկու հարթության վրա․

  • կարգապահական տույժեր արդեն տրված են համապատասխան պետերի կողմից
  • քրեական գործ է հարուցված, այդ գործով իրավապահները որոշում կընդունեն։

Դավթյանը մանրամասնել է, որ եղել են և՛ ազատումներ, և՛ տեղափոխություններ, և դրանք դեռ կշարունակվեն, քանի որ այդ խորքային երևույթն այս կարճ ժամանակում հնարավոր չէր խորությամբ ուսումնասիրել։ Բայց ըստ շտաբի պետի՝ որոշ բացահայտումներ կանի նաև քրեական գործը, ինչից ելնելով՝ ԶՈւ ղեկավարությունն էլ որոշումներ կընդունի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ