05 05 2021

Ոստիկանության աշխատողներն իրենց բուն գործառույթը հարկադրված թողնելով, անելիքը տեսնում են միայն մեկ անձի անվտանգությունը պաշտպանելու մեջ

Ոստիկանության աշխատողներն իրենց բուն գործառույթը հարկադրված թողնելով, անելիքը տեսնում են միայն մեկ անձի անվտանգությունը պաշտպանելու մեջ

Վերջին մեկ-երկու տարում հանրապետությունում կտրուկ փոխվել է քրեածին իրավիճակը, հատկապես հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ է արձանագրվել։ Միայն այս երկու շաբաթում հրազենի գործադրմամբ սպանություններ են եղել Վայքում, Վաղարշապատում, որը լրագրողներն առանձնակի դաժանության պատճառով հասցրել են համեմատել հոլիվուդյան մարտաֆիլմերի հետ։ Այս մասին ասված է «ԱԱԾ պահեստազոորի սպաների միության» տարածած հայտարարության մեջ:

«Հրազենի գործադրմամբ սպանության փորձ է արձանագրվել երևանյան հայտնի Թոխմախի գերեզմաններ կոչված մասում։ Դեպքի առնչությամբ շրջանառվում են Շենգավիթի ու Մալաթիա-Սեբաստիայի թաղապետերի անունները, ովքեր շտապեցին հայտարարել, որ հիշյալ վայրում գիշերային այդ ուշ ժամին իրենց հայտնվելն իբր պատահականության արդյունք է։ Ավելորդ չհամարենք նկատել, որ նշված դեպքից օրեր առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր եղել առ այն, որ Շենգավիթի թաղապետի ավտոմեքենայի վրա առկա են հրազենային վնասվածքներ։  Եղածի առանձնակի վտանգավորությունն այն է, որ հնարավոր է, փորձ է արվում թաքցնել, կոծկել գործի իրական հանգամանքներն ու մասնակիցների անունները:

Քրեական ռազբորկաների մարտադաշտի վերածվող Հայաստանում այսօրինակ իրավիճակն արդյո՞ք հետևանք չէ նրա, որ  ոստիկանության մեր գործընկերներն իրենց բուն գործառույթը հարկադրված թողնելով, անելիքը տեսնում են միայն մեկ անձի անվտանգությունը պաշտպանելու մեջ, զբաղված են խաղաղ ցույցերի մասնակիցներին, այդ թվում և հայ կանանց, մայրերին ու աղջիկներին «ասֆալտին փռելով», ոստիկանության բաժիններ տանելով։ Չենք կարծում, թե այս գործելաոճը պիտի լիներ հայ ոստիկանության կոչվածությունը»,- ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ