22 12 2023

Ինչո՞ւ են նորատուսցի ձկնորսները եղել դիմակներով․ մանրամասներ

Ինչո՞ւ են նորատուսցի ձկնորսները եղել դիմակներով․ մանրամասներ

Դեկտեմբերի 20-ին քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց 26 ձկնորսի ձերբակալման մասին։ Ըստ հաղորդագրության, դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։40-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկներն ու «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողները Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում 2 նավակով ծառայություն են իրականացրել, իրենց մոտեցել են մոտ 200 ձկնորսական նավակներ, որոնցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։

Իսկ դեկտեմբերի 20-ին, արդեն, տեղի ունեցավ մեծ բողոքի ցույց, ձկնորսներն ու գյուղացիները փակեցին Գավառ-Երևան մայրուղին։

Նշենք, որ ՔԿ հաղորդագրության մեջ հատկապես «դիմակավորված անձանց» մասին հատվածը լայն շրջանառվեց՝ տպավորություն թողնելով, որ ձկնորսները դիմակավորվել են և հարձակվել ջրային պարեկների վրա։

Նորատուսցիները Yerevan.Today-ին պատմեցին, որ ձկնորսները լճում միշտ կրում են դիմակ՝ պաշտպանվելու համար ցրտից, քամուց․ յուրաքանչյուր ձկնորս իր մոտ ունի առնվազն երկու դիմակ։ Նորատուսում այդ դիմակները վաճառվում են գրեթե բոլոր խանութներում, արժեքն էլ 500 դրամ է։

Այսինքն, ոչ թե ձկնորսները դիմակավորվել են և գնացել պարեկների հետ առճակատման, այլ իրենց մոտ միշտ կրում են դրանք։

Ի դեպ, պարեկների հետ բախման միրջդաեպը, ըստ նրանց, քննչական կոմիտեն ներկայացրել է սխալ և ոչ ամբողջությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ