18 01 2023

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել կոչ-հորդորով

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել կոչ-հորդորով

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրվակով խորացնում Է Արցախի շրջափակման քաղաքականությունը:

Շարունակվող լիակատար շրջափակման և ձմռան պայմաններում էլեկտրաէներգիայի, համացանցի, իսկ 2023թ․ հունվարի 17-ից նաև գազի մատակարարման հերթական խափանումները Արցախի Հանրապետության ազգաբնակչությանը կանգնեցնում են հումանիտար աղետի եզրին։ Դրան գումարվել է նաև հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը խաղապահների ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների նկատմամբ «էկոակտիվիստ»-ների ահաբեկչական գործողությունները, և այդ ամենը ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածելը:

Արցախի Հանրապետության ազգաբնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթե լուռ համաձայնությամբ: Այն նպատակ ունի կոտրել արցախահայության կամքը և տասնյակ հազարավոր մարդկանց էթնիկ զտումների միջոցով բռնատեղահանել իրենց պատմական հայրենիքից։ Նմանօրինակ քայլերով Ադրբեջանը փորձում է նաև ձախողել տարածաշրջանում պատերազմի օջախների մարմանն ու հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջազգային կառույցների և տարբեր երկրների ջանքերը։

2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և հումանիտար աղետը կանխելու համար:

Հորդորում ենք միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին հայտարարություններից և կոչերից զատ գործնական քայլերով կանխել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները:

Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու նպատակով դիմում ենք համայն հայությանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկել սանձելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և պաշտպանելու սեփական հողում ապրելու արցախահայության օրինական իրավունքը։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական hայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ