23 11 2022

Դա պայքարի դադար չէր, այլ՝ պայքարի մարտավարության փոփոխություն․ Գեղամ Մանուկյան

Դա պայքարի դադար չէր, այլ՝ պայքարի մարտավարության փոփոխություն․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը գրում է.

«Երկու տարի առաջ այս օրը, դաշնակցական ընկերոջս՝  Գարիկ Ավետիսյանի հետ նախապես արված հայտարարության համաձայն, կառավարության շենքի դիմացն էինք. հայտարարեցինք անժամկետ հացադուլ՝ Նիկոլի հեռացման պահանջով։ Հաջորդ երկու օրերին մեզ միացան նաև այլ մեր հայրենակիցներ։ Շատերին տարհամոզում էինք, որ չգնան այդ քայլին։ Ամենադժվարը, թերևս, անհետ կորած զինծառայողներից մեկի հայրն էր։ Անել վիճակից չգիտեր՝ ինչ անել։

Ժամանակի հեռվից դժվար է այդ օրերը նկարագրել։ Մի կողմից ողջ օրվա ընթացքում հազարավոր մեր հայրենակիցների հոսքն էր՝ զորակցելու, զրուցելու, ելքեր փնտրելու համար։ Մյուս կողմից, իշխանական, կառավարական կաբինետների սադրիչների հորդորով, զոհվածների, անհետ կորածների, գերեվարվածների մի շարք ծնողների պարբերական հարձակումները մեզ վրա, մեղադրանքը, թե մեր հացադուլով խանգարում ենք անհետ կորածների որոնողական աշխատանքներին։

Իշխանական այդ կեղտոտ սադրանք-գործողույթունները հետո էլ են շարունակվել. անցնող երկու տարիներին, որի գագաթնակետն այս տարվա Հոռոմ գյուղի մոտ պետական ողջ ապարատով կազմակերպված սադրանքն էր։

Ցավոք, ծնողները, անհույս, մոլորված, սպասում են գերեվարված իրենց զավակների
վերադարձին։ Այս իշխանություններն էլ մինչ հիմա ձեռքերը ծալած թաքնվում են ոստիկանական շարասյունների ետևում ու ոչինչ չեն ձեռնարկում։

Տասն օր շարունակ մեր ընկերների հետ այնտեղ հանդիպեցինք բազում արժանապատիվ հայրենակիցների, տատիկների, որոնք ձմեռային սառնամանիքից պաշտպանվելու համար իրենց ձեռքով գործած ձեռնոց ու գլխարկ էին բերում մեզ, երբեմն՝ անուշեղեն, որը, բնականաբար, հրաժարվում էինք ընդունել։ Այդ օրերին ողջ ամբողջ ընթացքում մեր կողքին կանգնած էր Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա մայրիկը։ Գալիս էր թոռնիկի հետ. դեռ իր որդուց տեղեկություն չուներ։ Դավիթն այդ ժամանակ համարվում էր անհետ կորած։ Տիկին Լիդային հազիվ էինք համոզում ցրտին չմնալ ու թոռնիկներին վերադարձնի իր բնակած հանրակացարանային մեկ սենյականոցը։

Փառք Աստծո, բարի մարդկանց շնորհիվ նրանք հիմա բնակարան ունեն։ Հացադուլի օրերն էին, երբ նոյեմբերի 24-ի գիշերը, պատերազմի ավարտից 15 օր անց միայն, փոխհամալրում ստանալուց հետո, Արցախի հյուսիսային հատվածից վերադարձան մեր դաշնակցական կամավորները։ Գիշերը հասել էին Երևան ու Արամ Մանուկյանի արձանի մոտ իջել: Այնտեղից էին նրանք սեպտեմբերի 27-ին մեկնել առաջնագիծ։ Երիտասարդականի մեր ընկերները, որդիս էլ նրանց հետ, կեսգիշերն անց եկան կառավարության շենքի դիմաց։ Շենքն հսկող ոստիկանները նրանց զինվորական հանդերձանքից շատ էին վախեցել։

Այդ օրերին հացադուլը դադարեցնելու բազում հորդորներ եղան, բայց չէինք տարհամոզվում։ Դժվար էր հատկապես 44-օրյայի մեր դաշնակցական կամավոր, Պռոշյանի խմբի տղաների հետ Վարանգաթաղի ազատագրման ժամանակ նահատակված Արշակ Մեսրոպյանի հորը մերժելը։ Հատուկ հասել էր Երևան։

Մեկ օր էլ Վեհափառ Հայրապետն առավոտ կանուխ այցելեց մեզ։ Նրա հայրապետական հորդորը և կուսակցական որոշումը ստիպեցին, որ դադարեցնենք տասնօրյա հացադուլը։ Բայց դա պայքարի դադար չէր,  այլ՝ պայքարի մարտավարության փոփոխություն։ ՈՒ այսօր էլ այդ պայքարը չի դադարում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ