01 03 2021

Մի գլխատեք բանակը. Ավետիք Չալաբյան

Մի գլխատեք բանակը. Ավետիք Չալաբյան

Մի գլխատեք բանակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հանրային գործիք Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի 26-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ վերադարձրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առերևույթ հակասահմանադրական, և ըստ էության աղետաբեր առաջարկությունը։ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման սկզբից ի վեր, սա առաջին և միակ այդպիսի գործողությունն է, մինչ այդ նա ստորագրել է իրեն ներկայացված կադրային փոփոխությունների ցանկացած առաջարկ, նույնիսկ առավել հակասականները։ Այս աննախադեպ քայլը, սակայն, հստակ բացատրություն ունի՝ Օնիկ Գասպարյանին հեռացնելով պաշտոնից, ոչ թե պարզապես անձի խնդիր է լուծվում, այլ գլխատվում է ողջ հայոց բանակը, որի ղեկավարությունը իր միահամուռ ընդվզումն էր արտահայտել քաղաքական ղեկավարության ապաշնորհ և արկածախնդիր գործելաոճի դեմ։

Թվում է, թե ՀՀ Նախագահի կտրուկ խոսքը պետք է սթափեցնող լիներ մինչ այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի համար, և նա իր իսկ ձեռքով հրահրած ճգնաժամից պետք է փորձեր խելամիտ փոխզիջումային ելքեր որոնել։ Սակայն արի ու տես, որ նա նույնիսկ ժամանակ չվերցրեց վերլուծելու նախագահի ուղերձը, տառացիորեն մեկ ժամում հետ ուղարկեց նրան իր աղետաբեր առաջարկը, և շտապեց իր կողմնակիցներին հրավիրել հանրահավաքի՝ այն էլ չարագուշակ մարտի 1-ի օրը։ Այս հանրահավաքի նպատակը մեկն է՝ ճնշում գործադրել բանակի, նախագահի և հեռանկարում նաև Սահմանադրական դատարանի վրա, և ավարտի հասցնել Հայոց բանակի գլխատման կործանարար, և մեծ հավանականությամբ մեր ոխերիմ թշնամիների կողմից խրախուսվող պլանը, որոնց համար հայոց բանակը կոկորդին նստած ոսկոր է։

Ցանկացած քաղաքացի, որն այսօր միամտություն կունենա մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, պետք է հիշի, որ այսօր նա այլևս դուրս չի գալիս նախկինների դեմ, կոռուպցիայի ու թալանի դեմ, ընտրակեղծարարության դեմ՝ այսօր նա դուրս է գալու սեփական բանակի դեմ։ Բանակի, որն ամենաժողովրդական կառույցն է այսօր, որի ղեկավարների ճնշող մեծամասնությունն այսօր պարկեշտ, իրենց կյանքը երկրի պաշտպանությանը նվիրած, դրա համար նաև սեփական արյունով հատուցած մարդիկ են։ Բանակի, որն մեր պետության ողնաշարն է, որի կազմալուծման մասին են երազում մեր թշնամիները, որոնք պատերազմի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացան դրան հասնել, իսկ հիմա փորձում են դա անել իրենց ներքին կամակատարների ձեռքով։

Մնալով առանց մարտունակ բանակի, մենք կմնանք մերկ ու անպաշտպան, և հաջորդ անգամ թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա։ Ուստի եթե մտածում եք ձեր և ձեր երեխաների վաղվա օրվա մասին, այսօր ձեր գործողություններով մի գլխատեք մեր հայոց բանակը։ Թող քաղաքական գործիչները իրար մեջ հարաբերություններ պարզեն, ի վերջո դրա համար կան ընտրություններ, իսկ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից, լծվի իր կարողությունների վերականգման և հզորացման գործին, պաշտպանի մեր բոլորիս խաղաղ կյանքի իրավունքը։ Այսօր, մարտի 1-ին, մեզնից յուրաքանչյուրս կանգնած է ընտրության առաջ, և ես կոչ եմ անում այդ ընտրությունը կատարել հոգուտ մեր հերոսական բանակի և մեր անվտանգ ապագայի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ