Հայ-թուրքական սահմանի՝ Ռանչպար գյուղի հատվածում թուրքական կողմից սահմանն ապօրինի հատած անձը կամ անձինք արդեն շուրջ երկու ամիս է՝ չեն հայտնաբերվել։Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱԱԾ-ն հաղորդեց հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման մասին։ «Տվյալներ են ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- նշվում էր ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունից շուրջ երկու ամիս անց «Փաստինֆո»-ն կապ է հաստատել ԱԱԾ-ի հետ՝ պարզելու, ի վերջո, հատել են, թե ոչ, եթե ոչ, ապա ով է կանխել, եթե այո, ապա արդյո՞ք սահմանախախտ անձինք հայտնաբերվել են, թե՝ ոչ, պարզվել է առհասարակ, թե քանի անձ է հատել սահմանը, պարզվեց՝ ոչ, արդեն երկու ամիս է՝ ստուգում են։
«2024 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի մասին տվյալների ստուգման կապակցությամբ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ»,- լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից։
Ստացվում է, որ արդեն շուրջ երկու ամիս է, ինչ սահմանն ապօրինի հատած անձինք, որոնք կարող են լինել դիվերսանտ, լրտես, ազատ շրջում են, պատկան մարմիններն էլ, երևի թե, սպասում են, որ Թուրքիայից հնարավոր լրտեսին կրկին բնակիչները հայտնաբերեն և վնասազերծեն, ինչպես եղել է նախորդ տարի ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողների պարագայում, որոնցից մեկին քաղաքացիները կարողացել էին վնասազերծել, երբ արդեն ադրբեջանցին հասցրել էր ԶՊՄԿ պահնորդին սպանել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը