ՆԳՆ-ն հայտնում է․
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումից հետո անվտանգության գոտի չկապելը ավտովթարներից մահացության 2-րդ պատճառն է։ Ամրակապված վարելը նվազեցնում է վթարի դեպքում մահվան կամ լուրջ վնասվածքների հավանականությունը՝ վարորդներին և ուղևորներին ճիշտ դիրքում պահելով անգամ ինքնավթարի և կողաշրջման պարագայում։
Ընթացքի մեջ վարորդը և ուղևորները շարժվում են մեքենայի նույն արագությամբ: Եթե մեքենան կտրուկ կանգնում կամ վթարի է ենթարկվում, ապա վարորդն ու ուղևորները շարունակում են նույն արագությամբ շարժվել, որով մեքենան ընթանում էր մինչև կանգ առնելը: Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են, բայց իրականում վարորդը ամրագոտին երբեմն գցում է նստարանի թիկնակին: Անվտանգության գոտի չամրակապելը ճանապարհային երթևեկության կանոնների տարածված խախտումներից է: Վարորդներից բացի, չամրակապվելու հնարավոր ռիսկերը, ցավոք, հաշվի չեն առնում նաև ուղևորները։
2022 թվականին հանրապետության տարածքում ճանապարհային ոստիկանները և պարեկային ծառայողները կազմել են անվտանգության գոտիները չամրակապած մեքենա վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու 50131 վարչական իրավախախտման արձանագրություն, իսկ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 66790 վարչական իրավախախտում, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 16 հազարով ավելի է։ Հարգելի՛ վարորդներ և ուղևորներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Անվտանգության գոտու պարտադիր կիրառումը կպահպանի ձեր կյանքը»,- ասվում է ՆԳՆ թեմաստիկ անդրադարձում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը