27 10 2021

ԱԺ հայտարարության նախագիծը Հայաստանի և Արցախի շուրջ վիճակի մասին, որը ՔՊ-ն մերժեց



Նախագիծ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

         Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 98-րդ և 123-րդ հոդվածները, ինչպես նաև 26.10.2021թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող վիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքները, 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.

Դատապարտում է՝

ա) Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնամասշտաբ զինված ագրեսիան։

բ) Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նաև դադարումից հետո գերեվավարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները,պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները, 

գ) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը,

դ) Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը  կամ այն գործադրելու իրական սպառնալիքները,

ե)  Ադրբեջանի ռազմաքաղական և հանրային շրջանակների կողմից հայատյացության չդադարող հռետորաբանությունը, միջազգային հանրությանը միակողմանի և խեղաթյուրված տեղեկատվության ներկայացումը:

Արձանագրում է, որ

ա) Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով Հայաստանի ու Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով:

բ) Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, և որ սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցով՝ Միավորված Ազգերի Կազմակերպության «Միջազգային պայմանագրերի իրավունքի  մասին» 1969թ. Վինեայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, ի թիվս այլ դեպքերի՝ առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն:  

գ) Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափով:

Առաջնորդվում է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանարապետության Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ, ըստ որի՝

ա) Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն սատար է կանգնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:

բ) Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Գտնում է, որ

ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում,

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ միջազգային-իրավական պարտավորություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները,

գ) Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը,  չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է,

դ) Uti possidetis սկզբունքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերը համաձայնում են այն ընդունելու որպես սահմանազատման հիմք: 

ե) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման: 

Պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից.

ա) Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով:

բ) Ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական տարբեր ձևաչափերով ապահովել Ազգային ժողովին հավաստի տեղեկատվության տրամադրումը: Զինված ուժերի բարեփոխումների և առհասարակ անվտանգային համակարգին վերաբերող հարցերում լինել հնարավորինս հրապարակային, քննարկման դնել ինչպես մասնագիտական, այնպես էլ խորհրդարանական տարբեր ձևաչափերով:

գ) Առաջնագծում ապահովել անվտանգության անհրաժեշտ ամրաշինական-ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համակարգերը: Արագացնել անվտանգության համակարգի վերափոխումների և արդիականացման գործընթացն այն համահունչ դարձնելով հետպատերազմական շրջանի սպառնալիքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին։

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ։

27.10.2021թ.

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց հայտարարության նախագիծը՝ չմասնակցելով քվեարկությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ