15 02 2021

Այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ. Իշխան Սաղաթելյան

Այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ. Իշխան Սաղաթելյան

Շարժումը շարունակվում է, ամսի 20-ին կլինի մեծ հանրահավաքը, դրանից հետո կլինեն բողոքի, անհնազանդության ակցիաներ  Երևանում եւ Երեւանից դուրս: Այս մասին,  փետրվարի 15-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Քանի այս իշխանությունը կա, մենք ամեն առավոտ նոր իրողության առջեւ ենք կանգնելու: Այս երեք ամսվա մեջ բազմաթիվ անգամ դրա ապացույցը տեսել ենք: Հիմա էլ ասում եմ, առաջիկայում այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ: Ես ենթադրում եմ, որ հիմա Դավիթ Բեկի հետ կապված կրկին լուրջ մտահոգություն ունենք, ոնց որ ժամանակին ասում էինք Շուռնուխի, Որոտանի մասին»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ իր ձեռքի տակ փաստաթուղթ չկա, բայց կա տեղեկություն, որ հիմա նման հարցեր քննարկվում են: «Մենք պետք է երկրում ստեղծենք համընդհանուր անհնազանդության մթնոլորտը, որ պարալիզացնենք քաղաքը եւ հեռացնենք իշխանություններին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ԲՀԿ-ն առանձին կմասնակցի, իսկ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, արդյոք այստեղ չկա հակասություն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանն ասել է՝ եթե լինեն ընտրություններ, ԲՀԿ-ն մասնակցելու է ինքնուրույն, ինչը ես նորմալ եմ գնահատում: Նկատի ունեցեք, որ շարժմանը անդամակցող կուսակցությունները բացի չարիքի կառավարությանը հեռացնելուց, եւ այն ճանապարհային քարտեզից, որը հրապարակել են, դրանից զատ նրանք միմյանց նկատմամբ որեւէ պարտավորություն կամ պայմանավորվածություն չունեն: Իրենք ազատ են իրենց գործողությունների մեջ: Հետեւաբար, եթե լինեն ընտրություններ, ով ինչ կանի, դա կուսակցությունների ինքնուրույն որոշելիքն է»:

Նա հավաստացրեց, որ պառակտում շարժման մեջ չկա:

Սաղաթելյանի խոսքով, Շարժման անդամ կուսակցություններից որեւէ մեկը դեմ չի արտահերթ ընտրություննրին. «Մենք դեմ ենք, որ այդ ընտրությունները կազմակերպի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Նա իրավունք չունի ընտրություններ կազմակերպելու»:

Հարցին, թե ո՞վ իրավունք ունի կազմակերպել ընտրություններ՝ հաշվի առնելով, որ ժողովուրդն է տալիս այդ իրավունքը, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենց վարչապետի թեկնածուն այդ իրավունք ունի. «Փաշինյանի հեռանալուց հետո ընտրություն կլինի, կրկին ժողովուրդը կորոշի, եթե կրկին կգնա իրեն կընտրի, խնդիր չկա, ես, օրինակ, քաղաքականությունից դուրս կգամ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ