Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են շենքեր, բակերում կայանված մեքենաներ, տներ։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապ օգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ութ անձանց մարմինները տեղափոխելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը