05 06 2020

Ելնում ենք կանխավարկածից, որ գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան

Ելնում ենք կանխավարկածից, որ գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց․

«Այն, որ մենք այսօր որոշում չենք կայացրել պարետային ժամ եւ սահմանափակումների ռեժիմի վերադառնալու վերաբերյալ, դեռ չի նշանակում, որ վաղը այդ որոշումը չենք կայացնելու:  Որեւէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է 100 տոկոսով համոզված լինենք, որ այդ որոշումը եւ այդ որոշման կատարման որակը բերելու է որոշակի արդյունքների: Հայաստանում, որտեղ ինձ համար անակնկալ կերպով բացահայտեցինք, որ կա ընդհատակյա կյանք, սկսած ընդհատակյա հարսանիքներից, վերջին զանգերից, խնջույքներից, այլ ռեժիմներում էլ այդ ընդհատակյա կյանքը կարող է շարունակվել նույն տրամաբանությամբ եւ մենք ունենանք նույն խնդիրները»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր եւ առայժմ դեռ ծանրանում է. «Բայց ես հավատում եմ, որ մենք մեր անհատական վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը»:

«Պարետատան այսօրվա նիստում շատ բուռն քննարկում է կայացել։ Խոսքը մեր հետագա անելիքների վերաբերյալ է, ես չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում տոտալ արգելափակումների փոլ մտնելու տարբերակը, այդ թվում նաեւ պարետային ժամ հայտարարելու տարբերակը, նաեւ տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակը:  Ես այդ քննարկումների ժամանակ ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որեւէ մեկի կապակցությամբ: Որովհետեւ մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լիենք, որ դրանք լուծելու են մեր խնդիրները: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետեւյալն է, դա հիմնավորող եւ ապացուցող որեւէ տվյալ չկա: Որեւէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, այլ ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին, նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին:

Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի վարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, տարբեր տեմպերով եւ հետեւաբար, այս առումով անորոշությունները շատ են»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իր պատկերցրած հիմնական լուծումը անհատական վարքի փոփոխությունն է. «Ենթադրենք, ինչ-որ հրաշքով վարչական լծակներով կորոնավիրուսի վարակի ցուցանիշը վարչական լծակների օգնությամբ դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, եւ եթե անհատական վարքագծի կուլտուրան չի փոխվում, ի վերջո, էն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարկված մարդիկ գալու են Հայաստան եւ մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»,-ընդգծեց վարչապետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ