21 09 2018

Նիկոլ Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին

Նիկոլ Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա  Զոհրաբյանին

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված ազատամարտիկների մայրերին:  Նրանք նշեցին, որ «1000 դրամների» հիմնադրամը գործում է միայն 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքների համար, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ այդ օրենքն ընդունվել է, որոշվել է, որ աշխատող մարդիկ ամսական 1000 դրամ են վճարում հիմնադրամին:

«Ի սկզբանե նախատեսված էր, որ այդ հիմնադրամից գումարների վճարումը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա: Ես հանձնարարեցի, որ ստուգեն հիմնադրամում այս պահին ունեցած գումարները և տեսնեն՝ հնարավոր է արդյոք մեկ տարի հետ գնալ և 2017-ի հունվարի 1-ը դարձնել 2016 թվականի հունվարի 1: Ինձ ասացին, որ հնարավոր է դարձնել անգամ 2015 թվականի հունվարի 1:

Հիմա օրենքը գործում է 2015-ի հունվարի 1-ից հետո եղած դեպքերի համար:  Խնդիրը միայն նշանակելը չէ, խնդիրն այն է, որ պետք է շարունակել տալ այդ գումարները: Եթե մենք ասենք՝ բոլորին տալիս ենք, բայց չկարողանաք տալ, դա ավելի վիրավորական է: Մենք հիմա կամաց-կամաց հետ ենք գնալու՝ դեպի 2014 թվական և այդպես շարունակ: Երբ այդ օրենքը չէր տարածվում 2015-2016 թվականների վրա, ավելի շատ մարդիկ էին իրենց վիրավորված զգում: Մենք հիմա քայլ-քայլ գնում ենք»,- ասաց վարչապետը:

Խոսելով ավագանուն թեկնածուների մասին Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը մնացել են օրինականության սահմաններում: Նա նորմալ համարեց քարոզարշավի ընթացքում կրքերի բորբոքումն ու բանավեճերը:

«Ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ընթացքում կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում: Կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել»,-  ասաց վարչապետը:  Նա հավելեց, որ տեղյակ է, որ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած արտահայտությունների և վիրավորանքների կապակցությամբ: «Ես ցանկանում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ Հայաստանի որևէ քաղաքացի որևէ այլ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով: Իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, դա էլ կարելի է հասկանալ, բայց, ընդհանուր առմամբ, պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար: Այս պահին ցանկանում եմ զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»,- եզրափակեց վարչապետը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ