15 03 2022

ԱԺ հանձնաժողովներում մեր պատգամավորների ռոտացիան ուղղված է նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը․ Ագնեսա Խամոյան

ԱԺ հանձնաժողովներում մեր պատգամավորների ռոտացիան ուղղված է նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը․ Ագնեսա Խամոյան

NEWS.am-ը գրում է․

««Հայաստան» խմբակցության պատգամավորների ռոտացիան մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովներում կապված է բացառապես մեր պատգամավորների մտավոր ներուժը հանուն ընդհանուր գործի առավելագույնս օգտագործելու եւ հանձնաժողովներում նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հետ։ Այս մասին մարտի 15-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Պատգամավորը հաստատեց, որ փոփոխությունների արդյունքում կզբաղեցնի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ​​հանձնաժողովի անդամի պաշտոնը, իսկ Պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​հանձնաժողովում Արթուր Ղազինյանին կփոխարինի Աննա Գրիգորյանը, ով քաջատեղյակ է Սյունիքի խնդիրներին եւ պատրաստ է իր հնարավորություններն օգտագործել աշխատանքում: 

Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է «Հայաստան» խմբակցության վերջին արտագնա նիստին, եւ այն չպետք է զարմանք առաջացնի, դա բնական գործընթաց է։

«Իսկ Արթուր Ղազինյանի՝ Պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի կազմում լինելու որոշումը պայմանավորված էր 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանքներին նրա մասնակցությամբ։ Սակայն, հաշվի առնելով իշխանությունների պահվածքը, որոնք ձախողեցին Ղազինյանի՝ Պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելը եւ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանքը աբսուրդի վերածեցին, մեր պատգամավորը ոչ նպատակահարմար համարեց շարունակել աշխատանքն այս հանձնաժողովում»,- ընդգծեց նա։

Խամոյանը հիշեցրեց «Հայաստան» դաշինքի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող 9 հոգուց կազմված անկախ հանձնաժողով ստեղծելու այլընտրանքային նախաձեռնության մասին:

«Իշխանություններն այս նախաձեռնության հետ կապված իրենց որոշմամբ ցույց կտան՝ արդյո՞ք իսկապես ցանկանում են բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները, թե՞, դեմ քվեարկելով, ցանկանում են արդարացման ակտի հասնել»,- հավելեց պատգամավորը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ