Կառավարությունն այսօրվա նիստում դադարեցրեց Գյումրիի համայնքի ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցակացելու որոշում կայացրեց։
Կառավարության հիմնավորմամբ, Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստը գումարվել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին: Ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրացել է դեկտեմբերի 10-ին:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Կառավարությունը դադարեցնում է Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները:
Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումը ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին։ Կրկին օրենքով է կարգավորվում՝ «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ»:
Ըստ «Ընտրական օրենսգիրքի» ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20-ին։
Այսպիսով, Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։
Փաշինյանն այսօր կամ վաղը կնշանակի նաև Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակտարի։ Անկուսակացական Սարիկ Միասյանն էր հաղթել փրայմըրիզում և նա էլ արտահերթ ընտրություններում կգլխավորի ՔՊ-ի ցուցակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը