31 08 2021

Խնդրի երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանի դելիմիտացիայից և դեմարկացիայից հետո. Լավրով

Խնդրի երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանի դելիմիտացիայից և դեմարկացիայից հետո. Լավրով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ Անդրկովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդման խնդրին։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Լավրովն ասաց, որ բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես քաղաքական, դիվանագիտական մեթոդներով, իսկ խնդրի երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանի դելիմիտացիայից և դեմարկացիայից հետո։ Այդ հարցում, նրա խոսքով, ՌԴ նախագահի նախաձեռնությունը բոլորին հայտնի է, և Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը քննարկվել է դրա արագ իրականացման ընթացքը։

ՌԴ վերահաստատել է ամեն կերպ այդ գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը։

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը:

Միրզոյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր են կատարում կանոնավոր շփումները բարձրագույն և բարձր մակարդակով, որոնք թույլ են տալիս համաձայեցնել ռազմավարական առաջնահերթությունները, կառուցողականորեն կարգավորել արդիական հարցերը, սերտորեն համաձայնեցնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ:

«Դա հատկապես կարևոր է արագ փոփոխվող միտումների և իրավիճակի ֆոնին, որը ձևավորվել է մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարություն է, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն ծավալել այդ ուղղությամբ, սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, որը մեծամասամբ բնորոշվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ փաստել, որ Բաքուն չի կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարութմաբ իր ստանձնած պարտավորությունները», - ասել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ ադրբեջանական կողմը շարունակում է «անմիջական ոտնձգություններ թույլ տալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչին բախվում ենք սույն թվականի մայիսի 12-ից»:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Բաքուն հրաժարվում է կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ ռազմագերիների և պահվող անձնանց վերադարձնելու հարցով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ