Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 5-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 16:00-ից 300-ից ավելի քաղաքացիներ, որոնք աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում, ի նշան բողոքի՝ փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը, ինչի պատճառով էլ գնացքները չեն կարողանալու երթևեկել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Առավոտից իրիկուն, տարվա ցանկացած եղանակային պայմաններում՝ թե՛ ձյանը, թե՛ անձրևին, թե՛ շոգին, աշխատել ենք իրենց ուզածով: Ոչ մի վրիպում չենք տվել ու հիմա որոշում են կայացրել, որ մեզ բոլորիս պրեմիաներից պետք է զրկեն»:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ մի քանի ժամ բանակցություններ է վարել ոստիկանության Սևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցներ, սակայն բողոքի մասնակիցներն ասում էին, որ այդ եկողները լսողի դերում են միայն հանդես գալիս: Նրանք ի վիճակի չեն իրենց խնդիրը լուծեն: «Մենք պահանջում ենք «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության առաջին դեմքերի հետ հանդիպում: Հակառակ դեպքում՝ կաթվածահար ենք անելու երկաթուղու աշխատանքը»,-ասել են ցուցարարները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը