Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը՝ կառավարությունն ընդունել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող որոշում: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգավորել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված և բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրները: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2018 թ. տարեվերջի դրությամբ շահառու ճանաչված 5396 ընտանիքից 2008-2017 թթ.-ին՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: 2018 թ. պետբյուջեով հատկացված 458.0 մլն դրամի հաշվին մինչև 2019 թ. դեկտեմբերի 1-ը կլուծվի ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում թվով 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույց բնակելի տների ավարտման միջոցով: 2019 թ. պետբյուջեով հատկացված 560.0 մլն դրամի հաշվին լուծման ընթացքում է գտնվում ծրագրի շահառու ճանաչված 61 ընտանիքի բնակարանային խնդիր (24-ը՝ կիսակառույցների ավարտման, 22-ը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման, 15-ն՝ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով):
Մնացած 453 ընտանիքների շրջանում նրանց կողմից նախընտրելի բնակապահովման տարբերակի (բնակարակային շինարարություն կամ վկայագրի տրամադրում) վերաբերյալ հարցում կազմակերպելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել և ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին է ուղարկվել համապատասխան հարցման թերթիկ և ձևաչափ: Միաժամանակ, հարցման ընթացքում քաղաքացիներին կողմնորոշիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով հաշվարկվել է նաև ընտանիքներին հասանելիք ֆինանսական աջակցության հաշվարկային չափը: Հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել 1,291,572.0 մլրդ դրամ:
Անդրադառնալով ծրագրին՝ վարչապետը մի քանի արձանագրումներ է արել. «Այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 453 ընտանիք, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունը՝ բնակարանով ապահովելու, դե յուրե արձանագրված է: Մենք, բնականաբար, քաղաքական խնդիր էինք դրել, որ հնարավորինս արագ լուծենք մեր հայրենակիցների հարցը, և նաև 2020թ. բյուջեում մենք այս նպատակով հատկացվող գումարները մոտավորապես 6 անգամ ավելացրել ենք, 400 մլն-ից ավելի շատ ենք ավելացրել: Մյուս տարի նախատեսված է 3 մլրդ դրամ այդ նպատակի համար»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեմային նվիրված խորհրդակցությունների ժամանակ ներկայացվել է տեսակետ, թե այս քաղաքացիների խնդիրը բնակարանների գնման վկայագրերով լուծել չի լինի. «Եկանք պարզ լուծման՝ եկեք իրենց հարցնենք, ինչու ենք այստեղ փակ քննարկման արդյունքում որոշում, թե ինչ լուծում պետք է լինի: Արդյունքները, անկեղծ ասած, այդ քննարկումները որ ես հիշում եմ, սենսացիոն են, որովհետև այնտեղ կարծիքը, կանխատեսումն այն էր, որ այս տրամաբանությամբ շատ քիչ թվով մարդիկ կարող են ցանկություն հայտնել: Հիմա, ըստ էության, այդ քաղաքացիների ուղիղ կեսը ցանկություն է հայտնել, որպեսզի բնակարանների գնման վկայագրով ձեռք բերի բնակարան: Սա շատ լավ նորություն է»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղական համայնքների խնդրի լուծման հետագա ռազմավարությանը: «Մեր խնդիրը պետք է լինի ապահովել Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը, որը, ըստ էության, Շիրակի մարզի աղքատության հաղթահարման միակ գործիքն է: Մեր կայացրած որոշումներով արդեն տնտեսական որոշ ակտիվություն նկատվում է, նաև արտաքին տնտեսական գոտու ստեղծման և գործունեության համատեքստում կընդլայնվի: Գիտեք, առաջիկայում «Ryan Air»-ը չվերթներ է սկսելու Գյումրի ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողությունները պետք է միտված լինեն Գյումրիի ռազմավարական զարգացման հեռանկարին: Այս հարցը շատ բազմաթիվ նրբություններ ունի, այս հարցին պետք է շատ նուրբ մոտենալ , բայց նաև չպետք է տեղում կանգնած մնալ, պետք է քայլ քայլ հաստատակամ, վճռական քայլերով գնանք առաջ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, իսկ պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը