«Խոսվում է գոյություն չունեցող երկրի, ԽՍՀՄ քարտեզների անընդունելիության մասին: Պիտի ուղիղ ասեմ, որ այս մոտեցումը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետև մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով և միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար:
«Հրապարակային ելույթներում մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք ինքներս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չենք ճանաչում, հնարավորություն ենք տալիս, որ ուրիշները նույնպես դա չճանաչեն, ընդ որում՝ հղում անելով մեզ վրա: Մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ:
Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը, և ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն: Գնացեք Կիրանց և սեփական աչքերով կտեսնեք այդ հաջողությունը:
Ինչ վերաբերվում է Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականներին, մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ և ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի: Ցավոք, նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չի: Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում, ուստի լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի:
Մի մոռացեք մի հանգամանք ևս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե Կիրանցը, թե Խեյրիմլին, եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել և այսպես շարունակ:
Եւ, ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների եւ շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը