12 12 2024

«Հայկական ավիաուղիներ»-ը համատարած կերպով չեղարկում է թռիչքները

«Հայկական ավիաուղիներ»-ը համատարած կերպով չեղարկում է թռիչքները

«Հայկական ավիաուղիներ»-ը, որ դեկտեմբերի 5-ին ԶԼՄ-ների էլեկտրոնային փոստերին հաղորդագրություն էր ուղարկել սեզոնային զեղչերի մասին,  քաղաքացիներին փաստի առաջ է կանգնեցրել՝ չեղարկելով առաջիկա մի քանի օրերին նախատեսված բոլոր չվերթները։

Ընկերությունը դեկտեմբերի 5-ից 11- ը հայտարարել էր ավիատոմսերի գնիջեցում՝ Երևանից դեպի Մոսկվա, Սոչի, Վոլգոգրադ, Միներալնիե Վոդի, Կազան և հետադարձ թռիչքների համար։

«Ուղևորները կարող են ծրագրել իրենց հանգիստը նախապես, ամրագրելով տոմսերը հիմա՝ հատուկ արժեքով, և ճամփորդելով մինչև մարտի 19-ը»,-նշել էին ընկերությունից։

Մարդիկ, հավատելով ընկերությանը, գնել են տոմսեր ու նախապատրաստվել նախատոնական հանգստին։ Բայց ընկերության տհաճ անակնկալը չուշացավ։ Երեկվանից սկսած «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը չեղարկում է բոլոր ուղղություններով թռիչքները մինչև դեկտեմբերի 16-ը՝ այդ մասին իրազեկելով տոմս գնած քաղաքացիներին։

Բայց սա միակ տհաճ անակնկալը չէ ընկերության կողմից։

Տուրիստական ընկերություններից մեկից Panorama.am-ին հայտնեցին, որ ընկերությունը երեկվա թռիչքի համար տոմսեր գնած քաղաքացիներին չի վերադարձրել գումարը, փոխարենը տրամադրել է անվանական վաուչեր։

Ստացվում է զեղչի անվան տակ գումարներ հավաքած ընկերությունը տոներին ընդառաջ ոչ իր պարտավորություն է կատարում, ոչ էլ մարդկանց գումարներ է վերադարձնում՝ գցելով նրանց նոր ծախսերի ու գլխացավանքների մեջ։

Թռիչքների չեղարկման պատճառների մասին Panorama.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ավիաընկերությունից։ Սակայն ոչ ընկերության կայքում նշված (015) 718191 հեռախոսահամարին, ոչ հաղորդագրության ներքո նշված (060) 518191 հեռախոսահամարին, ոչ ընկերության ֆեյսբուքյան էջի միջոցով ուղղված զանգերին ու նամականերին ընկերությունից չեն պատասխանում։

Ի դեպ, այս իրավիճակից օգտվել են մյուս ավիաընկերությունները՝ դեպի ՌԴ քաղաքաներ սահմանելով սարսափելի մեծ գներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ