27 07 2022

Հ2-ը դատարանում հաղթել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին

Հ2-ը դատարանում հաղթել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին

Հ2-ՀՌՀ վեճը՝ այս փուլում հանգուցալուծված. դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը վճռել է․ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հօգուտ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար». հայտնում է «Առավոտը»։

Հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ: Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանն ասել է, որ Հայկական 2-րդ հեռուստաալիքը նպատակահարմար չի գտնում այս պահին մեկնաբանություն անել առանձին դատական ակտի վերաբերյալ: Ժամանակը կգա, եւ հեռուստաընկերությունը ընդհանուր, համապարփակ ու փաստարկված հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ Գուցե ասուլիս լինի. ձեւաչափը կորոշեն եւ ամեն ինչ փաստարով, մանրամասներով կներկայացնեն հասարակությանը:

Հիշեցնենք՝ Հայկական 2-րդ հեռուստաալիքը 2021թ հունվարին եթերազրկվել էր․ հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել, հունիսին էլ չէր հաղթել մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթում: Հ2-ը դիմել էր դատարան` ՀՌՀ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Վարչական եւ վարչական վերաքննիչ դատարաններում հեռուստաընկերության հայցը բավարարվել էր։ ՀՌՀ-ն եւս դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ ատյանի վճիռը, սակայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ