10 11 2023

Եվս մեկ տարով կերկարաձգվի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը

Եվս մեկ տարով կերկարաձգվի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը

Առաջարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ազատել ավելացված արժեքի հարկից` 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ի վճարումից ազատված էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների վրա դնել լրացուցիչ սահմանափակում, այսինքն` կիրառել այն մեքենաների նկատմամբ, որոնց տարիքը չի գերազանցում հինգ տարին: Նախարարը նշել է, որ 2022 թվականի մարտի 17-ին ԵԱՏՄ հանձնաժողովի որոշմամբ Հայաստանին հատկացվել է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա. 2022 թվականի համար նախատեսվել է հատկացնել 7000 հատ, 2023 թվականի համար` 8000 հատ չափաքանակներով, որի շրջանակում կիրառվել է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:

Վահան Քերոբյանի խոսքով ԱԱՀ-ի եւ մաքսատուրքի վճարումից ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալները. 2022 թվականին ներմուծվել է 3485 միավոր, 2023 թվականի նոյեմբերի մեկի դրությամբ` 4195 տրանսպորտային միջոց, այսինքն` մոտ 20 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին կազմել է 8900 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,8 անգամ:

Նախարարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ հանձնաժողովի հարթակում քննարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւս երկու տարով մաքսատուրքի վճարումից ազատելու հարցը: Հայաստանին նախատեսվում է հատկացնել սակագնային քվոտա` 2024-2025 թվականների շրջանակում` յուրաքանչյուր տարվա համար 8000 հատ չափաքանակով:

Վահան Քերոբյանի խոսքով էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակներին: Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, ինչպես նաեւ մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար:

Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման թռիչքաձեւ աճ չլինելու հանգամանքը պատգամավոր Արսեն Թորոսյանը պայմանավորել է քաղաքացիների` վերոնշյալ մեքենաների օգտագործման շահավետության վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկմամբ, իսկ Նարեկ Ղահրամանյանը` վերոնշյալ մեքենաների բարձր արժեքով: Արսեն Թորոսյանը հորդորել է համապատասխան գերատեսչությանն այս մեքենաների շահագործման շահավետության մասով քաղաքացիների իրազեկման աշխատանքներ իրականացնել:

Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան` Վահան Քերոբյանը նշել է, այս պահին նախագծի կարգավորումներն ուղեւորատար ավտոբուսների ու բեռնատարների վրա չեն տարածվում:

Ծովինար Վարդանյանը խոսել է սոցիալական արդարության մասին եւ հարց բարձրացրել` որքանո՞վ է արդար, որ սոցիալապես ավելի լավ վիճակում գտնվող քաղաքացիներին նմանատիպ արտոնություններ են տրվում, իսկ ավելի վատ վիճակում գտնվողներին` ոչ: Նա շուկան առավել հասանելի եւ մատչելի դարձնելուն ուղղված մեխանիզմների անհրաժեշտությանն է անդրադարձել:

Պատգամավորներն ու գործադիրի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկիր ներմուծվող հին ավտոմեքենաների խնդրին եւ քննարկել ավտոպարկը թարմացնելու հնարավոր մեխանիզմները, խոսել քաղաքացիների համար դաշտը կանխատեսելի դարձնելու կարեւորության մասին:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է այս պահին ստատուս քվոն պահպանել, քաղաքական խոստում տալ, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում երկարաժամկետ եւ հասկանալի լուծումներ են մշակվելու այս դաշտի համար: Նա առաջարկել է նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, որից հետո վիճահարույց հարցերը կքննարկվեն եւ լուծումներ կառաջարկվեն:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ