Ալեն Սիմոնյանը ոնց լայքի և շեֆերին հաճոյանալու (տարբեր ժամանակներում՝ տարբեր շեֆերի) համար ստատուս գրող կար՝ այդպես էլ մնացել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ժամեր առաջ արած ֆեյսբուքյան այն գրառմանը, թե Հայաստանը գտնվում է «իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում», իսկ այդ պահին ընդդիմությունն իր հրաժարականն է պահանջում:
«Նաև այն պատճառով, որ առանց «Պատիվ ունեմ» խմբակցության գրավոր որոշումը (որը մենք ներկայացնելու էինք երկուշաբթի օրվա ֆրակցիայի նիստին) ստանալու, ենթադրում եմ, հիմնվելով Պետրոս Ղազարյանի ԴԵՌ ԵԹԵՐ ՉԳՆԱՑԱԾ հաղորդման ժամանակ հնչեցրածս կարծիքի վրա ստատուս է գրում՝ փորձելով իր պաշտոնանկության հարցը որպես պետությանը սպառնացող վտանգ ներկայացնել։
Հետաքրքիր է, իսկ Հունաստանում պարելիս կամ «խնայողությունների» հաշվին թանկարժեք մեքենա գնելիս էլ էր մտածում պետությանը սպառնացող վտանգի մասին:
Պետությանը սպառնացող վտանգը հենց ձեր նմանների կակիստոկրատիան է: Ու մեծ հաշվով Ալեն Սիմոնյանը իր խոսքի արժեքը գիտակցելու, լրջանալու խնդիր ունի. գերիների նկատմամբ «մեղադրական դատավճիռ» կայացնելուց ու նրանց դասալիք հռչակելուց հետո, երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուց հետո, միակ ճիշտ քայլը կլիներ գոնե լռելը:
Իսկ ինչ վերաբերվում է սահմանին առկա կրակոցներին, ապա պետք է նշեմ՝ քանի ձեր իշխանությունը պետության ղեկին է, սահմանին անընդհատ կրակելու են, անընդհատ նոր զոհեր և գերեվարման դեպքեր են գրանցվելու․ Հայաստանը շարունակելու նոր տարածքներ կորցնել»,- գրել է Մամիջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան. Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը