23 05 2020

Մաքսանենգ ծխախոտի նոր ինքնաթիռ է գնացել ՀՀ կողմից չճանաչված Աբխազիա․ Միքայել Մինասյան

Մաքսանենգ ծխախոտի նոր ինքնաթիռ է գնացել ՀՀ կողմից չճանաչված Աբխազիա․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում նշել է․

«Կային ժամանակներ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր հասցրել ընկերանալ Ադրբեջանի «կիրթ և կառուցողական» նախագահի հետ։ Այդ ժամանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր փորձում Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովրդի շահերը հավասարեցնել, նա նկարագրում էր ԵԱՏՄ-ն որպես թշնամի կառույց, և ասում էր՝ Հայաստանի ԵԱՏՄ-ացումը իրականում ադրբեջանացում է։

Ժամանակները փոխվեցին, և Նիկոլ Փաշինյանը պետք է որոշեր՝ ով է ներկայացնելու Հայաստանի շահը և ով Հայաստանի քվոտայով նշանակվի ԵԱՏՄ նախարար, նշանակեց Արտակ Քամալյանին, ով երբեք չի աշխատել ՀՀ-ում, չի եղել ՀՀ քաղաքացի։ Արտակ Քամալյանը մեծացել է, աշխատել է և իր ամբողջ հասուն կյանքի գործունեությունն անցկացրել է հայկական բիզնեսի կենտրոն դարձած ռուսական քաղաքում՝ Վորոնեժում»։

Մինասյանն ասաց՝ իր արած հայտարարությունները 100 տոկոսով համապատասխանում են իրականությանը, և սպասում էր, որ ժողովրդին դրանց վերաբերյալ որևէ բացատրություն կտրվի։
«Ընտանիքը, որը մինչև կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլև մունաթ է գալիս ժողովրդի վրա»,-նշեց նա՝ հավելելով, թե երբ վարչապետն ասել է, որ այլևս ոչինչ չի հերքելու, նկատի է ունեցել հետևյալը․ «Լավ եմ անում, ինչ անում եմ, թքած ունեմ ձեր կարծիքի վրա»։

Միքայել Մինասյանը հայտնեց ՝ ՀՀ-ից ծխախոտով բեռնված նոր ինքնաթիռ է գնացել Սոչի, այնտեղից էլ՝ ՀՀ-ի կողմից չճանաչված Աբխազիա. «Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով բեռնված նոր չվերթն է գնում դեպի Սոչի, այս անգամ արդեն Վորոնեժի դասերը քաղել են, սակայն մի նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, և ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ փող աշխատելու մոլուցքն անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրանանգները կատարել, Աբխազիայի կողքին ավելացնում են ստորակետ, Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական պրոբլեմ:

Իսկ ինչո՞ւ Աբխազիա, որովհետև Աբխազիան գտնվում է Սոչիի օդանավակայանից 1 ժամ հեռավորության վրա, փաստաթղթերում գրում են օդանավակայան Ադլեր, իսկ ապրանքը պետք է գնա Աբխազիա»,- նշեց Մինասյանը և հավելեց, որ այս կերպ նրանք ոչ միայն հայ ժողովրդին խայտառակ են անում, այլև մտցնում են պրոբլեմների մեջ ռուսների, աբխազների ու վրացիների հետ իր ընտանիքի բիզնեսի համար: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ