28 12 2023

Գերակա շահ ճանաչում են այն ամենը, ինչն ուզում են քանդել. Տիգրան Հեքեքյան



Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպվել՝ «Հանուն հանրային շահի՞, թե պատասխանատվությունից խուսափելու․ օրենսդրական փոփոխություններ» թեմայով։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանն անդրադարձավ Արամի 23 շենքի խնդրին: Նրա խոսքով՝ շենքը, որը պատմական հուշարձան է, ուզում էին շենքը վերցնել ու հյուրանոց, ռեստորան սարքել. «Ինչքան պայքարեցին, չկարողացան, վերջում սկսեցին այնքան մոտ քանդել ու 4-5 մետր ավելի խորը քանդել, բնականաբար, շենքի արևելյան հատվածի մի մասը, որը հայտնվում է օդի մեջ, թափվում է իրենց քանդած փոսորակի մեջ: Այդ մասին լռություն է, կառավարությունը որևէ արձագանք չէր տալիս: Դատախազություն դիմեցինք, քրեական գործ հարուցեց, 5-6 տարի քրգործի քննություն էր գնում, գործը կարճում են: Մենք բողոքարկում ենք հսկող դատախազին, գլխավոր դատախազին, որեւէ արձագանք չկա, ասես կույր են եւ չեն տեսնում խայտառակ խախտումները: Պետության շահը պաշտպանող դատախազությունը, որ քրեական գործի բացման հեղինակն է, կանգնում է հանցագործների կողքին: Արդեն դատապաշտպան ենք վարձել, որ այս գործը փրկի դատախազությունից, քննիչից եւ մյուս հանցագործ կազմից: Հզոր հրահանգ կա, որ հանկարծ այս գործում այս մարդիկ, որ ամենամեծ մեղավորներն են, մեղավորի աթոռին չհայտնվեն: Մենք անընդհատ բախվում ենք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ամեն կերպ փորձում են պաշտպանել, որ այդ գործը ընթացք չունենա:

Հիմա անցնենք հանրային շահին, ուզում եմ հասկանալ , եթե հանրային ու պետական շահ է, մեծ բան պիտի կառուցվի՝ ֆիլհարմոնիկ մեծ դահլիճ, կամ ատոմակայան, կամ ճանապարհ պետք է անցնի, որ բեռնաթափի մեր քաղաքը: Բայց մեր մոտ վերցնում են մի մասնավորից, տալիս են մյուսին: Այս դեպքում վերցնում են «Հայաստանի փոքրիկ երգիչներից», որոնք աշխարհում լավագույնն են ճանաչվել, դու, պետություն, պետք է կանգնես մեր կողքին՝ երկրից դուրս ու երկրում ներկայանալի մեր կառույցի մեջքին: Վերցնում ես ու տալիս ես օտար երկրում բնակվող քաղաքացու, սա ուղղակի անթույլատրելի վերաբերմունք է»:

 Տիգրան Հեքեքյանի դիտարկմամբ՝ գերակա շահ ճանաչում են ամեն ինչը, ինչն ուզում են քանդել: Ինչը պետք է՝ ասում են գերակա շահ. «Մի հատ էլ կետ են գրել, որ գերակա շահի սահմանումը տալիս է կառավարությունը, կառավարությունն էլ իրենք են, մարդիկ, որոնք լծակ ունեն, սեղմում են այն կետերի վրա, որոնք պետք են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ