08 10 2024

Սահմանամերձ գյուղը կդատարկվի, եթե գյուղի դպրոցը տեղափոխեն. Մեղրաշատի ղեկավար. 168.am

Սահմանամերձ գյուղը կդատարկվի, եթե գյուղի դպրոցը տեղափոխեն. Մեղրաշատի ղեկավար. 168.am

 

168.am-ը գրում է. Արդեն մեկ տարուց ավելի է՝ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի բնակիչները, դպրոցի անձնակազմն ահազանգում է՝ գյուղի միակ դպրոցը Կառավարությունը՝ ԿԳՄՍ նախարարության հետ, որոշել է փակել՝ միավորել հարևան գյուղի դպրոցի հետ։ Արդյունքում դպրոց հասնելու համար Մեղրաշատի երեխաները պետք է անցնեն 4 կիլոմետրից ավելի ճանապարհ, ինչը լուրջ խնդիր է։ Բացի այդ, սահմանամերձ Մեղրաշատ գյուղը կդատարկվի, եթե գյուղի դպրոցը տեղափոխեն:

Մեղրաշատի վարչական ղեկավար Էդգար Թադևոսյանի խոսքով՝ պատկան մարմիններից որևէ մեկը որևէ բնակչի կարծիք չի հարցրել, թե արդյո՞ք նրանց հարմար է՝ իրենց երեխաներին առավոտ շուտ մի քանի կիլոմետր տանեն, որպեսզի հասցնեն հարակից գյուղի դպրոց։

«Այս խնդիրը որևէ կերպ չի լուծվել, դեռ կրթահամալիր են սարքում հարևան գյուղում, երևի 1-2 տարի կտևի, ավարտեն՝ կհասկանանք՝ այս խնդիրն ինչպես են լուծելու։

Մենք սահմանամերձ գյուղում ենք, բնակիչների համար դժվար է իրենց երեխաներին տանեն հարակից գյուղի դպրոց, ավելին՝ եթե սահմանամերձ գյուղում դպրոց են փակում, այդ գյուղում ապրելու իմաստը ո՞րն է։ Մարդիկ այստեղ դպրոցի համար են մնացել, ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ նորմալ եկամուտ, ճանապարհների մասին էլ չեմ խոսում, նորմալ ճանապարհներ չունենք։ Կրկնում եմ՝ եթե դպրոց չկա, այստեղ մնալու իմաստը ո՞րն է»,- 168.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Մեղրաշատի վարչական ղեկավարը։
 

Նրա խոսքով՝ այս խնդիրը ներկայացրել են բոլոր պատկան մարմիններին, հարցը հասել է անգամ ԱԺ, բայց խնդիրը որևէ կերպ չի լուծվել։

«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասում էր, թե ժողովրդի հետ հանդիպել են, ժողովուրդը դեմ չէ դպրոցը փակելուն, բայց իրականում նման բան չկա, որևէ մեկին չեն հանդիպել, որևէ մեկի կարծիքը չեն հարցրել։

Իրենք չգիտե՞ն, որ սա սահմանամերձ գյուղ է, Հայաստանի տարածքում է, իհարկե գիտեն»,- շեշտեց Էդգար Թադևոսյանը։

Վարչական ղեկավարը չգիտի, թե այս հարցն ինչպես պետք է լուծվի, քանի որ պատկան մարմիններից որևէ մեկը հարցով չի զբաղվում։ Միակ հույսն այն է, որ 1-2 տարի հետո փոփոխություններ կլինեն, դպրոցը չի փակվի։

«Թող պատկան մարմինները՝ Կառավարությունից, ԿԳՄՍՆ-ից, գան գյուղ, խոսեն այս մարդկանց հետ, հասկանան, թե ինչ են պահանջում սահմանին ապրող բնակիչները, այսինքն՝ տեղում խնդրի մասին իմանան։

Նորից եմ ասում՝ նրանցից որևէ մեկը մեր գյուղ չի եկել, գուցե չեն ուզում հասկանան խնդրի ամբողջ խորությունը։

Չգիտեմ, տեսնենք՝ 1-2 տարուց ինչ կլինի այս երկրի վիճակը։ Եթե դպրոցը փակեցին, հաշվեք՝ գյուղն էլ են փակում. դատարկվելու է։ Մարդիկ իրենց ընտանիքներով կգնան Գյումրի, տուն կվարձեն, մի աշխատանք կգտնեն, կապրեն, գյուղն էլ այսպես դատարկ կմնա»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է գյուղի քարուքանդ ճանապարհներին և հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության յուրաքանչյուր նիստի մեծ մասը տրամադրում ու հերթով թվարկում է, թե որ գյուղում քանի կմ ճանապարհ են կառուցել սուբվենցիոն ծրագրերով, ինչո՞ւ Մեղրաշատ չեն հասել, Էդգար Թադևոսյանը պատասխանեց.

«Մեր Հանրապետությունում Ամասիայի տարածաշրջանի երեք գյուղ՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի, անտեսված են։ Չգիտեմ, գուցե իրենց սրտով չեն, չեմ կարող ասել՝ ինչու է այդպես»։

Նշենք, որ դեռևս տարվա սկզբին Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը 168.am-ին ասել էր, որ անձամբ դեմ է, որպեսզի Մեղրաշատի դպրոցը փակվի, քանի որ սահմանամերձ գյուղ է, կդատարկվի։

«Այս որոշումը վաղուց կա, նորություն չէ։ Սա Կառավարության որոշումն է, ես ոչինչ ասել չեմ կարող։ Մեղրաշատի դպրոցը շատ լավ դպրոց է, վերանորոգված, գազիֆիկացված, սպորտդահլիճով։

Եթե իմ հայեցողությանը մնար, չէի լուծարի, որովհետև սահմանամերձ գյուղ է, և դպրոց չլինելու դեպքում գյուղից մարդիկ շատ կգնան։ Ես Կառավարության որոշման դեմ ոչինչ անել չեմ կարող»,- ասել էր Ամասիայի համայնքապետը։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ