21 11 2016

Երևանի տոնական տեսքն այս տարի համեստ կլինի

Երևանի տոնական տեսքն այս տարի համեստ կլինի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունը, քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը:

«Ինչպես գիտեք, դեռ մայիս ամսին վերանայեցինք այս տարվա բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Այդ ժամանակ էլ շեշտել էի, որ այդ վերանայումը կանդրադառնա հատկապես մշակութային խոշոր միջոցառումների համար նախատեսված գումարների վրա: Ամանորի տոնական միջոցառումները ևս այդ շարքում էին և, ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման ծրագիր: Նաև նկատի ունեցեք, որ պետք է հիմնականում ուշադրության կենտրոնում պահենք սոցիալական ուղղվածության ծրագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել ծրագիրն ամբողջացնելուց հետո այն ներկայացնել հանրությանը:

Վարչական շրջանների ղեկավարներին, Երևան քաղաքի գլխավոր դիզայներին, արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է սկսել մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն ու սահմանված ժամկետում ապահովել Երևանի տոնական տեսքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ