04 10 2021

Արցախի նախագահականում պատերազմի ժամանակ եղել են մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը․ Ռոբերտ Քոչարյան



Ես կարող եմ եզրակացություններ անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում եմ։ Փաստերը հետևյալն են․ Ջեբրայիլից մինչև Շուշի՝ Ջեբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, հասել են մինչև Քարին տակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես բացատրությունը չունեմ, թե ինչու: Հարցրել եմ տարբեր զինվորականների: Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղությամբ պատասխանատու: Երբ այս ամենը համադրում ես, դու տեսնում ես, որ կամ եղել է ուղղակի ապուշության գագաթնակետը, կամ եղել է, այո, դավաճանություն: Դավաճանությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Այս պարագայում եղել է մի թեզ, որ տարածված էր այն ժամանակ, որ Ալիևը մինչև Շուշին չվերցնի, չի կանգնելու: Տպավորությունն այնպիսին էր, որ Շուշին վերցնելու ողջ երթուղին կամ բացում էին, կամ առնվազն չէին փակում: Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնավորություն»,-հայտարարեց նա:

Երկրորդ նախագահը հիշեցրեց նաև նախկինում իր հնչեցրած այն կասկածը, թե ինչու Արցախում նախագահական շենքի վրա Ստեփանակերտում, 300 մետր շառավղով ոչ մի արկ չի պայթել, մեկ ջարդած ապակի այդ շենքի վրա չկար, այն դեպքում, երբ Ստեփանակերտը դաժանաբար հրթիռակոծվում էր։

«Ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ ում էին խնայում: Ինձ համար անհասկանալի է, որ այդ քանակով մեր շարասյուները օդից ուղղակի ոչնչացնում էին դեռ դիրքեր չհասած: Կարող էր լինել 1-2 դեպք, բայց այսպիսի սիստեմի վերչածված գործողություններն ինձ մոտ հարցեր են առաջացնում: Ես չեմ կարծում, որ իրենք խնայում էին Արայիկ Հարությունյանին: Արայիկ Հարությունյանն այն ժամանակ հայտարարում էր, որ Գյանջայի հրետակոծումն իր հրամանով է եղել: Ես կարծում եմ, որ այդ շենքում եղել են ամբողջ պատերազմի ժամանակ մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը: Ադրբեջանն ուներ գերճշգրիտ զենքեր, որով կարող էին 100 կմ հեռավորության վրա Զաբուղի կամուրջ ոչնչացնել, և այդ շենքը չեն կարողացել թիրախավորե՞լ: Դա ծիծաղելի է, այդպես չի լինում: Կան մեծ կսկածներ, որոնք մինչև չփարատվեն, մեր երկրում հանգստություն չի  լինելու», նկատեց Ռոբերտ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ